«Պատմության մեջ Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ միասին միշտ ուզեցել է անել ամեն ինչ, որ այս տարածաշրջանում Թուրքայի կշիռը լինի ֆունդամենտալ, Թուրքիան լինի հարց լուծող պետություն, եւ լինի նաեւ իրենց պատկերացմամբ՝ գաճաճ երկիր Հայաստանը։ Բոլթոնն էլ եկավ եւ ասաց, որ պետք է կաղապարներից ազատվել, եւ ամեն ինչն արդեն վերջնական փուլ մտավ։ Իրենք գիտեին, որ լինելու է պատերազմը։ Բրիտանիան ու Թուրքիան գտան մարդ, որը պատրաստ է իրենց հետ զոհաբերել ամբողջ հայ ազգը, միայն թե կատարվի այն պլանը, որը նախագծվել էր։ Եվ իրենք դրա համար այստեղ ունեն սեփական մարդիկ, ունեցել են նաեւ երեսուն տարի առաջ»,- «Հայելի» ակումբում նշեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։
«Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ կանգնում, ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին, բայց անցնում է երկու տարի, ինքն ամեն ձեւով խուսափում է ներկայացնել, թե այդ ինչ ինֆորմացիա էր։ Այսինքն, ինքը հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ իր դեմ։ Փաստորեն, ստացվում է՝ դու գիտես փաստեր քո թշնամի երկրի մասին, որը քեզ ուզում է ոչնչացնել, բայց դրա մասին չես խոսում․․․Դու գիտես հանցագործության մասին, որն ուզում է իրականացնել Ալիեւը, ու դու դրա մասին չես ասում։ Կամ գիտես մի ձեւ, որը կտրաքացնի թշնամու երկիրը ու չես անում դա, դրա պատասխանը չի տրվում։ Հիմա նույնն էլ այսօր Ղարաբաղից հրաժարվող Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասի, թե ոնց եղավ, որ ժամանակին Ղարաբաղի անվան տակ եկավ իշխանության․․․Դրա համար էլ հետագայում «Ղարաբաղ» կոմիտեից ոչ ոք իր կողքին չմնաց»,-ասում է Դավիթ Սահակյանցը։
Մուլտիպլիկատորը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը փոքր-ինչ մտածեր Հայաստանի մասին, ինչպես ուկրաինացիները՝ Ուկրաինայի, կամ ռուսները՝ Ռուսաստանի, հրադադարի խախտումից հետո միջոցներ ձեռք կառներ, օրինակ՝ կխփեր Մինգեչաուրի ջրամբարին, քանի որ ուրիշների նման միջուկային զենք չունենք․ «Փոխարենը Մինգեչաուր կա, հազար ու մի բան կա, բայց ընդհակառակը, իրենք Հայաստանին ագրեսոր մատուցելու համար խփում են Գյանջային։ Անիմաստ մի հարված, որը միջազգային ատյանների աչքի առաջ, երկիրդ դարձնում է ագրեսոր, թեեւ ես թքած ունեմ միջազգային ատյանների վրա․․․Ու Հայաստանի նողկալի, վախկոտ կենդանիները ամբողջ մեր պատմությունն են սարքում ագրեսորների պատմություն, եւ այդ միտումը շարունակվում է հիմա՝ իրար պաս տալով, տեսանյութ հրապարակելով»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ