Լրահոս
Օրվա լրահոսը

«Համալիր լուծում պետք է տանք, և որտեղ կարիք կա մի փոքր կոշտ լինելու, պետք է կոշտ լինենք». Ավինյանն աշխատանքային շրջայցերը սկսում է վթարային շենքերից

Հոկտեմբեր 04,2022 13:45

Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը  քննարկումներից  կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթը բնակիչների անվտանգությունն է:

«Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք վթարայնության աստիճանով հասել են մի մակարդակի, որն իրապես անվտանգ չի բնակիչների համար:Այսօր մենք այցելել ենք Արզումանյան 10 և 17 շենքեր, որոնց առումով բավականին երկար ժամանակ քննարկումներ են լինում, բայց գործնական լուծումներ չեն տրվել, և կարծում եմ՝ այս կետից սկսած մենք ավելի գործնական լուծումների պետք է անցնենք»,-նշում է Տիգրան Ավինյանը:

Օրեցօր ավելացող ճաքեր ու թափվող քարեր. դեռևս 1960-ական թվականներին կառուցված շենքերում բնակիչները վախի մթնոլորտում են ապրում: Խնդրի լավագույն լուծումը համայնք-մասնավոր գործակցությունն է: Փոխքաղաքապետ Ավինյանը բազմաբնակարան շենքեր է այցելել հնարավոր կառուցապատողների հետ:

«Երևանում ակտիվ է շինարարության ոլորտը, ցանկացողները շատ են, և այս տեսակի շենքերի խնդիրների լուծումը նաև հնարավորություն է բոլոր կառուցապատողների համար՝ իրականացնելու իրենց բիզնես ծրագրերը: Այս պահի դրությամբ կա կառուցապատող, որը պատրաստ է իր վրա վերցնել որոշակի բեռ, քանի որ հրատապություն կա այս խնդրում, այդ պատճառով ենք այս լուծման տարբերակով գնում, բայց ընդհանուր առմամբ՝ բոլոր շենքերի առնչությամբ մենք մեծ ծրագիր ենք ունենալու և շահագրգռելու ենք բոլոր հնարավոր կառուցապատողներին, ովքեր ունեն այդ կարողությունը»,- նկատում է փոխքաղաքապետը:

Կառուցապատողները բնակիչների հետ կքննարկեն մի շարք լուծումներ: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է ընդհանուր համաձայնությունը, բայց, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, համայնքը հստակ քայլեր կանի, որպեսզի շուրջ 70 բնակարանում ապրող բնակիչների համար օր առաջ անվտանգ պայմաններ ստեղծվեն:

«Մարդիկ պետք է հասկանան, որ դա մեկ կամ երկու մուտքի խնդիր չէ, այլ ամբողջ շենքի, որովհետև, որքան հասկացա, այս շենքերում այդպիսի բաժանումներ կան: Մենք համալիր լուծում պետք է տանք, և որտեղ կարիք կա մի փոքր կոշտ լինելու, պետք է կոշտ լինենք: Այսպես թե այնպես, այս շենքերը պետք է ճանաչվեն գերակա շահ, որովհետև դրանք արդեն վտանգված են և բնակիչները պետք է տարհանվեն: Իհարկե, ցանկալի է միշտ առաջ գնալ նորմալ լուծումների փնտրտուքով, բայց որտեղ պահանջները խելամիտ չեն լինի՝ զուգահեռաբար կգնա գործընթացը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի հ. 41 մանկապարտեզը ևս վթարայնության խնդիրներ ունի: Նախագծային աշխատանքներն ընթացքում են: Պատասախանատուները նշում են՝ շենքի ամրացմանը զուգահեռ փոքրիկների համար նաև հարմարավետ պայմաններ կապահովվեն:

Շրջայցի ընթացքում փոխքաղաքապետը եղավ նաև թաքստոցային տարածքներում, ծանոթացավ բնակիչների համար ստեղծված պայմաններին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31