Քչերը կզարմանան, եթե լսեն, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական մի պետության, որտեղ վերջերս ներխուժել է իր ավտորիտար հարևանը: Բայց շատ ամերիկացիներ թերևս տեղյակ չեն, որ իրենց երկիրը դա անում է երկու այդպիսի հետխորհրդային երկրների համար՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև Հայաստանի համար, որն արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ տառապում է Ադրբեջանի ներխուժումից, գրում է ամերիկյան հեղինակավոր The Time պարբերականը «ԱՄՆ-ը կարող է զարմանալիորեն որոշիչ գործոն լինել Հայաստանի ապագայի համար» վերտառությամբ հոդվածում:
Երկու իրավիճակներն իրար հետ կապ չունեն, շարունակում է հոդվածագիրը: Հայաստանում ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածության հիմնական գործոնը Ռուսաստանի տեսանելի բացակայությունն է տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր բակը: Բայց ԱՄՆ-ը չի փորձում պարզապես Ռուսաստանին դուրս մղել հետխորհրդային Հարավային Կովկասից: Ավելի շուտ, Վաշինգտոնը կարծես թե հասկացել է, թե որքան լուրջ է սպառնալիքը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար:
Սեպտեմբերի 13-ի առաջին րոպեներին, երբ Հայաստանի արևելքում ընտանիքները դեռ քնած էին, Ադրբեջանը ծանր հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով անհիմն գնդակոծություններ սկսեց երեք տասնյակ հայկական բնակավայրերի ուղղությամբ: Երկու երկրները տասնամյակներ շարունակ ռազմական գործողությունների մեջ են եղել վիճելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ, սակայն Ադրբեջանի վարչակարգն այժմ կարծես օգտվում է իր հակառակորդի ռազմական անպատրաստությունից և նրանից, որ աշխարհը, հատկապես Ռուսաստանը, զբաղված են այլ հարցերով: Ադրբեջանը փորձեց հերքել, որ հարձակվել է Հայաստանի սահմանների վրա, սակայն հարձակումն այնքան ինտենսիվ էր, որ ՆԱՍԱ-ի հրդեհային կառավարման արբանյակները հայտնաբերեցին հսկայական ջերմային անոմալիաներ: Համաձայն Հայաստանի կառավարության պաշտոնական տվյալների՝ ընդամենը երկու օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը սպանել են ավելի քան 200 հայի, հիմնականում՝ զինվորներ։ Զավթիչների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանք քրքջում զոհված հայ կանանց անդամահատելիս և մահապատժի ենթարկում հանձնված հայ զինվորներին։
Ներխուժման հետագա մանրամասները փոխանցվել են հայաստանաբնակ լրագրողների և պաշտոնյաների միջոցով: Սեպտեմբերի 14-ին օտարերկրյա լրագրողները հայտնեցին, որ իրենք ադրբեջանական գնդակոծության տակ են հայտնվել հայկական Սոթք բնակավայրում, որի մոտակայքում ռազմական օբյեկտներ չկան: Հաջորդ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ լսումների ժամանակ Հայաստանը հայտարարեց, որ չնայած նախորդ օրվա զինադադարին, Ադրբեջանը լրացուցիչ զորքեր է կուտակում, այդ թվում՝ Հայաստանին հարավ-արևմուտքից սահմանակցող Նախիջևանի էքսկլավում: Սա կբացի ներխուժման երկրորդ ճակատը: Սեպտեմբերի 23-ին Երևանում արևմտյան դեսպանատները դեռևս գործող «ճանապարհորդական նախազգուշացումներ» էին տարածել Հայաստանի հարավ և այլ տարածքներ այցելությունների վերաբերյալ՝ ակնարկելով, որ իրենք սպասում են հետագա հարձակումների: Այդուհանդերձ, աշխարհի շատ լրատվամիջոցներ չունեն տեղում գտնվող տարածաշրջանային լրագրողներ, ուստի Հայաստանի լուրերը հիմնականում դուրս են մնացել լուսաբանումից:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 17-ին, սակայն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ ընդդեմ Ադրբեջանի «ապօրինի և մահաբեր հարձակումների» և պաշտպանություն հայկական «անվտանգության և ժողովրդավարության» այցից հետո, լիովին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը դրամատիկ վերափոխումների մեջ է և լիովին ներգրավված է, թեև, հավանաբար, միայն դիվանագիտորեն, Հայաստանի դեմ գոյաբանական սպառնալիքները կանխելու գործում։
Ջեքի Սփիըրը՝ երկու ամերիկահայ կոնգրեսականներից մեկը, որն ուղեկցում էր խոսնակ Փելոսիին, սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած հայ-ամերիկյան մեծ հավաքի ժամանակ հիշեց, որ Հայաստանում իրենց ընթրիքի հրավիրած վարչապետին ասել է, թե չի ուզում,որ ևս մեկ աղջիկ մեծանա այնպես, ինչպես որ ինքն է մեծացել՝ չցանկանալով իրեն նույնականացնել որպես հայ, քանի որ իր հայրենիքը, որն այն ժամանակ ԽՍՀԿ մաս էր, չէր երևում աշխարհի քարտեզի վրա: Ինչպես հավաքի ժամանակ հայտարարեց կոնգրեսականը, ինքը ներկայացնելու է բանաձև, որը դատապարտում և պատասխանատվության կոչ է անում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար:
Դրան նախորդել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրահայտ դեմոկրատ Ադամ Շիֆի նմանատիպ միջնորդությունը և Սենատի երկկուսակցական բանաձևը, որը ներկայացրել էին սենատորներ Բոբ Մենենդեսը և Մարկո Ռուբիոն։ Բայց այստեղ խնդիրը Կոնգրեսի ընտրությունները չեն:
Առավել կարևորն այն է, հատկապես, հաշվի առնելով, որ Կոնգրեսը պատմականորեն ուշադիր է եղել ամերիկահայ շրջանակների մտահոգությունների նկատմամբ, Սպիտակ տունն այժմ փոխակերպել է իր ավանդական «երկկողմանիական» (bothsidism) հռետորաբանությունը հակամարտության վերաբերյալ: Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու հարցում առանցքային դեր խաղաց ԱՄՆ-ը, այլ ոչ թե տարածաշրջանային հեգեմոն Ռուսաստանը: Այդ ժամանակվանից ի վեր Բայդենի վարչակազմը բազմաթիվ հանդիպումներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների համար և նրանց հետ, ինչպես անձամբ, այնպես էլ հեռախոսով, չնայած Ադրբեջանի ավտորիտար նախագահի սպառնալիքներին (որը 2003թ. նախագահությունը ժառանգելուց հետո արմենոֆոբիան դարձրել է իշխանության կոնսոլիդացման բանաձև), թե «ոչ ոք և ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել»:
ԱՄՆ-ի ներգրավվածությունը կարող է նաև անակնկալ լինել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես մաս է կազմում ՀԱՊԿ-ի: Զբաղված լինելով Ուկրաինա իր անհաջող ներխուժմամբ և զորքերի հարկադիր մոբիլիզացմամբ՝ Ռուսաստանը այսօր և՛ ի վիճակի չէ, և՛ չի ցանկանում պաշտպանել իր պայմանագրային դաշնակից Հայաստանին: Բայց 2020 և 2021 թվականներին, Ադրբեջանի կողմից ագրեսիայի նախորդ փուլերի ժամանակ, Ռուսաստանը նույնպես նախընտրեց ավելին չանել իր դաշնակցին պաշտպանելու համար, չնայած որ ուներ դրա համար ռազմական հզորություն: Թղթի վրա Ռուսաստանը ժողովրդավարական Հայաստանի անվտանգության երաշխավորն է. Իրականում Ռուսաստանը և Ադրբեջանը՝ երկու բնական վառելիքով հարուստ ավտորիտար պետություններ, շատ ավելի մոտ են. Ադրբեջանին տրամադրվող միանշանակ աջակցությունը Թուրքիայի կողմից, որը Ռուսաստանի համար դարձել է ավելի կարևոր գործընկեր արևմտյան պատժամիջոցների պայմաններում, ավելի է բարդացնում Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին։
Այսօր կարծես թե ԱՄՆ-ը գիտակցում է, որ այլ հարցերով զբաղված Ռուսաստանի ժամանակավոր բացակայությունը Կովկասում նշանակում է ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի հնարավոր ներգրավվածություն, որը նախազգուշացրել է սահմանների փոփոխության հարցում: Թուրքիա-Իրան պոտենցիալ առճակատումը, ինչը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման դեպքում, կարող է հանգեցնել անկառավարելի ապակայունացման Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս, ինչը չեն ցանկանում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ի վերջին ներգրավվածությունը Կովկասում աննախադեպ է. սառը պատերազմից հետո առաջին անգամ, այսօր տարածաշրջանում կարևորվում են Ռուսաստանից բացի այլ երկրի գործողություններ: Կհաջողվի՞ Վաշինգտոնին կանխել ժողովրդավարական Հայաստան լայնամասշտաբ ներխուժումը։ Պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ-ը այդ նպատակին հասնելու համար զոհաբերությունների գնալ, օրինակ` Հայաստանին պաշտպանական սպառազինություն վաճառել և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը, չնայած թուրքական ինտենսիվ ճնշմանը և Եվրոպայի էներգետիկ կարիքներին: Վերջին երեք շաբաթների ընթացքում Ամերիկայի միակ հրապարակային զոհաբերությունը ի պաշտպանություն հայկական գոյության, կարծես թե եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից: Սեպտեմբերի 28-ին Լին Թրեյսին վտանգի ենթարկեց իր անվտանգությունը՝ մեկնելով Սյունիք՝ Հայաստանի ամենահարավային մարզ, չնայած իր իսկ դեսպանատան նախազգուշացմանը՝ ամբողջ մարզ չայցելելու մասին:
Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թրեյսիին առաջադրելու է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչը վկայում է Թրեյսիի խիզախության և Մոսկվայի մասին ավելի խորը ըմբռնման անհրաժեշտության մասին՝ նրանց միջոցով, ովքեր առավել կախված են Մոսկվայից: Հավանաբար Վաշինգտոնը գիտակցում է, որ եթե չկարողանա ձախողել Ադրբեջանի հաջորդ ագրեսիան, Հայաստանին այլ ելք չի թողնի, քան Ռուսաստանի հետ ինտեգրումը: Մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով առաջ եկած նմանատիպ հանգամանքներն օգնեցին վերակենդանացնել փլուզված ռուսական կայսրությունը՝ ի դեմս ԽՍՀՄ-ի:
Հոկտեմբերի 2-ին, շարունակվող բռնության հավանականության պայմաններում, երբ ադրբեջանական հատուկջոկատայինները, ըստ տեղեկությունների, մոտենում էին Հայաստանի սահմաններին, Ժնևում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Թշնամական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի, հաշվի առնելով, որ Ադրբեջանի միապետը կարծես թե զսպման համար քիչ պատճառներ ունի։ Հոկտեմբերի 1-ին դեպի Եվրոպա նոր գազատարի բացման ժամանակ ԵՄ առաջնորդ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանին գնահատեց որպես «վստահելի». Եվրոպան, բախվելով Ռուսաստանին պատժելու իր վճռականության էներգետիկ ազդեցությանը, կարծես պատրաստ է քաջալերել մեկ այլ ավտորիտար ագրեսորի: ԱՄՆ-ը, գոնե հռետորաբանության մեջ, կարծես թե մի փոքր ավելի զգուշավոր է:
Արդյոք պատմությունը, այս անգամ որպես դաժան կատակ, կկրկնվի, երբ արևմտյան չիրականացված խոստումները խոցելի Հայաստանն ավելի են մոտեցնում Ռուսաստանին. դա մեծապես կախված է նրանից, թե ինչ կանի հաջորդիվ ԱՄՆ ղեկավարությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ