Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ արդեն նախկին «զինակիցները» որոշեցին, որ ես «փոքր մարդ» եմ, ում վրա կարելի է «կախել» իրենց կատարած հանցանքները եւ կեղծիքները․ Արմեն Բիլյանի դիմումը

Հոկտեմբեր 04,2022 12:46

ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սիրելի ժողովուրդ,
Ես, Արմեն Բիլյանս դիմում եմ քեզ, քանի որ հենց քո անունից, հանուն Հայաստանի Հանրապետության, ինձ բանտարկել են 25 տարով՝ միանգամայն կեղծ մեղադրանքով, իմ կողմից չկատարված հանցանքի համար։

Ես լիովին գիտակցում եմ, որ մեր երկրի և պետականության առջեւ ծառացած լրջագույն, գոյութենական հարցերի կողքին մեկ անձի նկատմամբ նույնիսկ աղաղակող անարդարությունը և այդ անձի ճակատագիրը կարող են առերեւույթ նույնիսկ տասներորդական նշանակություն չունենալ: Սակայն չի կարող ազգի համար կարեւորագույն հարցերում պետականամետ և արդար մոտեցում լինել, եթե նույն մոտեցումը բացակայում է «փոքր» հարցերի պարագայում:

Բոլոր, մեծ թե փոքր հարցերի պարագայում դու ես արդարության տերը:

2016 թվականի հուլիսի 17-ին ես մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավմանը, ինչից էլ սկսվեց այս տխուր պատմությունը։ Այն տխուր է նախեւառաջ այն պատճառով, որ զոհվեցին երեք ոստիկաններ և հետո մահացան երեք հայրենակիցներ, որոնց թվում աննման Հաց բերողը, Արթուրը:

Նրանց բոլորի ընտանիքներին ես ամբողջ սրտով վշտակցում եմ։

Ոչ պակաս տխուր է այս ամենը, որովհետեւ դա նաեւ ուրացման եւ դավաճանության, սուտ հերոսության եւ կեղծ կուռքեր սարքելու պատմություն է։ Իմ արդեն նախկին «զինակիցները» որոշեցին, որ ես «փոքր մարդ» եմ, ում վրա կարելի է «կախել» իրենց կատարած հանցանքները եւ կեղծիքները։ 2016 թ․ նախկին իշխանության եւ իմ «ղեկավար զինակիցների» միջեւ կայացած նենգ պայմանավորվածության արդյունքում հենց ինձ մեղադրեցին ոստիկան Գագիկ Մկրտչյանին վիրավորելու համար, որից հետո նա մահացավ հիվանդանոցում մեկ ամիս անց։ Այդ մեղադրանքը հիմնված էր զինված խմբի մի քանի անդամների կեղծ ցուցմունքների վրա, որոնք ստեցին, թեեւ շատ լավ գիտեին, որ այդ պահին ես անգամ ներկա չեմ եղել դեպքի վայրում։ Դատական ատյանը, հանգամանորեն ուսումնասիրելով գործը եւ համեմատելով ցուցմունքները, հերքեց այդ դեպքի հետ իմ որեւէ առնչությունը եւ հիմնովին արդարացրեց ինձ այդ մեղադրանքից։ Սակայն դա խառնեց ոմանց ծրագրերը եւ ինչ-որ գործարքի արդյունքում Դատախազությունը, առանց նոր վերաքննության, առանց որեւէ նոր ապացույց բերելու, պահանջեց Վերաքննիչ դատարանից վերահաստատել իմ մեղադրանքը, և այդ դատարանը, առանց գործը վերաքննելու, բավարարեց այդ պահանջը։

Իմ նախկին «զինակից ընկերների» իրենց «բարձ նպատակների» համար անհրաժեշտ համարեցին ոտնահարել եւ զոհաբերել իմ նման «փոքր մարդու»։

Իմ անունն ու պատկերը, ինչպես եւ Պավլիկ Մանուկյանի հիշատակումն անգամ այլեւս ջնջվեց «Սասնա Ծռերի» եւ ԱԺԲ արդարացման պահանջներից, հանգանակությունների ցուցակից, պաստառներից ու փաստաթղթերից։ Հազարավոր դոլարներ հավաքելով Սփյուռքում այդ կեղծ հերոսության պատրվակով, նրանք մի լումայով չօգնեցին իմ հիվանդ ու կուրացող մորը, հիվանդ քրոջս, էլ չեմ ասում՝ ինձ։ Ես դարձա նրանց ստի ու գործարքի քավության նոխազը։ 25 տարվա ազատազրկման անհիմն ու անարդար իմ դատավճիռը չի խանգարում նրանց խիղճն ու հանգիստը, նրանց կեղծ «հերոսական» կեցվածքը եւ մարդկանց մոլորեցնող սուտը։

Սիրելի ժողովուրդ։ Ես պատրաստվում եմ դիմել իշխանությանը եւ նոր դատախազին արդարության եւ գործիս վերաքննման պահանջով։ Բայց նախ ես դիմում եմ քեզ, որովհետեւ քո անունից է կարդացվել իմ մեղադրականը։ Իմ երկրի եւ Հայրենիքի համար ես պատրաստ եմ կրել բոլոր զրկանքները եւ կյանքս էլ տալ։ Բայց Հայրենիքի եւ հայ ժողովրդի ազատությունն ու երջանկությունը չեն կարող կառուցվել ստի եւ անարդարության վրա։ Ուստի ես խնդրում եմ իմ ժողովրդից արդարություն եւ ճշմարտություն։

Արմեն ԲԻԼՅԱՆ,
Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց,
Երեւան

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31