Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում, այդ ի՞նչ նարատիվ է, որ պետական աշխատողի աշխատավարձը չպետք է բարձրանա»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 04,2022 12:25

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների մասին» նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողների համար բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար սահմանված լրավճարը վճարելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը․ բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր նախագիծը զեկուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ այս նախագծով ՊՈԱԿ-ներում կամ նախարարությունների ենթակայության այլ կազմակերպություններում որեւէ մեկի աշխատավարձը բարձրանալո՞ւ է։ Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ խոսքը հավելավճարի մասին է, որը վերաբերում է այն աշխատավայրերին, որոնք գտնվում են 2000 եւ ավելի մետր բարձրության վրա․ «Այս պահին պետությունը սահմանված աշխատավարձին գումարում է 8000 դրամ։ Այս լիազորող նորմը կառավարությանը հնարավորություն է տալիս վերանայելու։ Այսինքն, լինի 8000 դրա՞մ, թե դրանից ավել կամ պակաս»։

Հարցի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ իր հերթին նշեց, որ սրանով աշխատավարձի բարձրացում, ըստ էության, չի կատարվում, այլ արդեն իսկ սահմանվածի իրավական հիմքերն են ամրագրում։ Զարուհի Բաթոյանը նկատեց՝ երբ նորմերի մասին նախագծեր են հաստատվում, հանրության մոտ տպավորություն կամ ապատեղեկատվություն կա, թե կոնկրետ մարդկանց աշխատավարձերը բարձրանում են․ «Կոնկրետ այս նախագծով առաջիկայում որեւէ պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողների աշխատավարձը բարձրանալո՞ւ է, թե ոչ»։

Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց․ «Սրանով պետական եւ ՏԻՄ մարմիններ համարվող եւ չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատավարձը չի բարձրանում։ Կառավարության որոշմամբ՝ նրանք արդեն իսկ ստանում են 8000 դրամ հավելավճար։ Աշխատավարձի բարձրացման մասին կխոսենք այն ժամանակ, երբ ԱԺ կգա նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը։ Շուտով գալու է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին արձագանքեց․ «Բայց ես չեմ հասկանում, այդ ի՞նչ նարատիվ է, որ պետական աշխատողի աշխատավարձը չպետք է բարձրանա։ Չեմ ընդունում, որ այստեղ պետք է այդ 8000 դրամը քննարկենք։ Մեր քաղաքացիներն են, որոնք աշխատում են։ Կարծում եմ՝ պետական ծառայողների աշխատավարձը պետք է բարձր լինի, ինչպես եւ ուսուցիչներինը, բժիշկներինը եւ մյուսներինը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31