Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրողը տանի, հարցիս պատասխանեք, Եվրոպայում ո՞նց է»․ Աղազարյանը նախատեց Վահրամ Դումանյանին ու Անդրանիկ Քոչարյանին

Հոկտեմբեր 04,2022 11:54

«Մի բան հասկանալի չէ։ Կրթության 12-ամյա համակարգը եկել է եվրոպական երկրներից։ Չգիտեմ՝ զորահավաքներն այդտեղ ինչպե՞ս են իրականացվում։ Բայց երբ ես դպրոցն ավարտեցի, 16 տարեկան էի։ 2 տարի հասունացա, մեծացա, եւ այլն, նոր գնացի բանակ։ Հիմա դպրոցն ավարտում են ու գնում բանակ»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի հեղինակած օրինագծին, որով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին, իսկ զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28՝ հաշվի առնելով, որ հանրակրթության տեւողությունը 12 տարի է։

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղից ինչ-որ բան ասաց, Աղազարյանն ամբիոնից արձագանքեց․ «Մի րոպե, ներողություն, պարոն Քոչարյան, ձեր հանձնաժողովին էլ է վերաբերում իմ ոչ բարյացակամ վերաբերմունքը։ Ի՞նչ է սա նշանակում։ Երիտասարդը 18 տարեկան է, բայց ինքը շրջանավարտ է։ Թեեւ կենսաբանորեն 18 է, բայց հոգեբանորեն, սոցիալապես ընդամենը շրջանավարտ է։ Հիմա եթե, գրողը տանի․․․հարցիս պատասխանեք, Եվրոպայում ո՞նց է, եթե այդպես չի, բա մենք ինչո՞ւ ենք այդ ճանապարհով գնում»։

Ավելի վաղ Աղազարյանը նախագծի զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրել էր՝ Եվրոպայի կայացած երկրներում ո՞ր տարիքում են զորակոչում, դպրոցը ո՞ր տարիքում են ավարտում։ Նախարարը դժվարացել էր պատասխանել։

Հովիկ Աղազարյանը շարունակեց․ «Բացի այդ, բոլորս գիտենք, որ 11-12-րդ դասարաններում երեխաները դաս չեն անում, չեն սովորում, ժամանակ են սպանում, բա այդ հարցն ինչպե՞ս եք լուծելու»։

Ավելի վաղ Վահրամ Դումանյանը նաեւ պնդել էր՝ կան ԲՈՒՀ ընդունվածներ, որոնք չեն պարապել կրկնուսույցի մոտ։ Աղազարյանը սա էլ վիճարկեց․ «Բոլորը պարապել են մասնավոր։ Եթե մեկին կբերեք, որ այդպես չէ, շնորհակալ կլինեմ»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց պատգամավորին․ «Եվրոպական երկրներում հիմնականում չկա պարտադիր զինծառայություն։ Պայմանագրային է»։ Աղազարյանը, մինչեւ կհասներ իր աթոռին, վրդովվեց, Սիմոնյանն էլ ժպտալով շարունակեց․ «Իմ հետ մի վիճեք, չգիտեմ»։

Ապա Վահրամ Դումանյանը պատասխանեց Աղազարյանի մտահոգություններին․ «Ես օլիմպիադա հաղթած եւ ԲՈՒՀ ընդունված որեւէ աշակերտի չգիտեմ, որը պարապել է։ Չկա նման բան։ Ցուցակ կտամ»։ Աղազարյանին սա չբավարարեց։ Դումանյանն առաջարկեց․ «Ուզո՞ւմ եք ծանոթացնեմ, նիստից հետո զանգեմ, գան։ Վստահեք ինձ»։

Ինչ վերաբերում է զորակոչի տարիքին, Վահրամ Դումանյանը կրկնեց Ալեն Սիմոնյանի պատասխանը․ «Այդ երկրներում կա պրոֆեսիոնալ բանակ։ Ուզում եք ասել, որ դա մեզ մոտ էլ կիրառե՞նք։ Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը ձեզ կպատասխանի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31