Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են «Հայաստանին ընձեռված խաղաղության պատմական հնարավորության» մասին՝ առանց բացատրելու, թե ինչու եւ որտեղ էին թաքցվել «խաղաղասիրական» այդ ձգտումները մինչ օրս. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 04,2022 11:47

Սկսած այդ ժամանակներից՝ բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ զենք ու զինվորականների տրամադրելով Ադրբեջանին եւ նրան նետելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ՝ Թուրքիան ոչ թե Ադրբեջանին օգնելու նպատակ էր հետապնդում, այլ վերջինիս ստիպում էր ծառայել Անկարայի շահերին: Իսկ Թուրքիայի շահն այն է, որ Հայաստանին պարտադրի այնպիսի իրավիճակ, որում վերջինս հնարավորություն չի ունենա պահպանել ազգային ինքնիշխանությունը եւ այն կորցնելու վտանգից ելնելով՝ կստորագրի նոր պայմանագիր՝ ազդարարելով Թուրքիայի հետ վերջին փաստաթղթից՝ Սեւրի դաշնագրից փաստացի հրաժարվելու եւ Կարսի պարտադրված փաստաթղթի փաստացի ճանաչման մասին: Կամ Հայաստանը, չունենալով բավարար ուժեր ինքնապաշտպանության համար, կհայտնվի Ռուսաստանի կազմում, եւ Մոսկվան նրա փոխարեն Թուրքիայի հետ նոր համաձայնագրեր կստորագրի՝ բնականաբար, վերջինիս պայմաններով: Այլ բան դժվար է եզրակացնել՝ հաշվի առնելով, որ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում Մոսկվան «հանդուրժեց», որ Թուրքիան հաստատվի Հարավային Կովկասում, իսկ ավելի կոնկրետ՝ հայկական Ակնայում:

20-րդ դարի սկզբին, չնայած Հայաստանը հաղթել էր Սարդարապատի հերոսամարտում, թուրք-բոլշեւիկյան դավադրությունը կազմակերպվեց նույն սցենարով եւ բովանդակությամբ, ինչի հետեւանքով Ռուսաստանն ու Թուրքիան ապօրինի պայմանագրեր ստորագրեցին՝ բաժանելով Հայաստանը, որը Սեւրից հետո որեւէ իրավական փաստաթուղթ չի կնքել Թուրքիայի հետ եւ, հետեւաբար, շարունակում է մնալ այն 161330 հազար քառակուսի կմ տարածքի տերը, որը սահմանված է Սեւրի պայմանագրով:

Թուրքիային թվում էր, թե մեր օրերում նույնպես նույն սցենարը կարող է խաղարկել: Եվ մինչ որոշ «դաշնակիցներ» մեզ փորձում էին համոզել, որ մենք ոչ մեկի պետք չենք, ոչ մեկի համար հետաքրքրություն չենք ներկայացնում, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխիքը Ռուսաստանի ու Բելառուսի միութենական պետության կազմի մեջ մտնելն է, Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը միանգամայն այլ բան ցույց տվեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խոստացել էր մասնակցել միջոցառմանը, ի վերջո, հրաժարվեց մեկնել Ուզբեկստան՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: ՀԱՊԿ-ն, չնայած Հայաստանի դիմումին, հայտարարեց, որ ռազմական օգնություն չի ցուցաբերելու Հայաստանին, եւ երբ հայաստանյան հանրությունը դժգոհեց դաշնակից կառույցից, անմիջապես հայտնվեցին ուժեր, որոնք դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան եւ նրանից պահանջեցին զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Հենց այդ օրերին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր արժանանալ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի ընդունելությանը: Դա տեղի չունեցավ, բայց ահա Բայդենը հանդիպեց եւ զրուցեց ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Սա որոշ առումով պատասխան էր նաեւ նրանց, ովքեր հայտարարում էին, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ: Հայաստանի իրական արժեքի մասին բարձրաձայն հայտարարություն էր նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան: Եվ հետո՝ մեր երկրի ու ժողովրդի արժեքի, իրականացրած ու իրականացվող առաքելության մասին ամենամեծ տեղեկատվությունն ինքներս ունենք, եւ դա ամենակարեւորն է:

Սամարղանդում, այսպիսով, Նիկոլ Փաշինյանին չհանդիպած եւ Բայդենի ընդունելությանը չարժանացած Էրդողանը հայտարարեց, թե ՀՀ-ի վարչապետը Պրահայում հոկտեմբերի 6-ին մեկնարկելիք Եվրոպական միության գագաթնաժողովին ներկա կլինի նաեւ իր հետ հանդիպելու համար, եւ ինքը «նման հնարավորություն կտա նրան»: Երեւանը նույնպես չի բացառում, որ նման հանդիպում կարող է կայանալ: Իսկ ահա հոկտեմբերի 9-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Փորձագետները շեշտում են, որ այս իրադարձությունները տեղի են ունենալու հայ-ադրբեջանական լարվածության, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցությունների եւ հակամարտության շրջանում ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության տեղակայման առաջարկի ֆոնին: Հիշեցնենք, որ հայաստանյան պաշտոնական շրջանակներում արդեն բավական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ եթե ՀԱՊԿ-ի անդամները լիարժեք չկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները, Երեւանի՝ կազմակերպությունից դուրս գալու նախազգուշացումներն ամենեւին էլ ձեւական չեն լինի:

Քողարկված փախուստ

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այն պահից, երբ Իրանը հայտարարեց, թե դեմ է տարածաշրջանում թուրքական տանդեմի կողմից Սյունիքում պլանավորված սահմանային փոփոխություններին, երբ Նենսի Փելոսին Երեւանում հայտարարեց, որ «Հայաստանը կարեւոր ճակատ է ժողովրդավարության եւ ավտոկրատիայի միջեւ պայքարում», որ «Երեւանում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը եւ անվտանգությանը սատարելու հզոր ուղերձ», հայտնի շրջանակներն արդեն գրեթե չեն խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին»: Սա նահանջ է, առայժմ՝ քողարկված նահանջ, որի բացահայտումն ու օգտագործումն այդ նահանջը կարող են վերածել խուճապահար փախուստի: Եթե Հայաստանը նախաձեռնություն դրսեւորի եւ հարթակ դառնա ամերիկա-իրանական երկխոսության համար, կչեզոքացվեն տարբեր ուժերի՝ Սյունիքում ամրանալու եւ տնտեսական տարբեր ծրագրերից օգտվելու հավակնությունները: Ամերիկա-իրանական հաշտությունը շատ բան կփոխի տարածաշրջանում, այդ թվում՝ նաեւ այն հարցում, թե ինչպես է իրեն դրսեւորում Իսրայելը: Այն, որ Վաշինգտոնը սերտ համագործակցում է Աթենքի հետ, վկայում է, որ մերձավորարեւելյան իր քաղաքականության մեջ ԱՄՆ-ն այլեւս հույսեր չի կապում Թուրքիայի հետ:

Իրանական «Nournews»-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը բացում է պատժամիջոցների պատճառով իրանական սառեցված ակտիվների մի մասը: Կապաարգելափակվեն միլիարդավոր դոլարներ: Բացի այդ, Իրանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են բանակցություններ սկսել երրորդ կողմի միջնորդությամբ՝ իրանցի եւ ամերիկացիների գերիների փոխանակության հարցով: Միեւնույն ժամանակ չի նշվում, թե որ երկիրն է որպես միջնորդ հանդես գալիս:

Սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը չի աշխատում, քանի որ մերձեցնում է այն պետություններին, որոնք ենթարկվում են Վաշինգտոնի սահմանափակումներին: Եթե վերլուծենք ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցելությունների մասին, կարելի է ենթադրել, որ դրանք միտված չէին սոսկ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացմանն ու, ի դեմս Հայաստանի, տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմանը: Դրանք կարող էին նաեւ հարթակ ապահովել ամերիկա-իրանական շփումների համար:

Հայկական կողմը հաղթաթուղթ ունի

Ռուսաստանյան ու թուրք-ադրբեջանական աղբյուրները Հայաստանին վախեցնում են պատերազմով՝ առանց գիտակցելու, որ հայ ժողովրդի համար մեծագույն խնդիրը, որպես այդպիսին, ոչ թե պատերազմն է, այլ ազգային խնդիրների լուծման հնարավորության բացակայությունը: Այժմ, երբ զենքի ձեռքբերման այլընտրանքային աղբյուրներ կան, պատերազմը սարսափելի կարող է լինել միայն Ադրբեջանի ու նրա հովանավոր պետությունների համար: Այժմ, երբ հայ ժողովրդի հավաքական գիտակցությունը նոր մոտիվացիա է ստանում՝ դրական առումով շոկ ապրելով սեպտեմբերյան պատերազմական գործողություններից, որոնցում հարցերը շատ են եւ ամենեւին էլ միայն Ադրբեջանին ու Թուրքիային չեն ուղղված, կոփվում է ազգային արժանապատվության դրսեւորման կամքը:

Ռուս-թուրքական ԶԼՄ-ները, պաշտոնյաներն ու այլ աղբյուրներ խոսում են «Հայաստանին ընձեռված խաղաղության պատմական հնարավորության» մասին՝ առանց բացատրելու, թե ինչու եւ որտեղ էին թաքցվել «խաղաղասիրական» այդ ձգտումները մինչ օրս: Թուրքիայի առջեւ պետք է դնել Սեւրի դաշնագիրը՝ հայտարարելով, որ կնքված փաստաթղթին հավատարմությունը Թուրքիայի պարտքն է, որը նա չի կատարել՝ ավելի քան հարյուր տարի նվաճված պահելով ՀՀ օրինական տարածքները: Չճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքները՝ Թուրքիան փաստացի օկուպացիոն պատերազմ է վարել Հայաստանի Հանրապետության դեմ՝ օգտագործելով Ադրբեջանին եւ ձգտելով հասնել ցանկալի իրականության: Այն, որ թուրք-ադրբեջանական եւ այլ շրջանակներ այժմ փորձում են Հայաստանին վախեցնելով համոզել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է ՀՀ-ի շահերից, միայն վկայում է, որ այդ ուժերն առաջընթացի հնարավորություններ այլեւս չեն տեսնում եւ սկսել են գիտակցել, որ հայ-ադրբեջանական հավանական նոր բախումները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ իրենց համար:

Թուրքերը հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնելիս օգտվեցին մահմեդական քրդերից՝ նրանց հանելով հայերի դեմ, իսկ այժմ նույնպիսի հաջողությամբ նրանց են ցեղասպանության ենթարկում: Հավանաբար, կգա նաեւ մահմեդական ադրբեջանցիների հերթը, որոնք շուտով, հնարավոր է, այլեւս կարեւոր չեն լինի Թուրքիայի համար եւ կենթարկվեն ցեղասպանության, ինչպես քրդերը՝ այսօր: Ուստի վերստին բարձրացնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը՝ Հայաստանը հանդես կգա նաեւ ընթացող ու ապագա հնարավոր ցեղասպանությունների դեմ:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31