Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունոտ «խաղաղության» օրակարգ

Հոկտեմբեր 04,2022 11:30

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմա, որպես այդպիսին, գոյություն չունի բանակցային սեղանին

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման եւ հայկական կողմը պետք է սկսի «առարկայական բանակցություններ»՝ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ:

Ահա, հոկտեմբերի 2-ին Ժնեւում կայացավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Բանակցությունները մի քանի ժամ էին տեւել: Հայաստանի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարեւորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ ԱԳՆ-ի հաղորդագրությունն ամփոփվել էր հետեւյալ դրական նոտայով. «Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»։

Ադրբեջանական լրատվականները ներկայացնելով հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, որում միաժամանակ Հայաստանին ուղղված էին Բաքվի հերթական պահանջները, նաեւ հայտնում էին, որ ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր նրանց՝ խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման վերաբերյալ հանձնարարականի համաձայն, որը տրվել էր 2022թ. օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ բանակցությունների արդյունքում, որն անց էր կացվել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրություններից կարելի է ենթադրել, որ ԼՂ-ի կարգավիճակի թեմա, որպես այդպիսին, գոյություն չունի բանակցային սեղանին: Պաշտոնական Երեւանը սահմանափակվում է Արցախի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման թեմայի քննարկումներով, այլն էլ հույս ունենալով՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման ուղղությամբ:

Ու մինչ պետք է մեկնարկեր Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որում պետք է նախանշվեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը, ճիշտ նույն օրը համացանցում ահասարսուռ կադրեր տարածվեցին, որոնցում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով նշյալ տեսանյութին, առայժմ սահմանափակվել է թվիթերյան գրառմամբ. «Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որտեղ հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, եւ մեղավորները պատժվեն»։

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հարցադրումների ժամանակ Եվրախորհրդարանի անդամները կքննարկեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիան։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անցյալ շաբաթվա վերջին հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները: Լեհաստանի արտգործնախարարության Թվիթերի պաշտոնական էջում տեղադրված գրառման համաձայն՝ երկու նախարարները քննարկել են «տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու պոտենցիալ հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարել է «Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը»:

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Նա ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարեւորել դրա հետեւանքների վերացման եւ նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։

Միրզոյանը Ժնեւում հանդիպել է Կլաարի հետ, ընդգծել Բաքվի ագրեսիայի հետեւանքների վերացման հրամայականը: Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում, Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար: «Նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, եւ շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ», նշված էր ՀՀ արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության մեջ:

Իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն անցյալ շաբաթ մի շարք հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում, այդ թվում՝ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ, հոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել: Այս այցի շրջանակում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է Գրիգորյանի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31