Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի ակադեմիական քաղաքում կլինեն մինչեւ 8 ԲՈՒՀ-եր, որոշները՝ միավորված

Հոկտեմբեր 04,2022 11:16

«Սա բավականին հավակնոտ ծրագիր է։ Առնվազն երկու կետի տարբերություն կա` համեմատած 2011թ․-ի պետական ծրագրի հետ։ Ակադեմիական քաղաք ունենալու թիրախ ենք սահմանել՝ մինչեւ ութ պետական ԲՈՒՀ-ի ֆինանսավորմամբ։ Երկրորդ, 4 ԲՈՒՀ-եր պետք է ընդգրկվեն աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի 500-յակի մեջ։ Սրանք ոչ վերացական, հստակ թիրախներ են»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով կրթության մինչեւ 2030թ․-ը զարգացման պետական ծրագիրը։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց․ «Կներեք, եթե հեգնանք կա հարցի մեջ։ Դուք որպես նախարար կարո՞ղ եք հաստատակամ ասել, որ երկու կամ երեք տարի հետո կամ 2030թ․-ին կունենանք մեկ շրջանավարտ, որը ԲՈՒՀ է ընդունվել առանց կրկնուսույցի մոտ պարապելու»։

Վահրամ Դումանյան

Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ այսօր էլ ունենք աշակերտ, որն առանց կրկնուսույցի մոտ պարապելու է ընդունվել․ «Ես մի քանիսին գիտեմ, շատ են։ Դրանք միջազգային օլիմպիադաներում մեդալ ստացած մեր դպրոցականներն են, որոնք առանց քննությունների ընդունվել են ԲՈՒՀ։ Փայլուն երեխաներ են։ Թյուր կարծիք կա, թե բոլորն անպայման պետք է վարժեցվեն (հավանաբար նկատի ունի՝ պարապեն-հեղ․), նոր ընդունվեն։ Չկա նման բան։ Այո, քանակը քիչ է, բայց կշատացնենք։ Դա էլ է խնդիր»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց պետական ծրագրով նախատեսված՝ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու ժամկետներից։ Նախարարն ասաց, որ այսօր չի կարող ժամկետներ ասել․ «Բայց գիտական ու ԲՈՒՀ-ական համայնքները հաճույքով պատրաստ են դառնալ այդ քաղաքի բնակիչը։ Մինչեւ ութ ԲՈՒՀ է լինելու։ Այսօր ունենք 16-ը։ Կա տեսլական, բայց ԲՈՒՀ-երի միավորումները չեն լինելու մեխանիկական։ Նոր ԲՈՒՀ-եր էլ կձեւավորվեն, որոնց հիմքում կլինեն այսօրվա ԲՈՒՀ-երը։ Կրկնություններ կան, ուստի կլինեն միավորումներ»։

Վահրամ Դումանյանի խոսքով՝ աշխարհում շատ են ակադեմիական քաղաքները, եւ իրենք լուրջ են վերաբերվում այդ ծրագրին․ «Դա իսկապես քաղաք է լինելու՝ բոլոր ենթակառուցվածքներով։ Դա հրաշալի գաղափար է։ Լրջագույն ներդրումների եւ շինարարության խնդիր կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31