Պարբերաբար հանրային քննարկման տիրույթում են հայտնվում տարաբնույթ օրինագծեր, որոնք ժամանակի ընթացքում ամրագրվում են օրենսդրության մեջ: Սակայն փաստ է նաև այն, որ դրանցից շատերն այդպես էլ կյանքի չեն կոչվում:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ երբ գրվում է օրենքը, պետք է հստակ ձևակերպվի, թե որ կառույցին այն պետք է հասցեագրվի, որ կառույցն ունի համապատասխան լծակներ, մասնագետներ և կարող է իրականացնել վերահսկողություն:
«Այսպես ձևակերպենք՝ պետք է կոնկրետ կառույցին համապատասխան կոստյում կարել: Աղբը նախատեսված վայրում թափելու, ցելոֆանների և մյուս հարցերի դեպքում վերահսկողությունը տրված է ՏԻՄ-երին, որակի հետ կապված խնդիրների դեպքում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, իսկ գնային մրցակցության խախտումներին պետք է հետևի Մրցակցության պետական հանձնաժողովը: Այսինքն՝ գործառույթները հստակ բաժանված են: Ինչպիսի՞ պատկեր ունենք:
Չենք տեսնում շրջայցեր, չունենք հստակ պատկեր, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչ ստուգումներ են իրականացրել և ինչ խնդիրներ են բացահայտել: Գուցե այդ ստուգումների արդյունքում առաջ են եկել հարցեր, և օրենքը լրամշակման կարիք ունի, որով կընդլայնվեն համապատասխան կառույցների վերահսկողական (և ոչ միայն) գործառույթները: Ի դեպ, նույն կառույցները հաճախ են դժգոհում, թե իրենց գործառույթները սահմանափակ են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն դիմում օրենքում լրամշակումներ անելու առաջարկով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Կարդացեք նաև
Ընդգծում է՝ օրենքը գրվում է, մեկ շաբաթ ոգևորություն է տիրում, հսկողություն ու շրջայցեր են իրականացնում, հետո ոգևորության ալիքը մարում է: «Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքին, չեն հավատում, որ այն լիարժեքորեն կարող է կյանքի կոչվել: Բայց եթե իրենք արդեն նման տրամադրվածություն ունեն, դրան զուգահեռ կադրեր ու ռեսուրսներ չունեն, ինչպես հենց իրենք են պնդում, ապա ինչպե՞ս են օրենքները կյանքի կոչելու:
Երբ գրում ես օրենք և նաև քաղաքացուց պահանջում, որ հետևի դրան, ապա պետք է ստեղծես բոլոր պայմանները: Օրինակ՝ ասում ես աղբը համապատասխան վայրում չթափելու դեպքում տուգանելու եմ քեզ, դրանից առաջ պետք է սահմանված կարգով աղբամաններ տեղադրես: Ասում ես՝ ցելոֆանից տոպրակների շրջանառությունը պետք է նվազեցնել՝ առաջին հերթին նկատի ունենալով բնապահպանական հարցերը, ուրեմն պետք է նույն տնտեսվարողները ցելոֆանի փոխարեն կտորե կամ թղթե տոպրակներ առաջարկեն իրենց հաճախորդներին և այսպես շարունակ: Միայն այս պարագայում օրենքները կյանքի կկոչվեն: Միայն վարչական ակտ սահմանելով՝ խնդիրներին լուծումներ չեն տրվելու»,-նշում է մեր զրուցակիցը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։