Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ»․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2022 09:55

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։

ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։

Հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31