Ադրբեջանի հետ մահաբեր բախումներից հետո Հայաստանն ավելի մեծ աջակցություն է ստացել ԱՄՆ-ից, քան իր պատմական դաշնակից Ռուսաստանից, քանի որ հայ պաշտոնյաներն «անհանգստացած են» Ռուսաստանի կողմից իր հակառակորդին զենքի շարունակական մատակարարմամբ: Այս մասին ասվում է ամերիկյան հեղինակավոր Fox News հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում:
«[Միջազգային հանրությունը] պետք է քայլեր ձեռնարկի, ինչպես որ արեց ԱՄՆ-ն. Միացյալ Նահանգները եղել են շատ ուղիղ,- Fox News Digital-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։- Նրանք կոչ արեցին դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական ջանքերին»։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շտապեց միջնորդել խաղաղության գործարքի կնքմանը,բայց մինչ Հայաստանն ու Ադրբեջանը փորձարկում են այդ գործարքը պահպանելու համբերության սահմանները, Հայաստանը պնդում է, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել այն նույն զենքը, որ հարձակման ժամանակ օգտագործվել է»,- ասվում հոդվածում:
Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ռուսաստանի՝ որպես ադրբեջանական զենք մատակարարի դերը «նորություն չէ», և դա «երկար պատմություն» է, և այդ հարցը Հայաստանը բարձրացրել է Մոսկվայի հետ զրույցներում։
Կարդացեք նաև
«Դա բաց տեղեկատվություն է. այո, դա ճիշտ է,- ասել է նա։ -Եվ դա մեզ շատ է մտահոգում, և դա նորություն չէ»:
Հոդվածագիրը մեկնաբանում է, որ Հայաստանը պատմականորեն թեքված ա եղել դեպի Ռուսաստանը՝ որպես իր ամենակարևոր դաշնակիցներից մեկը, քանի որ երկուսն էլ քրիստոնյա մեծամասնություն ունեցող ազգեր են մուսուլմանական տարածաշրջանում: Ռուսաստանը ամուր տնտեսական և ռազմական կապեր ունի Հայաստանի հետ, իսկ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական ռազմաբազան, սակայն Ռուսաստանը նաև աշխատում է էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Ռուսաստանի գործողությունները, ըստ երևույթին, հիմնականում ծառայում են չշեղվելուն, քանի որ Ուկրաինա ներխուժումը ձգձգվում և ավելի է դժվարանում Մոսկվայի համար:
Փոխարենը, Հայաստանն ավելի հստակ աջակցություն է գտել ԱՄՆ-ից այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գլխավորեց Կոնգրեսի պատվիրակությունը, որն այցելել էր Հայաստան Ադրբեջանի հարձակման օրերին: Փելոսին դատապարտեց Ադրբեջանի հարձակումը որպես «անօրինական», իսկ ադրբեջանցիները պատասխանեցին՝ նրա այցը համարելով «քարոզչություն»՝ լի «չհիմնավորված և անարդարացի մեղադրանքներով»։
Այս ամսվա սկզբին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ Գրիգորյանը ԱՄՆ-ը «որոշիչ» դեր է խաղացել տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման գործում, ուստի նա կոչ է արել միջազգային հանրությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին՝ հետագա դիվանագիտական ներգրավվածություն փնտրելու համար։
«Մեր գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը շարունակում է նպատակ ունենալ [ստանալ] ավելի մեծ, ավելի օկուպացված տարածքներ Հայաստանում և էլ ավելի սրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին,- պարզաբանել է Գրիգորյանը։ – Եվ նրանք ցանկանում են 21-րդ դարում խնդիրը լուծել ուժով: Սա շատ մտահոգիչ է»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ