Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բազմակողմանիորեն վերլուծել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը՝ դրանցում ռազմական հանցագործությունների առկայությունը ստուգելու համար: Փաստերի ապացուցման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ:
«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությունների կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումները պետք է հանգամանորեն հետաքննվեն: Կոչ ենք անում հայկական և ադրբեջանական իշխանություններին անհապաղ անցկացնել այդ տեսանյութերի բազմակողմանի խորը վերլուծություն, այդ թվում դրանցում ռազմական հանցագործությունների առկայությունը ստուգելու համար: Փաստերի ապացուցման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի ձեռնարկել «լուրջ ջանքեր՝ տարածաշրջանում միջավայրի առողջացման» և Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման համար:
«Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ