«Ողորմած հոգի հայրս, որ 1920-30-ական թվականների մարդ էր ու էդ տարիներին տեսել էր սելի րաբեն, ձիու կաշկեն, 1990-ականներին, որ շատ վատ տարիներ էին ու մարդիկ մեքենան փոխում էին մի սայլի հետ, մի ձիու հետ, ասում էր, փաստորեն, չենք զարգացել: Ես էլ ասում էի՝ չէ, այ հեր, մի առաջընթաց կա. էն ժամանակ սելի, րաբի ակները սպիցներով հավաքովի ակներ էին, հիմա մարդիկ էնքան զարգացել են, ժիգուլու ակները հանում՝ դնում են տակը»,- Լոռու մարզի խոշորացված Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչ Պարգեւ Սարգսյանն է ներկայացում խորհրդային, ապա անկախ Հայաստանի քաղաքացիների կյանքի զարգացման սեփական համեմատականը:
19 տարի գյուղապետարանում նախ հողաշինության եւ շինարարության գծով գլխավոր մասնագետ, ապա քարտուղար աշխատած Պարգեւ Սարգսյանը համայնքների խոշորացման ներկայիս մոդելը, կարծում է խորհրդային տարիների վարչատարածքային բաժանման մոդելն է: Թե ի՞նչ արդյունավետություն կունենա այս խոշորացումը, մեր զրուցակիցը չգիտե, ժամանակը ցույց կտա: Մի բան հաստատ գիտե. «Հետ ենք գնացել 1995 թվական, 95 թվականից փորձում ենք նորից գալ… հլա որ սխալ ենք անում, հետ ենք գնում, թե երբ տենք գալ՝ չգիտեմ»:
Ասում է՝ 1995 թվականին, երբ մարզպետարաններ ստեղծվեցին, միտքն այն էր, որ օպտիմալացում արվի, կառավարման արդյունավետությունն էլ բարձրացվի: Հիշում է՝ հինգ շրջան կար, յուրաքանչյուր գյուղխորհրդում 15 մարդ էր աշխատում, գումարային՝ 75 մարդ, սակայն, շրջխորհուրդների փոխարեն ստեղծվեցին գյուղապետարաններ եւ մարզպետարան՝ 130 աշխատակիցներով: Արդյունքում, աշխատողների թիվն ավելացավ կրկնակիից ավել, թե կառավարման արդյունավետությունն ինչպիսի՞նն էր՝ դժվարանում է գնահատել, մարդիկ իրենց ամենօրյա շփումերում են զգացել: Հիմա, հերթական խոշորացման արդյունքում էլ առանձնակի ակնկալիքներ չունի: Ավելին. «Մեր վարչական միավորում 10 միլիոն դրամ հարկ է հավաքվում, մյուսում, որը փոքր է՝ մեկ միլիոն, մեկ կիլոմետր մեր տարածքում են ասֆալտապատել, մեկ կիլոմետր՝ այդ համայնքում: Ստացվում է՝ մենք հարկը տալիս ենք, որպեսզի նույն չափ համ մեզ մոտ ասֆալտ արվի, համ Հոբարձիում կամ Գյուլագարակում, որտեղ ավելի շատ հարկ է հավաքվում»:
Կարդացեք նաև
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ