Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի տպավորություն է՝ դատարանում «Լիդիան Արմենիան» է նախարարության շահերը ներկայացնում»

Հոկտեմբեր 03,2022 19:15

Այսօր գնդեվազցիներն ընդդեմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունների վարչական գործով դատական հերթական նիստն էր։ Նախորդ նիստը հետաձգվել էր երրորդ կողմի` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով։

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ 2015 թվականին հայցով  դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:

Այսօրվա դատական նիստում երրորդ կողմը՝ հանքի շահագործում թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը ներկայացրեց ընկերության դիրքորոշումը։ Հաջորդ նիստին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը, կողմերին հարցեր կուղղի հայցվոր կողմը։

«Երրորդ կողմն իրենց դիրքորոշումը ներկայացրեց, ըստ որի, բնակիչներն իրավունք չունեին դատարան դիմելու։ Այսինքն, ըստ իրենց, մարդիկ առողջ շրջակա միջավայրում ապրելու, դատական պաշտպանության իրավունք չունեն։ Նույնիսկ նման փաստարկներ են առաջ բերում»,-ասաց փաստաբանը։

Ըստ Վարդանյանի, 7-8 տարի ընթացող այս դատական նիստերի ընթացքում հայցվոր կողմը եւ երրորդ կողմը բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել․«Պարզ է, որ «Լիդիան Արմենիան», ի հակառակ մեզ, բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացնում, զարմանալիորեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը մասնակից չի լինում, այն դեպքում, որ հիմնական պատասխանողն իրենք են, իրենց տված թույլտվություններ են քննարկվում։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն էլ պասիվ դիրքերում են։ Նրանք կամ ելույթ չեն ունենում, կամ էլ այնպիսի տպավորություն է, կարծես «Լիդիան Արմենիան» է իրենց շահերը ներկայացնում։ Նույնիսկ այսօր էլ կոնկրետ հարց չունեցան տալու»։

Վարդանյանն ասում է՝ գործը շատ մանրակրկիտ է քննվում, ի տարբերություն իրենց մյուս գործի, որը 2018-ին էին դիմել ընդդեմ շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանի․«Դա հապճեպ արվեց, բեկանվեց ու հիմա նորից առաջին ատյանում է։ Այս մյուս գործը չգիտեմ, թե ինչ արդյունք կունենա»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 14:30-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31