Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Փաշինյանն ասում է՝ ես մեր երկրի սահմանները չեմ կարողանում պաշտպանել, թող ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն դիտորդներ ուղարկեն, ռուսները գան, ՀԱՊԿ-ը գա»

Հոկտեմբեր 03,2022 18:04

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ընթերցեց պետության սահմանները եւ անվտանգությունը պաշտպանելու մասին կառավարության եւ վարչապետի առջեւ դրված սահմանադրության իմպերատիվ պահանջը եւ նկարագրելով իրական վիճակը՝ ասաց. «Դու սահմանադրական պարտականություն ունես: Եթե զինված ուժերը քո տրամադրության տակ են ու դու չես կարողանում երկրի սահմանների պաշտպանությունը կազմակերպել, ինչը պետության առաջնային գործառույթներից մեկն է, ո՞նց ես մնացել պետության ղեկավար, որն իր նվազագույն խնդիրները չի կարողանում կատարել: Փաշինյանը չի դատապարտում, մի թթու խոսք չի ասում ադրբեջանցիների, Ադրբեջանի նախագահի հասցեին, որովհետեւ վախենում է:

Խնդրում եմ, բացեք եւ ընթերցեք նրա թվիթերյան վերջին գրառումը, որտեղ ասում է, թե տեղի է ունեցել այսպիսի մի բան եւ միջազգային հանրությունը սա պետք է դատապարտի: Ասում է՝ տեսեք, ես չեմ դատապարտում, ինչը նորմալ է, բայց դուք դատապարտեք:

Նույն տրամաբանությամբ ասում է՝ ես մեր երկրի սահմանները չեմ կարողանում պաշտպանել, թող ՄԱԿ-ը դիտորդներ ուղարկի, ԵԱՀԿ-ն դիտորդներ ուղարկի, ռուսները գան, ՀԱՊԿ-ը գա: Այսինքն, նստած՝ հանձնարարություններ է տալիս, «աշխարհի ղեկավարն է ինքը»: Նստած է ու աշխարհի երկրներին, տարբեր միջազգային կազմակերպություններին հանձնարարություններ է տալիս: Ասում է՝ Ռուսաստան, արի, պաշտպանի Հայաստանի սահմանները: Պայմանագիր ունեք, եկեք, ձեր պայմանագրային, դաշնակցային պարտավորությունները կատարեք: ՀԱՊԿ, մենք ձեզ դիմել ենք: Ճիշտ է, մեր երկրում ռազմական դրություն չի, մենք սա ռազմական գործողություն չենք համարում, բայց դուք եկեք, մեզ ռազմական աջակցություն ցուցաբերեք: Բայց այդ մարդիկ հարցնելու են չէ՞, որ եթե մենք ձեր երկրում պետք է ռազմական գործողություն անենք, քո երկրի իրավական ռեժիմը համապատասխանո՞ւմ է մեր հնարավոր գործողություններին: Առաջին հերթին դու պիտի ռազմական դրություն սահմանես, չէ՞, որ քո երկրի սահմանները պաշտպանես: Ու եթե չկարողանաս, նոր մենք գանք՝ քեզ աջակցություն ցուցաբերենք:

Հիմա էլ առանց հասկանալու ասում է. ՄԱԿ, անվտանգության խորհրդով որոշում կայացրեք՝ դիտորդներ ուղարկեք, ԵԱՀԿ, դիտորդներ ուղարկեք:

Այդ որ ասում ես ԵԱՀԿ, ծանո՞թ ես այդ կազմակերպության անդամների ցանկին, կանոնադրությանը: Օրինակ, ԵԱՀԿ անդամ են նաեւ Ռուսաստանը, Թուրքիան: Այսինքն, դու միայն Ռուսաստանի հետ փոխգործակցությունից հրաժարվում ես եւ ասում, թե մեր սահմանների անվտանգության դիտորդների գործունեությունը նաեւ թուրքերն իրականացնե՞ն: Ընդ որում, Թուրքիան նաեւ Մինսկի խմբի անդամ է:

Էդ որ ասում ես, ՄԱԿ-ը դիտորդներ ուղարկի: ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ անդամներին ծանո՞թ ես: Դիտորդական եւ խաղաղապահ առաքելության ՄԱԿ-ի բոլոր որոշումները կայացնում է անվտանգության խորհուրդը, որը ունի հինգ մշտական անդամներ, որոնց կոնսենսուսը անհրաժեշտ է որոշումների կայացման համար: Եվ դրանցից մեկը Ռուսաստանն է: Հիմա, եթե դու Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններով հարաբերություններ չես ստեղծում, ու հակառակը, փչացնում ես հարաբերությունները, ո՞նց ես աջակցություն ակնկալում մի կազմակերպությունից, որտեղ Ռուսաստանի որոշումը որոշակի է: Այսինքն, առանց իր կողմ քվեարկելու որոշումներ չեն կայացվում:

Ու պարզվում է նաեւ, որ այնտեղ ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ կա Միացյալ Թագավորությունը, որը Ադրբեջանի ամենախոշոր ինվեստոր երկիրն է ու Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցը:

Հիմա, որ դու դիմել ես այդ կազմակերպություններին, որոնց դիտորդական առաքելություններն էլ առավելագույնը, ինչպես Վրաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, 28 հոգի էր, պարզ է չէ՞, թե Հայաստանի ամբողջ սահմանի երկայնքով՝ Տավուշից մինչեւ Մեղրի, այդ 28 հոգով սահմանային վերահսկողությունը ոնց պիտի իրականացնեն:

Ընդ որում, նրանք սահմանների պաշտպանության գործառույթ ոչ միայն չեն կարող իրականացնել, այլեւ այդպիսի խնդիր չունեն:

Սահմանների պաշտպանությունը պետության զինված ուժերի խնդիրն է: Սրա համար եմ հարցնում, որ եթե քո պետության սահմանների պաշտպանությունը չես կարողանում կազմակերպել, ո՞նց ես մնացել վարչապետ, կառավարության ղեկավար»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31