Այսօր ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով գնաճի մասին, ասաց. «Դե, գնաճը բարձր է, բայց եթե համեմատում ենք այլ երկրների հետ, մենք բավական լավ ենք դիրքավորված ընդհանուր գնաճի տվյալներով: Հարեւան Թուրքիայում 83% է եղել անցած ամսվա գնաճը: Մենք մինչեւ 10% ենք, դա համադրելի է եվրոպական երկրների, նույնիսկ ԱՄՆ-ի հետ, այն դեպքերում, երբ մեր մոտ առաջ սովորաբար անհամեմատ ավելի բարձր էր գնաճը, քան զարգացած երկրներում: Մենք ընդհանուր ներկապնակում լավ ենք, չնայած, որ վերցնենք, ինքնին մեր մոտ գնաճը բավական բարձր է:
Մենք մեր ջանքերի զգալի մասն ուղղում ենք նրան, որ առավել խոցելի խավը ավելի չաղքատանա: Տեսնում եք, մենք արագ ներդրեցինք կենսաթոշակների բարձրացման նախագիծը եւ սեպտեմբերի 1-ից դա կիրառեցինք: Գիտեք, որ մյուս տարվա բյուջեն զգալիորեն ավելի մեծ թե՛ ծախսային, թե՛ եկամտային մաս ունի, քան այս տարվա բյուջեն է ու մենք արդեն խոսում ենք միլիարդավոր դոլարների մասին: Համեմատության մեջ համարյա 1 մլրդ դոլարի տարբերություն կա բյուջեի մեջ մեկ տարվա ընթացքում: Այստեղ կառավարությունը շատ խոշոր քայլերով է առաջ գնում:
Միաժամանակ փորձում ենք այնպես անենք, որ մեր ավելի խոցելի քաղաքացիները կարողանան իրենց կյանքի որակը լավացնել՝ նույնիսկ այս գնաճի պայմաններում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ