Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այսօրվա իշխանությունն է ստեղծել այս իրավիճակը, որ թշնամու զորքը անարգել մտնում է Հայաստանի տարածք, սպանում մեր զինվորներին եւ այդ դաժան տեսանյութը դիտավորությամբ գցում համացանց»

Հոկտեմբեր 03,2022 17:19

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութին, թե ինչպես են դիմահար գնդակահարվում հայ զինվորները, ասաց. «Երեկ տարածված այդ տեսանյութը այլեւս ոչ թե սահմանին, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված ցուցադրական ոճրագործություն է: Այսօրվա իշխանությունն է ստեղծել այս իրավիճակը, որ թշնամու զորքը անարգել մտնում է Հայաստանի Հանրապետության տարածք, սպանում մեր զինվորներին եւ այդ դաժան տեսանյութը դիտավորությամբ գցում համացանց՝ ցույց տալու, թե ինչ վերաբերմունք ունի մեր նկատմամբ: Սա դեռ մեկ տեսանյութ է: Եթե մենք չենք տեսել, թե սեպտեմբերի 13-14-ին ինչպես են սպանվում մեր մի քանի հարյուր զինվորներ, դա չի նշանակում, որ նրանք չեն զոհվել: Ուղղակի, մենք չենք տեսել: Պարզ է չէ՞, որ եթե լինեին մյուս տղաների սպանության տեսանյութերը, դրանք չէին տարբերվելու այս մեկից:

Իսկ Հայաստանի ԳՇ պետի տեղակալը Ջերմուկում դեսպաններին ու ռազմական կցորդներին պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները, որոնք արդեն գտնվում են Ջերմուկ քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա եւ չեն հեռանում, իսկ Հայաստանի զինված ուժերը նրանց նկատմամբ միջոցներ չեն կիրառում, ոնց են դաժանաբար վերաբերվել արդեն սպանված զինվորների, այդ թվում՝ կնոջ դիակի հետ:

Հիմա ես կարդամ սահմանադրության 14-րդ հոդվածը:

Զինված ուժերը եւ պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Այսինքն, անկախ նրանից, թե ով է Հայաստանում քաղաքական իշխանությունը, որովհետեւ 2-րդ հոդվածն ասում է. «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Սա նշանակում է, որ զինված ուժերը ստեղծվել են սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետը ապահովելու նպատակով:

Եթե մենք ունենք նման շտաբի պետ, գեներալներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարում, նրանք էլ ի՞նչ զինվորական են: Հիմա կարդամ սահմանադրության 155 հոդվածը.

Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են:

Զինված ուժերի կիրառման որոշումն ընդունում է կառավարությունը:

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է վարչապետը եւ այդ մասին անհապաղ տեղեկացնում է կառավարության անդամներին:

Այսինքն, քո երկրի սահմանների պաշտպանությունը, Նիկոլ Փաշինյան, քո պարտականությունն է:

Այստեղ հարց է առաջանում, թե ոնց եղավ, որ ադրբեջանցին նախկինում չէր կրակում, հիմա մասսայաբար, ամենօրյա ռեժիմով կրակում ու սպանում է մեր զինվորներին: Ու զոհերը դառնում են հազարավոր: Այդ ո՞նց է լինում, որ այդ ադրբեջանցիները հայտնվում են այն վայրերում, որտեղ մինչեւ հիմա չէին հայտնվում: Ջերմուկը, որ դարձել է խոցելի, խոցելի է դարձել Քարվաճառից, որը Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնել է առանց մի փամփուշտ մարտական գործողության, ուղղակի գրչի հարվածով: Ադրբեջանն էլ տեղակայվել է այդ հատվածում ու սկսել հարձակվել Հայաստանի վրա»,- ասաց Էդգար Ղազարյանը եւ հետեւություն արեց, որ եթե դու այս պարագայում որեւէ գործողություն չես անում, խրախուսում ես, որ իրենք ազատ ինչ գործողություն ուզեն, անեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31