Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այս մասին հայտնեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 5-ին Երևանում կբացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ բիզնես ֆորումը:
Աննա Դոնչենկոյի հավաստմամբ, էքսպոն շատ կարևոր է նաև ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Նման հանդիպումներին ինձ հաճախ վիճակագրությունից են հարցնում, դա կարևոր է հարաբերություների դինամիկայի և հեռանկարի առումով, ցուցահանդեսը կնպաստի այդ դինամիկայի աճին: Իմ ներկայացրած թվերը բավական խոսուն են: Թվերը շարունակում են աճել, հույս ունենք, որ տարեվերջին կունենանք առավել շատ դրական ցուցանիշներ: Մենք բոլոր ուղղություններով ունենք շատ լավ զարգացման հնարավորություններ ու նախադրյալներ»:
Նա նշեց նաև, որ էքսպոյի օրերին կընթանա նաև բիզնես-ֆորում, որի նպատակն է գործարար հարաբերությունների ձևավորումն ու ամրապնդումը, արդյունաբերական փոխհարաբերությունների կայացումը՝ Եվրասիական տարածաշրջանում, որին հասնելու համար ներկայացված են տարբեր ոլորտները ներկայացնող լուրջ դիվերսիֆիկացված ընկերություններ:
Կարդացեք նաև
«Օրինակ, շատ մեծ տեմպով Հայաստանում զարգանում է շինարարության ոլորտը, մենք դա արձանագրում ենք և իրազեկում մեր բիզնեսին: Միայն շինարարության ուղղությամբ տարվա ընթացքում Հայաստանում անցկացվում է 4 ցուցահանդես, ինչը շատ կարևոր է բիզնես կապերի հաստատման գործում»,-ասաց Աննա Դոնչենկոն:
Նա տեղեկացրեց նաև, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի շինարարների միությունների միջև, ինչը կնպաստի ոլորտում կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Աննա Դոնչենկոն ընդգծեց, որ իրենց համար կարևոր են բոլոր ոլորտները:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ