Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քերոբյանը բողոքող խաղողագործների համար լուծում է գտել. «Կան թափուր աշխատատեղեր, պատի այն մյուս կողմը որ անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք ճարեն»

Հոկտեմբեր 03,2022 16:51

Խաղողի մթերման սեզոն է եւ խաղողագործները բողոքում են, որ գործարանները շատ քիչ գումարով են մթերում իրենց խաղողը՝ ինքնարժեքով: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այդ խնդիրը փորձում են լուծել, բայց այսպիսի օրինակ բերեց. «Պատկերացրեք, ինչ-որ մեկը խանութ բացի, որը 1 քմ տարածք ունի ու հետո գա ասի՝ իմ խանութը լավ չի աշխատում, կառավարություն ջան, որովհետեւ այն գնով, որով առնում են ապրանքներ այս 1 քմ-անոց խանութում, չի բավարարում, որ ես նորմալ ապրեմ: Սրա լուծումը ավելի մեծ խանութ ունենալն է, ոչ թե այնպես անել, որ մենք ունենք, որպեսզի այդ խանութից գնորդները ավելի թանկ առնեն: Խաղողագործների մեջ կան մարդիկ, որ ունեն շատ փոքր այգիներ եւ իրենք փորձում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել փոքր այգու միջոցով: Դա հնարավոր չի, որովհետեւ գյուղատնտեսությունը գնում է դեպի բարձր արտադրողականությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ խաղող մթերող կազմակերպությունները՝ կոնյակի գործարանները եւ այլն, իրենց սեփական այգիներն են հիմնում՝ 100 հա, 200, 500 հա եւ խաղողը մթերում են իրենք իրենցից: Ակնհայտ է, որ խաղողագործությունը եւս պետք է խոշորանա: Հիմա խաղողագործները հարցեր են տալիս, ասում են՝ իսկ մենք ի՞նչ անենք, մեր ընտանիքները ինչ անեն: Տեսեք, եթե ընտանիքում կա 4 չափահաս մարդ, ովքեր աշխատում են, իրենք պետք է հասկանան, որ իրենց տված արդյունքը պետք է լինի մեծ: Եթե այդ արդյունքը փոքր է ստացվում իրենց ունեցած հողակտորից, պետք է գնան ուրիշ աշխատանք անեն, կամ մեծացնեն իրենց հողատարածքը»:

Հարցին՝ այսինքն, պետք է բոլորը խոշոր ձեռնարկատերե՞ր դառնան՝ նախարարը պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, եթե ինչ-որ մեկն ունի փոքր տարածք, կամ փոքր հողակտոր եւ այդ փոքր հողակտորի վրա բնականաբար չի ստացվելու այն արդյունքը, որը թույլ է տալիս, որ այդ մարդը բարեկեցիկ ընտանիք ապահովի, ի՞նչ եք առաջարկում՝ որ մենք օգնենք… տարվա սկզբում օգնում ենք, որ պարարտանյութը էժան ձեռք բերի, տարվա վերջում օգնում ենք, որ մթերողները բան անեն, տալիս ենք բանկային երաշխիքներ եւ այլն: Մենք չենք կարող այնպես անենք, որ այդ մարդը փոքր հողակտորի վրա փոքր ջանք գործադրելով, կամ իր ջանքը փոքր տարածքի վրա գործադրելով՝ ստանա փոքր արդյունք, իսկ մենք փոխհատուցենք տարբերությունը: Սա շատ սկզբունքային հարց է»:

Քերոբյանը մտովի այդ խաղողագործներին գործից հանեց ու սկսեց տեղավորել, թե որտեղ կարող են աշխատել. «Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ բիզնեսներ ունեն շատ մեծ քանակի ազատ աշխատատեղեր՝ դա կլինի շինարարական կազմակերպություններ, հանրային ծառայություններ, հանրային տեղեր: Տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղերի մասին է խոսքը: Ու հենց թափուր աշխատատեղեր կան նաեւ գյուղերում: Հենց նույն կոնյակ արտադրող գործարաններում կան թափուր աշխատատեղեր, այսինքն, պատի այն մյուս կողմը որ անցնեն, կարող են նորմալ աշխատավարձով աշխատանք ճարեն, ուղղակի մարդիկ 9-ից 6-ը պետք է աշխատեն՝ ամեն օր: Եթե տարեկան մի քանի ժամ, կամ մի քանի օր մի քանի ժամ աշխատանքի արդյունքում ստանում են փոքր արդյունք, պետք է դուրս գալ այդ կաղապարի միջից, գնալ ավելի մեծ գյուղատնտեսություն, որովհետեւ բոլոր խոշոր ընկերություններն էլ ունեն մեծ քանակի թափուր աշխատատեղեր: Եվ դրանք բնականաբար պետք է լցվեն այն մարդկանցով, ովքեր ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսությամբ են զբաղվում»:

Հիշեցնենք, որ 2016-ին պատգամավոր Փաշինյանը ինքն էր հորդորում ՀՀԿ-ականներին ԱԺ-ի մակարդակով անգամ զբաղվել խաղողագործների խնդիրներով, ահազանգում էր, որ խեղճ գյուղացիները կսնանկանան, հորդորում էր արագ լուծումներ գտնել նրանց խնդիրներին, անգամ միջամտել, որ մթերող կազմակերպությունները մարեն իրենց պարտքը խաղողագործների առաջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31