«Դա քաղաքական վատ որակի, «կռուտիտներով» լեցուն հարցազրույց էր: Մեծամասամբ՝ դատարկ: Միտված էր որոշ մարդկանց վրա, որոշ դեպքերում, որոշակի իրադարձությունների վրա մեղավորություն գցելու, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո աշխարհի լռությունն առ Հայաստան ինքը պատճառաբանեց կորոնավիրուսի համավարակով: Այսինքն, Փաշինյանի՝ մեղավորներ նշանակելու մոլուցքը հասել է գագաթնակետին. առաջ մարդկանց էր մեղադրում, հետո՝ պետություններին, հիմա՝ երեւույթներն են մեղավոր»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն այսպես գնահատեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Բանախոսը կարծում է, որ այդ հարցազրույցի առաջին հասցեատերը հենց Փաշինյանի թիմակիցներն են, որոնք, իր գնահատմամբ, այժմ մեծ ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ սեփական «կաշին փրկելու» նկատառումներից ելնելով եւ անընդհատ պահանջում են, որ նա հայտարարություններ անի՝ ցույց տալով, որ վերահսկում է գործընթացը: Սակայն, ընդդիմադիր գործիչը վստահեցնում է, Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից գործընթացները դուրս են:
«Հավաստի տեղեկություններով կարող եմ հայտնել, որ այս պահին բոլոր բանակցային գործընթացներն իրականացվում են Անվտանգության խորհրդի խողովակով, ոչ թե ինստիտուցիոնալ՝ ԱԳՆ-ի խողովակով: Ասել է, թե՝ Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ վստահեցնելով, որ ԱԳ նախարարի՝ այս օրերին կայացող հանդիպումները բացարձակ ոչինչ չեն նշանակում, բայց եւ չեն հերքում իր ասածը:
Բուն բանակցային գործընթացում Հայկ Մամիջանյանն առանձնացնում է սահմանագծում մշտադիտարկման գործընթացը. «Դա այն կետն է, որը ինքը 2018 թվականին իշխանության գալով, որպես բանակցային ժառանգություն է ստացել: Եթե հիշում եք, այն ժամանակ կային Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ապրիլյան՝ ռազմի դաշտում հաղթանակից հետո, նաեւ դիվանագիտական դաշտում ձեռք բերված հաղթանակով. դրանք մսխվել են Փաշինյանի կողմից խայտառակ կերպով, որովհետեւ առաջին հիշատակումը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մասին եղել է 2019 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, այն ժամանակվա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից»:
Համադրելով այդ իրողությունները, Հայկ Մամիջանյանը նկատում է՝ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն Արցախ-Ադրբեջան շփման գծում ունեցել է մշտադիտարկման հնարավորություն, բայց, ըստ Բայրամով-Միրզոյան հանդիպման հաղորդագրության, հիմա փորձում են հասնել այդ մշտադիտարկման հնարավորությանը՝ Հայաստան-Ադրբեջան շփման գծում: Եթե նախկին պայմանավորվածությունները իրականություն դառնային, Հայկ Մամիջանյանը կարծում է, որ դիվանագիտական առավելություն կունենային հայկական կողմերը, նաեւ հազարավոր մարդկային կյանքեր հնարավոր կլիներ փրկել:
Կարդացեք նաև
Բանակցային գործընթացում հաջորդ բացթողումն, այն էլ խայտառակ, Հայկ Մամիջանյանը համարում է սեպտեմբերի 13-ին, Հայաստանի վրա հարձակումը սադրանք անվանելը, մինչդեռ դա իր կարծիքով ագրեսիա էր, որը քիչ էր մնում, որ վերաճեր լայնածավալ պատերազմի ու եթե ՀՀ վարչապետն է նման բառամթերք օգտագործում, ընդդիմադիր գործիչը միջազգային հանրությունից ակնկալիքներ չունի:
Անդրադառնալով հարցազրույցում՝ Արցախի հարցի կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին Նիկոլ Փաշինյանի որակումներին էլ, Հայկ Մամիջանյանը հարցնում է. «Եթե դա տապանաքար է՝ ինչո՞ւ է ներառված ձեր կառավարության ծրագրում, ինչո՞ւ էիր ամբողջ քարոզարշավդ կառուցում մադրիդյան սկզբունքների վրա»: Նիկոլ Փաշինյանը հեգնել էր, թե մադրիդյան սկզբունքներով ի չիք է դարձվել Արցախում տեղի ունեցած անկախության հանրաքվեն: Հայկ Մամիջանյանը հակադարձում է՝ եթե այդ հանրաքվեն հարցը լուծած լիներ էլ ինչո՞ւ էին բանակցություններ ընթանում եւ հավելում, որ մադրիդյան սկզբունքներով ամրագրված էր Արցախի ինքնորոշման իրավունքը. մի բան, որից Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն անգամ չեն էլ խոսում:
Հայկ Մամիջանյանը շարունակում է «ինքնասպան» համարել բանակցային գործընթացի դիվերսիֆիկացիան: Իշխանությունը հարցը մղել է Արցախ-Ադրբեջան ձեւաչափ: Հայկ Մամիջանյանը չի պատկերացնում, որ միջազգային սուբյեկտի կարգավիճակ չունեցող միավորը բանակցային գործընթացի մաս կազմի: Ավելին, վստահ է, որ չի ստացվելու ու այդպիսով, իր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ընդամենը պատասխանատվությունն իր վրայից գցում է: Նաեւ հիշեցնում է, որ «Պատիվ ունեմը» սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ի կողմից ընդունվելիք հայտարարության մեջ առաջարկել էր ամրագրել, որ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան կարգավորման գործընթացները զատելի չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ