Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 ռազմագերի, որոնց մասին ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել ՄԻԵԴ». Դիանա Քարազյան

Հոկտեմբեր 03,2022 16:12

«Այս պահի դրությամբ Ադրբեջանը զուտ հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 ռազմագերի, որոնց մասին ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել ՄԻԵԴ»,- «Մեդիա կենտրոնում» «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

Նա հավելեց՝ թեև Եվրոպական դատարանը պահանջել էր ավելի մանրամասն տեղեկատվություն՝ նրանց բժշկական փաստաթղթերը, թե ինչ բժշկական հետազոտության են ենթարկվել այդ մասին տեղեկություն, բայց Ադրբեջանը ընդհանուր տեղեկություններ է տրամադրել։ Ըստ Դիանա Քարազյանի՝ Ադրբեջանի՝ նման վարքագիծը նորություն չէ։

Հարցին՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութի կապված ի՞նչ տեղեկություններ ունեն, Դիանա Քարազյանը պատասխանեց․ «Այս պահին ընթանում են աշխատանքներ, քանի որ այս պահի դրությամբ մեր գրասենյակն ակտիվ իր աշխատանքները կենտրոնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին Եվրոպական դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ, ցավոք, տեսանյութում երևում է, որ այդ անձինք ուղղակի սպանված են։ Այս պահին միջանկյալ միջոցի մասով՝ որպես առանձին պահանջ ներկայացնելու իրավական գործիք մեզ թույլ չեն տալիս, բայց անպայման դա կօգտագործվի, որ առհասարակ հայ ռազմագերիների իրավական պաշտպանության հարցը ևս մեկ անգամ ՄԻԵԴ-ում բարձրացվի, և դրան ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվել, որ ի վերջո այդ միջանկյալ միջոցները կիրառվեն»։

Դիանա Քարազյանը նշեց՝ միջանկյալ միջոցին հաջորդող գործընթացներն են, երբ միջպետական գանգատները կկոմունիկացվեն, և ՄԻԵԴ կներկայացվի այս փաստը և համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին՝ իրավունքի խախտման մասով։

Հիշեցմանը՝ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին և հարցին՝ ուրիշ ի՞նչ տվյալներ են իրենց գրասենյակին հայտնի, Դիանա Քարազյանն արձագանքեց․ «Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Կոնկրետ տեղեկություն չեմ կարող ասել։ Առհասարակ ռազմագերիների մասով, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ՝ սկսած սեպտեմբերի 13-ի ագրեսիայից, մեր գրասենյակի կողմից կառավարության անունից միջպետական գանգատի շրջանակներում ներկայացվել են այդ ապացույցները Եվրոպական դատարան։ Ցավոք, Ադրբեջանը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այն տեղեկությունը չի ներկայացնում, ինչ դատարանն է պահանջել։ Ընդհանուր տեղեկություններ են ներկայացրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31