ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նախ հիշեց 2018 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ի վրա կազմակերպված գրոհը, ապա անդրադարձավ համացանցում ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, թե ինչպես են խրամատներում դիմահար գնդակահարում 18-20 տարեկան հայ զինվորներին:
«Արդեն իսկ նույնականացումը կատարվել է: Ես չգիտեմ՝ իրավունք ունեմ հրապարակելու, թե չէ, բայց, կարծում եմ՝ ունեմ: Նախնական վարկած կար, որ դա Ջերմուկի դիրքերում է եղել, բայց ոչ: Դա նույնականացված է: Տեղի է ունեցել Իշխանասարի, հիշեցնում եմ՝ Նիկոլ Փաշինյան ընտրած Իշխանասարի, դիրքերում, որտեղ դիմահար գնդակահարել են 7-8 հայ զինվորի: Զինվորների նույնականացումը գրեթե ավարտված է: Ի դեպ, այդ զինվորները, այդ զինվորների մեծ մասը չկային Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակի մեջ: Վերջնական նույնականացումը դեռեւս ավարտված չէ եւ ես չեմ կարող պնդել, թե ութն էլ չկային: Բայց որ նրանց մեծ մասը չկային 207 զոհերի մեջ, դա փաստ է:
Տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, որը եղել է սեպտեմբերի 13-ին: Եվ ռազմական հանցագործության ֆոնին Արարատ Միրզոյանը երեկ Ժնեւում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ խոսում էր խաղաղության պայմանագրի կնքման մասին: Կրկնում եմ, խոսում էր զինվորներին խոշտանգելու, դիմահար կրակելու եւ Ալիեւի ուղղորդմամբ հատուկ արտգործնախարարների հանդիպումից մեկ օր առաջ այդ զարհուրելի տեսասյուժեն համացանց գցելու եւ տարածելու հաջորդ օրը»,- ասաց քաղաքական գործիչը:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտարարեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ իր հրապարակային ելույթներում հնչեցրած քննադատությունների համար Իշխանասարի եւ Սյունիքի՝ Նիկոլ Փաշինյանին ընտրած ՀՀ անձնագիր ունեցող մարդկանց մի զանգված իր հետ հաշվեհարդար տեսնելու կոչեր է արել:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ պաշտոնյաների հրապարակած տեղեկությունները, թե ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մտել Հայաստան եւ հարց ուղղեց ԳՇ պետի տեղակալին, որ դեսպանների եւ դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ադրբեջանցի զինվորների ինչ-որ խմբավորումներ կան ՀՀ ինքնիշխան տարածքում շրջափակված եւ իրենք սպասում են՝ նրանց սնունդը վերջանա, որ հետ գնան: «Իսկ գուցե menu.am-ով մի հատ էլ սնունդ եք փոխանցում իրենց: Ես անընդհատ մտածում եւ ասում եմ, որ անկման մի ինչ-որ սահմանագիծ, անդունդի մի ինչ-որ հատված կա, որ մենք դեռեւս չենք հասել»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ