Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սահակյանը՝ «պետական» հուդայության ու «Գոյի» հետ կապ չունեցող հնարավոր տնօրենի մասին

Հոկտեմբեր 03,2022 14:25

«Սա կոչվում է հուդայություն», – «Հայելի» ակումբում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանը այսպես որակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի այն հայտարարությունը, թե Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ջոկատների մի մասը շրջափակման մեջ է, երբ նրանց սնունդը վերջանա, հետ կքաշվեն, ու սա այն դեպքում,երբ թշնամին գնդակահարում է գերի ընկած հայ զինծառայողներին։ Նրա խոսքով, ինչ կոպիտ բառ էլ ասվի իշխանությունների հասցեին, բառն է անվանարկվելու, ոչ թե իշխանությունները։

«Այս ամենը շատ սպասելի էր, սա մեթոդ է, ուղղակի հրամայվում է՝ էսպես արեք․․․Բայց չէ՞ որ Մայդանը տեսնողը միանգամից պիտի հասկանար, թե 2018թ ինչ է կատարվում այստեղ»,-ասում է ռեժիսորը։ «Ու այսպես, ոնց երկիրն են փչացնում, Արցախն են պղծում, այդպես էլ թատրոնը ու ամեն բան․․․Ախր դուք ով եք, ամեն ինչ մի օր վերջանում է, հետո հանկարծ չնեղանաք»,-ասաց Արթուր Սահակյանը։

Նա թվարկեց իր բեմադրած սոցիալական ու քաղաքական նշանակություն ունեցող ներկայացումները, ընդգծելով, որ ինքը միշտ էլ քննադատել է մերժելի երեւույթների բոլոր իշխանությունների օրոք, եւ ոչ թե խոսել է, այլ գործել․ «1996-ին դա եղել է «Խաթաբալադան», 2002-ին բեմադրեցինք «Մեա Կուլպան», 2008-ին՝ «Ժանգոտ բանալին», որը փակագծերում երկրորդ վերնագիր ուներ՝ «Ուսումնական ձեռնարկ՝ սկսնակ հեղափոխականների համար»։ «Ժանգոտ բանալին» կարճ կյանք ունեցավ, որովհետեւ ծախսատար էր, բայց եթե նայեիք՝ կոնկրետ «թավշյան» էր, ներկայացվում էր, թե ոնց են իրականացվում տեխնոլոգիաները։ Հետո բեմադրեցինք «Մեա կուլպա-2-ը՝ 2017-ին, իսկ անցյալ տարի բեմադրեցի «Առաքել» ներկայացումը։

Այս ամենը ներկայացնում եմ, որ մերկապարանոց չլինի ասելիքս՝ ես չեմ ծառայում ինչ-որ մեկին, ես ծառայում եմ միայն թատրոնին։ Ինձ առաջ մղող երբեք չի եղել, աջակցել են մարդիկ իրենց ընկերությամբ, սիրով, բայց երբեւէ որեւէ մեկն ինձ կարիերային աջակցություն չի ցուցաբերել։ 1999-2015թ չեմ աշխատել որեւէ տեղ, 1988-ին 4 ռեժիսորով, ընկերներով՝ Արմեն Մազմանյանը, Սամսոն Ստեփանյանը, Արսենը Աբրահամյան եւ ես ստեղծեցինք «Գոյ» թատրոնը։ Հրավիրվեցինք Խորեն Աբրահամյանի կողմից, հետո 1998-ին դուրս եմ եկել «Գոյից», եւ 2015-ին կոլեկտիվի խնդրանքով եւ առաջարկով վերադարձել ծառայելու թատրոնին՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Ես չունեմ ոչ մի կոչում, կաշառքի այդ տեսակից հրաժարվել եմ»։

Դառնալով իրականությանը՝ հավելեց․ «Քանդարար երիտասարդությունը, որ չգիտես ով է դաստիարակել, որտեղից են ծնվել, ինչու են ծնվել, ոնց ներես նրանց ծնողներին, որ այդպես են դաստիարակել, շարունակում է քանդել ամեն բան։ Քանդվեց պետական կամերային թատրոնի շենքը, հիմա արդեն սկսել են վերակառուցել ուրիշ մի բանի։ Քանդվելու ճանապարհին է Երգի պետական թատրոնը․․․Հատկապես որ ինչ-որ անիմաստի բերանով ասվեց, թե երեք պետական թատրոնը բավական է։ Դուք ո՞վ եք, որ նման բան ձեր մտքներով անցնի։ Մեկի բերանով դա ասվեց, մյուսի բերանով, որ մենք ով ենք, որ չմասնակցենք բժշկական էքսպերիմենտների, երրորդի բերանով ասվեց, որ այսուհետ Հայաստանում չի լինի արգելված որեւէ բան, կամ՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Իրենք անընդհատ մեթոդաբար նման խայծեր են գցում»։

Ռեժիսորը ահազանգ հնչեցրեց, որ «Գոյ» թատրոնի տնօրեն են փորձում դարձնել մասնագիտությամբ ռեժիսոր, ֆրանսաբնակ մի տիկնոջ․ «Այդ կինը ոչ մի կապ չունի մեր թատրոնի հետ։ «Գոյը» կոնկրետ գեղագիտություն է եւ օրիգինալ մտածողություն։ Իմ կարծիքով, «Գոյը» իմաստ ունի որպես թատրոն, որովհետեւ ունի ուրույն թատերական մտածողություն, հետեւաբար չի կարելի բերել ու ինչ-որ մեկին խցկել այստեղ։ Հարցում կատարվել է ֆրանսիական դեսպանատուն, ասել են՝ անհիմն է։ Շուտով տեղի է ունենալու տնօրենի ընտրություն, եւ արդեն որոշված է, որ լինելու է այդ կինը։ Ու նա գալու է անկապ ասի՝ բարեւ ձեզ, ես ձեր տնօրենն եմ, ընթացքում սրա հետ պայմանագիր չի կնքի, նրա հետ չի կնքի»։

Արթուր Սահակյանը վստահ է, որ իշխանությունների հասցեին իր քննադատական ելույթներն են պատճառը, որ ուզում են իրեն հեռացնել թատրոնից։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31