«Մեր կազմակերպության վերջին և կարելի է ասել առաջին տեսակցությունը գերեվարված անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունը հաստատել է, եղել է սեպտեմբերի 23-ին»,- «Մեդիա կենտրոնում» «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղեկեցրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձանց հետ տեսակցություններին։
Այս առիթով նա մանրամասնեց․ «Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս մեզ հնարավարություն է տրվել շրջել պահման վայրով, ստուգել անձանց առողջական վիճակը, ապահովել կապը ընտանիքների հետ։ Բնականաբար, այս գործընթացը շարունակական է»։
Սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձանց թվին առնչվող հարցին ի պատասխան՝ Զառա Ամատունին ասաց․ «Մենք բազմիցս ասել ենք, որ նման վիճակագրական տվյալներ հանրության հետ մենք չենք կիսում, սակայն մենք կապի մեջ ենք անմիջապես գերեվարված անձանց ընտանիքների հետ»։
Անդրադառնալով հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութին՝ Զառա Ամատունին ասաց․ «Բնականաբար, նման տեսանյութերի և ցանկացած տեսանյութի հետ կապված, որոնք հայտնվում են համացանցում, մենք դրանք անմիջապես տեսնում ենք և դրանց հետ կապված, ոչ թե հանրային հարթակում ենք հանդես գալիս, այլ կողմերի հետ այս հարցով ունենում ենք ուղիղ քննարկում և հետադարձ կապ։ Հանրային հարթակում ոչինչ հայտարարել չենք կարող․ իրավասություն չունենք, հանրային հարթակում որևէ հայտարարություն չենք կարող անել, մեր աշխատակազմը կոնֆիդենցիալ երկխոսության մեջ է, բնականաբար, նման հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի