Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 03,2022 11:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, և այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև աջակցելու առումով: Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, և այս առումով կարևորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը: Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, և նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաև մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի որպես անձ՝ տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն և երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ վստահեցնելով, որ առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել:

Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ: Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը և ուսումնական առաջադիմության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։

«Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները․ ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության և ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման և տարածման հնարավորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաև Մանկավարժական համալսարանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31