Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման համար

Հոկտեմբեր 03,2022 09:51

2022թ. սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով հանրային հեռուստաընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է հետևյալը. «…մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման»:

Այս առնչությամբ հարկ է նշել հետևյալը.

նախ` գրեթե ցանկացած միջազգային միություն հիմնելիս կամ այդ միությանն անդամակցելիս հիմնադիր կամ անդամակցության փաստաթղթերում արձանագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, ԱՊՀ և այլն: Սա չի կարող փաստարկ հանդիսանալ առ այն, որ տվյալ միությունների անդամ երկու առանձին պետություններ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված փաստաթուղթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

Երկրորդ՝ եթե 1991թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված ԱՊՀ համաձայնագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանին ներկայացրած հինգ առաջարկների թվում հենց առաջին կետով ներկայացրել առաջարկ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

Երրորդ՝ իրավական առումով չի կարելի հիմք ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը:»:                                     Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Այս դեպքում հարց է առաջանում. ունեցե՞լ է արդյոք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Հարցին պատասխանելու համար դիմենք թեմային վերաբերող իրավական բնույթ ունեցող փաստաթղթերին:

Փարիզի խաղաղության վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախագահ Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը 1920թ. նոյեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր դիմել է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին՝ խնդրելով Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգայի անդամ: Ուսումնասիրելով դիմումը՝ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը 1920թ. նոյեմբերի 24-ին հրապարակել է հուշագիր, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը Ս. Հ.-Ջ.), զբաղեցնելով 40.000 քառակուսի մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է»:

Ազգերի լիգայի 4-րդ կոմիտեն, 1920թ. դեկտեմբերի 1-ին քննարկելով Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի դիմումը, տվել է բացասական կարծիք՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «Կոմիտեն միաձայն հաստատել է հետևյալը. «Կոմիտեն, Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ենթակոմիտեի զեկույցը քննարկելուց հետո, բացասական կարծիք է տալիս Ադրբեջանի անդամակցության հետ կապված և հարցը վերադարձնում է Ասամբլեային»»:

Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն, 1920թ. դեկտեմբերի 1-ին քննարկելով Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի դիմումը, նույնպես տվել է բացասական կարծիք՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «Կոմիտեն որոշեց, …դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չտվեցին Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:

Հիմք ընդունելով Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի դիմումի՝ Ազգերի լիգայի կողմից տրված բացասական պատասխանը՝ կարող ենք պնդել, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, այսինքն՝ չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդն այսօր հանդիսանում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը:

Այսպիսով, հիմնվելով կատարված համառոտ վերլուծության վրա՝ կարող ենք պնդել հետևյալը.

  • ԱՊՀ համաձայնագրում արձանագրված անդամ պետությունների միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու և հարգելու մասին դրույթը չի կարող իրավական առումով ելակետ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ սկսելու համար, քանի որ այն վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմանները չեն կարող իրավական առումով հիմք հանդիսանալ ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ սկսելու համար, քանի որ ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918-1920թթ. գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
  • Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված փաստաթուղթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31