Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախումբը Հայաստանում է
Ֆրանսիական SOLI-TUTTI երգչախմբի հայաստանյան համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 29-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Խազեր» երգչախմբի հետ համատեղ։ Առաջին անգամ մեր երկիր այցելած երգչախմբին «Առավոտը» հանդիպեց բեմելի նախօրեին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արխիվի բաժնի պետ Ելենա Խոդիկյանի ուղեկցությամբ ծանոթանում էին թամանյանական կառույցին, ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը եւ այլն։ Տիկին Խոդիկյանից տեղեկացանք, որ 2019-ից համերգասրահում կազմակերպում են շրջայցեր ոչ միայն Երեւանի ու մարզերի, այլեւ մայրաքաղաքի հյուրերի եւ առհասարակ ցանկացած այցելուների համար։
«Ինտերակտիվ ձեւով ծանոթացնում ենք շենքի գողտրիկ անկյուններին, ուղեկցում համերգասրահի այն հատվածներ, որտեղ հանդիսատեսը մուտք չունի՝ ետնաբեմ, գրադարան, բացառիկ հնարավորություն ենք ստեղծում մտնել երգեհոնի «թոքերի» մեջ, ներկա գտնվել նվագախմբի փորձին, անմիջական շփվել երաժիշտների ու մաեստրո Թոփչյանի հետ։ Կարճ ասած՝ բացահայտել Երեւանի ճարտարապետական գոհարներից մեկը իր միասնական ու հաստատուն ծավալով, քանդակագործական երկին հատուկ արտահայտչական ուժով, այսինքն այնպես, ինչպես հանդիսավոր ու գեղեցիկ ձեւով համերգասրահը իշխում է քաղաքի համայնապատկերում»,- հայտնեց տիկին Խոդիկյանը, ում միջնորդությամբ էլ զրույցի հրավիրեցինք երգչախմբի հիմնադիր խմբավար Դենիս Գոտեյրիին։
«Մեր երգչախումբն արդեն երեսուն տարի է՝ բազմաձայն ու հատկապես ժամանակակից երկացանկով ներկայանում է աշխարհին, համագործակցում տարբեր երկրների երգչախմբերի հետ ու ստեղծում նոր մշակույթ՝ հյուսված տարբեր մշակույթների միասնությունից։ Առաջին անգամ ենք Հայաստանում, բայց խորապես գնահատում ենք հայկական արվեստը, մեծ խոնարհումով ենք ներկայացնում ձեր ժողովրդական ու կոմիտասյան երգերն աշխարհում։ Այնքան ենք սիրահարված հայ երգարվեստին, որ Ռուսաստանում հյուրախաղերից մեկի ժամանակ համերգը սկսեցինք ոչ թե ռուսական, այլ հայկական երգով՝ «Մայրիկին», որին հաջորդեց հայտնի «Դլե յամանը»,- ասաց խմբավարը, շեշտելով, որ այս համերգաշարով իրենց հնարավորություն է ընձեռված այս դժվարին օրերին լինել մեր կողքին, հայ հանրությանը փոխանցել ուժ ու զորակցություն։
Կարդացեք նաև
Նաեւ հայտնեց, որ իրենք հայաստանյան տարբեր երգչախմբերի հետ համատեղ ելույթ կունենան Գյումրիում, Գոշավանքում, Վանաձորում։ Նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի (ղեկավար՝ Մարինե Ոսկանյան), Վանաձորի պետական կամերային երգչախմբի (ղեկավար՝ Ռուզաննա Մխիթարյան), «Խազեր» երգչախմբի (ղեկավար՝ Անի Նավասարդյան) անունները։ Մենք էլ հավելենք, որ SOLI- TUTTI-ն բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից, որոնցից երկուսը մեր հայրենակիցն են՝ Անուշ-Նատալի Դանաջյանն ու Առնո Խաչերյանը։
Անուշ-Նատալին, որ 20 տարի երգչախմբում է, ասաց, որ իրենք ամենուր առանձնահատուկ ոգեւորությամբ են կատարում հայկական երգեր. «Հայաստան աշխարհին վրա հասած վայրագությունների առիթով աշխարհասփյուռ հայերի պես ֆրանսահայերս նույնպես կորցրել ենք մեր հանգիստը, մտքով մշտապես ձեզ հետ ենք, աղոթում ենք ձեզ համար… Ճիշտ է՝ առաջին անգամ եմ հայրենիքում, բայց հենց այսպես էլ այն կար իմ պատկերացումներում։ Հիմա եմ հասկանում, որ ինչպես այլազգիներն են ասում՝ բավական է մեկ անգամ լինել Հայաստանում եւ ընդմիշտ կապվում ես նրան։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ընձեռվեց մեզ ներկա գտնվելու Հայաստանի ֆիլհարմոնիկի փորձին։ Նվագախմբի մասին շատ ենք լսել, կուզեի, որ մի օր էլ այցելեն Փարիզ եւ զարմացնեն ողջ Ֆրանսիան»։
Անուշ-Նատալիի վերջին միտքը շարունակեց Առնո Խաչերյանը. «Ես էլ շատ կցանկամ, որ այդպես լինի, թեեւ վստահ եմ, որ գիտեք շատ ֆրանսահայ երգիչների, այդ թվում՝ Պատրիկ Ֆիորի, Էլեն Սիգարա… էլ չասեմ՝ Ազնավուր, որոնք ոչ միայն Փարիզն ու Ֆրանսիան, այլ աշխարհին են զարմացրել, հիմա էլ ունենք Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան… թվարկումը երկար կտեւի»։ Առնոն, որ երկու անգամ ծնողների հետ եղել էր Հայաստանում, նշեց, որ երգչախմբում է չորս տարի եւ միաժամանակ հանդիսանում է ֆրանսիական բանակի երգչախմբի արտիստ։ «Այս պահին մտաբերեցի՝ երբ 2018թ. Երեւանում կայացած «Ազնավուր, քեզ համար» համերգին մասնակցում էր նաեւ մտերիմ ընկերս՝ Ժերեմի Դելվերը, ով Երեւանում ընդամենը մեկ-երկու օր գտնվելով, Փարիզ վերադառնալուց անմիջապես հետո, չսպասելով մեր հանդիպմանը, կապվեց ինձ հետ ու սկսեց Հայաստանի ու հայերի գովքն անել։ Պատկերացնում եք, չէ՞, իմ հպարտությունը»,- հավաստիացրեց Առնոն։
Կարճատեւ զրույց ունեցանք երգչախմբի մյուս արտիստների հետ նույնպես, որի ընթացքում դոմինանտում էր իրենց խմբավար Դենիս Գոտեյրիի՝ մեզ փոխանցած միտքը. «Եզակի հյուրախաղ է ու անսահման պարտավորեցնող՝ լինել ձեր կողքին եւ հայ հանրությանը փոխանցել ուժ ու զորակցություն»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
SOLI-TUTTI երգչախումբը Հանպատրաստից ելույթ ֆիլհարմոնիկում:
Առնո Խաչերյանն ու Անուշ-Նատալի Դանաջյանը
Դենիս Գոտեյրին եւ Էդուարդ Թոփչյանը
«Առավոտ» օրաթերթ
01.10.2022