Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանի ընկերներս

Հոկտեմբեր 03,2022 12:00

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից

Իմ ուսանողական տարիները լի են եղել միջադեպերով ու հիշարժան պատմություններով: Աստծո ողորմածությամբ, հենց առաջին ուսումնական օրը, ծանոթացա երկու սեւանցի կուրսընկերներիս՝ Արծրունի եւ Լյովայի հետ: Պարզվեց, որ մենք նաեւ կոլեգաներ ենք:

… Երկրաշարժին հաջորդած երկու օրերի ընթացքում ես դեռեւս լուր չունեի կնոջս մասին: Նույնիսկ չգիտեի, ո՞ղջ է մնացել, թե՝ ոչ: Իսկ Սեւանի ընկերներս…

… 88-ի դեկտեմբերյան սարսափների առաջին վայրկյաններից մարդկային հոգածության ինչպիսի՜ դրսեւորումներ ի հայտ եկան նրանց կողմից, իմ ու ընտանիքիս հանդեպ։

Երկրաշարժի բոթն իմանալուն պես, Արծրունն ու Լյովան հայրենի Սեւանից անմիջապես մեկնել են Սպիտակ: Սակայն…

Անճանաչելի աստիճանի ավերակ դարձած Սպիտակն ու մեր բազմաբնակարան շենքն այնքա՜ն խառնիխուռն են եղել, որ նրանք դժվարությամբ են «հայտնաբերել» շենքի տեղը: Հիմնահատակ շենքի մոտակայքում եղած մի քանիսին մեր մասին հարց ու փորձ անելուց եւ տեղեկություն չստանալուց հետո, ցավը սրտերում ծանրացած, հեռացել են Սպիտակից: Հեռացել են, Հայաստանի հիվանդանոցներում ընտանիքիս յոթ անդամներից գոնե մեկին՝ թեկուզ վիրավոր, գտնելու հույսով…

Երկու օր անց, Լյովան, իր աշխատասենյակում, ռադիոհաղորդումից տեղեկանում է, որ Ռիտա Դունամալյան անուն-ազգանունով մի կին հարցազրույց է տալիս, ով ծանր վիճակում գտնվում է Երեւանի չորրորդ վարչության հիվանդանոցում:

Եվ, չնայած կնոջս ազգանունը չեն իմանում, սակայն նույն պահին սլանում են Երեւան ու գտնում նրան:

Դեկտեմբերի վերջին, հիվանդանոց՝ հաջորդ այցելության ժամանակ, տեղեկացած լինելով, որ ես ողջ եմ, ընկերներս խնդրում են կնոջս, փոխանցելու ինձ՝ գնամ Սեւան եւ Նոր տարին անցկացնեմ իրենց հետ։ Ինչպես ասում են՝ Նոր տարի դիմավորելու ոչ սիրտ ունեի, ոչ էլ տրամադրություն, սակայն Սպիտակի ավերակներից գոնե մի երկու օր հեռանալու մտադրությամբ, մեկնեցի Սեւան եւ հետերկրաշարժյան առաջին Նոր տարին դիմավորեցի Լյովայի՝ Սեւանի շրջանի Գեղամավանում գտնվող տանը, նրա ընտանիքի ու ծնողների հետ։ Այդ հյուրասեր, ինձ սիրով ու ջերմությամբ շրջապատած ընտանիքում, որտեղ այդ ողջ ընթացքում մշտապես ներկա էր նաեւ Արծրունը, առաջին անգամ զգացի, որ ես, թեեւ անտուն եմ, բայց մենակ չեմ, ընտանիքիս վերականգնելու եւ գոյատեւելու հույսը դեռ կորած չէ, ու ես պարտավոր եմ ամեն ինչ անել դրան հասնելու համար։ Իսկ նրանք էլ, ամեն Աստծո ժամ, միշտ այդ էին շեշտադրում ու պարտադրում մեր զրույցների ընթացքում…
Սեւանի ընկերներիս հոգատարության «էպիկենտրոնը» դարձել էր թե՛ կինս, թե՛ յոթնամյա որդիս։ Նրանք ամեն Աստծու օր, սննդամթերքով ծանրաբեռնված, այցելել են կնոջս ու որդուս հիվանդասենյակները, հաճախ կատարելով որդուս կամակոր, երբեմն՝ «պահանջատիրական» ցանկությունները։ Երկրաշարժից երեք ամիս առաջ էինք ընտանիքով վերադարձել Գերմանիայից, որտեղ երեխաներս ճաշակել էին այն տարիների համար եզակի ցիտրուսային մրգեր՝ բանան, անանաս… Մի այցի ժամանակ ընկերներս որդուս հարցնում են, թե՝ ի՞նչ կցանկանար։ Նա անմիջապես պատասխանում է.

– Բանան, անանաս եւ անանասի կոմպոտ… Ընկերներս «լծվում են» դրանք փնտրելու գործին ու սկսում բազմաթիվ շրկոոպ-քաղկոոպներում հարցումներ կատարել եւ, վերջապես, գտնում են ու բերում։

Սեւանաբնակ ընկերներս այն եզակի մարդկանցից են եղել իմ կյանքում, ովքեր կարողացել են ապրելու հույս ու հավատ սերմանել սրտիս մեջ, ովքեր իմ ցավն իրենցը համարելով, ընտանիքիս համար ստեղծված դժվարին պահերին ինձ երբեք մենակ չեն թողել, հետագայում նաեւ` ուրախության պահերին։

Մեր ուսումնառության տարիներին նրանք երկուսն էլ ամուսնացած էին եւ երեխաներ ունեին։ Ու ամեն անգամ, մեր տուն այցելելիս, մայրս սկսում էր նրանց ներկայությամբ նախատել ինձ, որ ընկերներս արդեն երեխաներ ունեն, իսկ ես դեռ ամուսնացած չեմ։ Մորս խոսքը «խլում» էին նրանք ու ավելի ազդեցիկ նախատինք էին տալիս ինձ.

– Եթե այս տարի էլ չամուսնացար, քեզ մենաստան կամ կուսանոց ենք «հանձնելու»… Եվ քահ-քահ ծիծաղում էին։

Իմ հարսանիքի ժամանակ նրանք իմ դեմ-դիմաց նստել ու անընդհատ «բացատրում էին» ամուսնական առաջին գիշերվա «խորհրդավոր գաղտնիքները»՝ «հոգուս հետ խաղալով» ու տարբեր եղանակների ամաչեցնող «ծաղր ու ծանակներով» լցնելով երջանկության «օրսակարգս»։

… Երկրաշարժի «սեւ տարելիցի» նախօրյակին նրանք իմ բզկտված ընտանիքի նոր կացարան՝ վագոն տնակ եկան ընտանիքներով, Լյովայի մոր՝ Քնարիկի ղեկավարությամբ։ Նրանք սկսեցին բեռնված ավտոմեքենան դատարկել, իսկ ես էլ սկսեցի մտածել, թե որտե՞ղ եմ տեղավորելու այդքան սննդամթերքը։ Արծրունը դատարկելու գործին էր անցել, իսկ Լյովան՝ իր խոհարարական հմտություններին։ Այդ երեկո իմ ընտանիքում առաջին անգամ «վերսկսվեց կերուխումը»։ Ընկերներիս հետ սկսեցինք վերապատմել ջահել օրերի մեր «արկածներն» ու միմյանց նկատմամբ կատարած «չարագործությունները», որոնք հիշվում էին իրենց եզակի քաղցրությամբ ու հետաքրքրությամբ։ Եվ այսպես՝ մինչեւ ուշ գիշեր։

Երանի այդ օրը դարի չափ երկարեր ու հավերժանար։ Հավերժանա՜ր օդի ու ջրի նման։

Խավարի ու մթության տարիներին նաեւ հացի խիստ պակասի խնդիր կար։ Սեւանցիներն այստեղ էլ «իրենց բարձրության վրա էին»։ Միայն թե Արծրունն ինձ ստիպեց, որ իր ավտոմեքենայի բեռնախցիկից ինքս՝ միայնակ, դուրս բերեմ երկու պարկ «թանկարժեք դեֆիցիտը»՝ հիսուն կիլոգրամանոց ալյուրը… Երբեմն մենք իրար նկատմամբ այդպիսի «չար կատակներ» էինք անում՝ եղբայրաբար։

Մեր սրբացած ընկերությունը շարունակվեց երկար տարիներ։ Արծրունի զարմուհին դարձավ որդուս՝ Սարգսի կինը, էլ ավելի հարազատորեն կապել-ամրացնելով մեր «ախպերության կամուրջը»։

Իմ թանկագին ընկերները՝ Լյովան ու Արծրունը, հիմա վերին ոլորտներում են, ցավոք։ Սակայն նրանց ընտանիքների հետ, հարազատների նման, փոխադարձ այցելություններն անվերջ շարունակում ենք։ Սակայն…

Կգա դեկտեմբերի 7-ը։ Արծրունն ու Լյովան այլեւս չեն գա ցավս մեղմելու, ասել է թե՝ ցավակցելու։

Ձեր պատգամն էր իմ եղբայրներ՝ այդ օրն իմ կողքին լինել։ Ձեր կարոտը կտանջի ինձ այսուհետ, անվերջ կտանջի։ Ես կմորմոքեմ անդարման ցավից։ Իսկ դուք ձեր դրախտի հեռուներում, վերջապես կմտածեք ու կհամոզվեք, որ հավատարիմ ընկերներն այդքան վաղաժամ չեն լքում միմյանց…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
01.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31