Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ փակ հանդիպումից. Ինչ մեսիջ է ուղարկել ՌԴ-ին Անդրանիկ Քոչարյանը

Հոկտեմբեր 03,2022 15:00

ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնությամբ հանդես եկող ուժերի ներկայացուցիչները գոհ հեռացել են:

Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ իր աշխատասենյակում փակ հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ ներկայացնող քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը արդեն ԶԼՄ-ներում ներկայացվում է այսպես՝ մի խումբ «հակառուս» մարդկանց ՔՊ-ից աշխատասենյակում ընդունել են: Ինչպես պարզեցինք, այդ հանդիպմանը բավականին երկար ու հանգամանալից քննարկել են ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերն ու հնարավորությունները, այլ նաեւ առհասարակ խոսել են ոստիկանության, բանակի խնդիրների մասին:

«Առավոտը» զրուցեց հանդիպմանը մասնակցած մի քանի գործիչների հետ՝ պարզելու, թե ինչպես է արձագանքել իրենց պահանջին Անդրանիկ Քոչարյանը, ինչ խոստումներ է տվել ու ինչքանով է հանդիպումը արդյունք տվել: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց. «Մենք ներկայացրեցինք մեր փաստարկները՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու օգտին, ասացինք՝ հենց հիմա հայտարարեք, նիստ հրավիրեք, կամ գործադիրը ուղղակի թող հայտարարի, որ կասեցնում է իր անդամակցությունը այդ կազմակերպությանը»:

Ազատ Արշակյանը փոխանցեց, որ ասել է՝ ՀԱՊԿ-ը մեզ համար լոկ ցուցանակ է, որի վրա գրված է «собака» ու որը պետք չի. «Ընդհանրապես ՀԱՊԿ-ը կանխարգելող գործոն է պատերազմի, սահմանային լարվածության, սպառնալիքների դեմ: Մենք այդ ցուցանակը ցույց ենք տալիս, ասում ենք՝ նայեք, մենք շուն ունենք, ձեզ համ կկծի, համ էլ ձեր վրա կհաչա, բայց պարզվում է՝ մեր շունը ոչ հաչալ գիտի, ոչ էլ կծել: Դրա համար հարկավոր է հրաժարվել այդ շնից: Մեր փաստարկները ուշադիր լսեց Անդրանիկ Քոչարյանը, ասեց՝ մեր մեջ կա մի փոքր տարբերություն՝ դուք ազատ խոսքի իրավունք ունենք, իսկ մենք մի քիչ ավելի կաշկանդված ենք, մենք պատասխանատու ենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության համար: Ինքը դիվանագիտորեն ասեց՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ երկիր: Ինքը ուշադիր մեզ լսեց ու մենք դա գնահատեցինք»: Ճշտեցինք՝ այսինքն, Անդրանիկ Քոչարյանը համաձայն էր ձեզ հետ, բայց որպես իշխանություն իրավունք չունի բարձրաձայնել, կաշկանդված է, ճի՞շտ եմ հասկանում՝ նա պատասխանեց. «Հա, իհարկե: Մենք հիմք ընդունեցինք, ասեցինք՝ տեսեք, դուք էլ եք հայտարարում ՀԱՊԿ-ի անօգուտ լինելու, պարապուրդի մատնվելու եւ այլնի մասին, իսկ մենք ասում ենք՝ քանի որ դուք դա գիտեք, հուսադրող է կառավարության ու ԱԺ որոշ պատգամավորների վարքագիծը, բայց հույս ունենք, նաեւ քաղաքացիական հասարակության կարծիքը կլսեք: Ինքն ասեց՝ ինչ հնարավոր է ու ինչքան որ դուք գիտեք՝ մենք արդեն արել ենք, մնացածը արդեն հետոն ցույց կտա»:

Հարցին՝ որեւէ խոստում ձեզ չտվե՞ց, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Նա համեմատություն բերեց, ասեց՝ դուք մեքենայի մեջ եք, բայց ղեկն ու արգելակները կառավարության ձեռքում են: Հիմա եթե դուք արգելակներն ու ղեկը հանում եք, կառավարությունը պատասխանատու է այդ մեքենայի անվտանգ երթեւեկության համար, այնպես որ, մի ստիպեք ու մի շտապեցրեք մեզ»:

Ազատ Արշակյանը հանդիպումը Անդրանիկ Քոչարյանի հետ արդյունավետ է համարում, քանի որ վերջինս լսել է իրենց: Դիտարկմանը, որ ձեր ու այդ հանդիպմանը մասնակցած մյուս գործիչների կարծիքը հրապարակային է, բոլորն էլ անգիր գիտեն ինչ եք մտածում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, հետեւաբար ինչո՞ւ եք արդյունավետ համարում մի հանդիպում, որտեղ ձեր կարծիքը պարզապես լսել են, սպասում էիք, որ պիտի չլսեի՞ն՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Չէ, տեսեք ինչ նրբություն կա՝ մեզ իմանալով եւ ընդունելով՝ դա նույնպես մեսիջ է, որ մենք ձեր ձայնը լսում ենք, ըմբռնումով ենք մոտենում ձեր կարծիքին, անում ենք այն, ինչ այսօր իրատեսական է»:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների արձագանքին, որ հակառուսական ուժերը հանդիպման են գնացել ԱԺ-ում՝ Ազատ Արշակյանն ասաց. «Մենք գիտենք դա որտեղից է գալիս, իսկ հակահայկական ուժերը ի՞նչ են անում: Ես արդեն ամրապնդվում եմ իմ կարծիքի մեջ՝ ինչքան ճիշտ եմ գնահատել նրանց՝ այդ հակահայկական կազմակերպությունները, ԵԱՏՄ-Մաքսային միությունը, ՀԱՊԿ-ը, CCCP-ը, այդ բոլորը հակահայկական կազմակերպություններ են: Իրենք ըմբոստանում ու ընդվզում են, որովհետեւ մեր ձայնը տեղ է հասնում, ուրեմն հարկավոր է պայքարել»:

Նշենք, որ Քոչարյանի մոտ հանդիպմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, «ԴուՐս ՀԱՊԿ-ից» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Էդգար Առաքելյանը, Թեհմինե Ենոքյանը, Գարեգին Միսկարյանը եւ այլք: Նրանք բոլորը հանդիպման արդյունքներից գոհ էին: Հանդիպման ընթացքում քննարկել են անգամ հետախուզության հարցերը, ռազմական կրթության խնդիրները, սոցիալական հարցերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Իսկ երբ այդ շունը գայ արդէն ինքդ քեզ կծի, այն ատեն արդէն հայերը իրենց պատշաճ լալկանութեամբ պիտի…լան.

    Լալկան ժողովուրդ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31