Հոկտեմբերի 2-ին, ժամը 18:49-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին՝ անտառի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 20 մետր)․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 1963 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Կարդացեք նաև
Փրկարարները տուժածին պատգարակել են, դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր, այնուհետև՝ տեղափոխվել Երևան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից, բարձրացրել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ