Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Հոկտեմբեր 02,2022 20:52

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից:

Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում:

Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա:

Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։

Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու:

Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:

ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31