Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների աշխատավարձերի իրական չափերը

Հոկտեմբեր 02,2022 20:33

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները վարձատրվում են դրույքաչափով և ժամաքանակով․ որքան մեծ է հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների թվաքանակը և դասարանների (9, 12, 24, 36, 48) քանակը, այնքան բարձր է ստացվում ուսուցչի մեկ դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց ամսական վարձատրությունը, որն իր մեջ ներառում է մինչև 24% հարկային պարտավորություններ և հիմնականում տատանվում է ամսական 108 հազարից մինչև 160 հազար ՀՀ դրամի միջակայքում։

Այսօր` հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների միայն 38%-ն է, որ ունի մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն։ Մնացած 62%-ը ունի մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն։

Ուսուցիչների ծանրաբեռնվածության չափը էականորեն պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասարանների թվաքանակով։ Այսինքն որքան շատ է դպրոցի դասարանների թվաքանակը (9, 12, 24, 36, 48), այնքան բարձր է դպրոցների ուսուցիչների ծանրաբեռնվածություն աստիճանը և ամսական աշխատավարձը։

Օրինակ` մինչև 9 դասարան ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում նույնիսկ 1 առարկայի դեպքում 1 ուսուցիչը օբյեկտիվորեն չի կարող ունենա մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն, քանի-որ կան առարկաներ (աշխարհագրություն, տեխնոլոգիա, շախմատ, կերպարվեստ, երաժշտություն, ֆիզիկա, քիմիա,  ինֆորմատիկա և այլն), որոնց ժամաքանակները տատանվում են շաբաթական 4-ից մինչև 6 ժամի միջակայքում։

2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում (հիմնականում տարածվում է 9 և 12 դասարաններ ունեցող դպրոցների վրա) ուսուցչի նվազագույն դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց հարկերն էլ հետը` սահմանվեց ամսական 108 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ եթե դրանից էլ հանենք 24%-ի հասնող հարկային պարտականությունները, ապա տակը կմնա 83 հազար ՀՀ դրամ ամսական մաքուր աշխատավարձ։ Եթե հաշվարկը շարունակենք, ապա շաբաթական 11 դասաժամի դեպքում կլինի 41 հազար 500 դրամ, շաբաթական 6 ժամի դեպքում կլինի մոտ 21 հազար դրամ, իսկ 4 ժամի դեպքում 19 հազար դրամ ամսական մաքուր աշխատավարձ։

Հայաստանում կան նաև շատ քիչ` մեկ տասնյակի հասնող դպրոցներ, որոնք ունեն 36-ից ավելի դասարաններ կամ միջինում 900-ից 1200 աշակերտ։ Այդօրինակ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի մեկ դրույքը (շաբաթական 22 դասաժամ) հարկերն էլ հետը ամսական վարձատրվում է` 150-ից մինչև 160 հազար ՀՀ դրամ։ 160 հազարից էլ եթե հանենք մինչև 24%-ի հասնող հարկային պարտավորությունները, ապա տակը կմնա 121 հազար 600 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ։

Ամփոփում

Այսօր` հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հազարավոր ուսուցիչներ ամսական ստանում են 19 հազար ՀՀ դրամից մինչև 121 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։

ՀՀ-ում ուսուցիչները համարվում են աշխատող աղքատներ, քանի-որ իրենց ստացած աշխատավարձը անգամ չի բավարարում 1-ին անհրաժեշտության ապրանքների և կենցաղային տարրական պայմանների բավարարման համար։

Նույն վիճակն է նաև բոլոր ՀՈԱԿ-ներում`  մանկապարտեզներում, ամբուլիատորիաներում, մշակույթի կենտրոններում և այլ հաստատություններում։

Սեպտեմբերի 29-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս միտքը` «եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է՝ կրթություն չի ստացել» որևէ աղերս չունի իրականության հետ։ Ընդհակառակը այսօր կրթված մարդն է աշխատող աղքատ ու հենց հասարակության կրթված և կրթող հատվածն է միջինում ստանում Փաշինյանի նշած 75 հազար ՀՀ դրամ ամսական մաքուր աշխատավարձը։

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31