Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ համար ՀԱՊԿ գոյություն չունի, և մեզ մնում է ընդամենը ֆորմալ առումով  դուրս գալ կառույցից. Սերգեյ Բագրատյան

Հոկտեմբեր 02,2022 18:52

«Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության առաջարկով «ՀԱՊԿ-ում մնալու ռիսկերը և ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերն ու հնարավորությունները» թեմայով հոկտեմբերի 2-ին «Ալեքսանդր» հյուրանոցում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիգեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորները շատ կարևորեցին նման քննարկումները, միաժամանակ զգուշորեն ակնարկեցին, որ քննարկմանը ցանկալի կլիներ մասնակից դարձնել նաև հակառակ տեսակետ ունեցողներին: Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պետք է հասկանալ՝ արդյոք ճի՞շտ է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քանի որ ունենք նաև անվտանգության խնդիր: Նա առաջարկեց քննարկել Ռուսաստանի տեսանկյունից և հասկանալ՝ այդ դեպքում ինչպիսի վտանգներ են սպասվում Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ներկաներին դուր չեկավ Բագրատյանի խոսքը, ուստի նա անմիջապես «նահանջեց». «Ինձ համար ՀԱՊԿ գոյություն չունի և մեզ մնում է ընդամենը ֆորմալ առումով  կառույցից դուրս գալ»։

Ինքնապաշտպանության համար, նրա խոսքով, կարող ենք ցանկացած լծակ օգտագործել, պետք է կարողանանք մեզ պաշտպանել, այդ դեպքում ոչ ոք պայմանագրերից չի խոսի: Բագրատյանի խոսքով՝ հանուն ՀՀ պաշտպանության իր համար ցանկացած քայլ ընդունելի է։

ԱԺ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով, վտանգավոր է շտապելը, պետք է ունենալ ներքին համերաշխություն որևէ քայլի իրագործման համար: Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է համարձակություն ունենա վճիռներ կայացնելու, սակայն դեռևս միայն քննարկումներ են:

«Մենք խոսում ենք ռիսկերից, սակայն դրանց գնահատական չենք տալիս: Վճռելու համար պետք է լսել բոլոր կողմերին»,-ասաց պատգամավորը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31