«Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը և հացադուլ է հայտարարել։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Սամվել Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանը։
«Իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և կարծում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Այս կապակցությամբ նա երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Մենք երկուսով քննարկել ենք նրան կալանավորելու որոշումը և ուզում եմ փոխանցել Սամվել Հովսեփյանի կարծիքը։ Ըստ իմ պաշտպանյալի կալանավորման որոշում չէր կայացվի, եթե «Զորավոր համայնք» դաշինքը չհաղթեր ընտրություններում։ Իհարկե, հաջորդ շաբաթ, հավանաբար, մենք կբողոքարկենք կալանավորման որոշումը Վերաքննիչ դատարանում, տեսնենք ինչ արդյունքի կհասնենք»,- հավելեց Սաղոյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին՝ դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ Բերդ համայնքում խմբի կողմից ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի