«Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության առաջարկով՝ «ՀԱՊԿ-ում մնալու ռիսկերը և ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերն ու հնարավորությունները» թեմայով, հոկտեմբերի 2-ին «Ալեքսանդր» հյուրանոցում կազմակերպված քննարկմանը ՀԱՊԿ պայմանագրի իրավական և իրավաքաղաքական հիմքերը ներկայացրեց իրավաբան Արտաշես Խալաթյանը:
Նրա դիտարկմամբ՝ այն, որ մեր անկախ պետության համար այս պահին բախտորոշ իրավիճակ է, որի շրջանակներում շատ կարևոր է, որ ռազմաքաղաքական այս խրթին իրադրությունում մշակել հստակ քաղաքական ուղենիշներ, թե ինչպես պետք է ապահովենք մեր անվտանգությունը:
Խալաթյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը էապես տարբերվում են այն իրականությունից, որում այդ կառույցը գործում է: Նրա ձևակերպմամբ, ՀԱՊԿ-ի հիմնադիր և միջազգային պայմանագրերը, որոնց կողմ է նաև Հայաստանը, դրանց տառը և ոգին իրարից շեշտակի տարբերվում են: «ՀԱՊԿ-ի հիմնադիր պայմանագրի 4-րդ հոդվածը, որը փորձ է արվել նմանեցնել ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածին հստակորեն սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ-պետություններից յուրաքանչյուրի դեմ ագրեսիան նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ անդամ-բոլոր պետությունների նկատմամբ և հստակորեն սահմանված է, որ ՀԱՊԿ այն անդամ-պետության դիմումի հիման վրա, որն ագրեսիայի է ենթարկվել՝ ՀԱՊԿ-ը տրամադրում է ցանկացած անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ հատկապես ռազմական: Մենք այսօր տեսնում ենք, որ այսօր այդ հոդվածը չի կատարվում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից»:
Ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրության հարթության տեսանկյունից ՀԱՊԿ-ում մնալու կամ դուրս գալու ռիսկերը գնահատեց անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը հետսովետական ժամանակների կառույց է, որն ապահովում է հայկական պետականության ընթացքը, սակայն սովետական ժամանակները վերջացել են և ՀԱՊԿ-ը ևս պետք է վերջանա. դա արդեն պատմություն է: «Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մենք չենք լուծում մեր էական ռազմական խնդիրները: Հայ-ռուսական կառուցած միացյալ ռազմական ուժերը խիստ սահմանափակում են հայկական կողմին՝ նոր ռազմական համակարգ կառուցելու համար: Մենք պետք է վերջ տանք այս մոտեցումներին և այն համակարգին, որում Հայաստան-Ռուսաստան միացյալ համակարգ կա, քանի որ դա թույլ չի տալիս ՀՀ-ին առաջ գնալ: Այս պարագայում զենք ձեռք բերել ևս չենք կարող»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ