Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիսիանում որեւէ ուժ կթելադրի՞ իր խաղի կանոնները, թե՞ կլինեն նոր ընտրություններ

Հոկտեմբեր 02,2022 17:10

Սյունիքի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքները։ Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, ամփոփումը կատարվում է քվեարկությունից հետո՝ 7-րդ օրը։

Ինչպես նախապես գրել էինք, Սիսիան համայնքի ավագանու անդամի մանդատ կստանա առաջադրված 7 քաղաքական ուժերից 5-ը․ «Զարգացող համայնք» դաշինքն ու ՀՅԴ-ն անհրաժեշտ քվեներ չեն ստացել, որպեսզի լինեն համայնքի ավագանու կազմում։ Սիսիան համայնքի ավագանու 21 մանդատները բաշխվել են՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ, «Հանուն Հանրապետության»՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 4 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ ու 2 մանդատ բաժին է ընկել «Մեկ Հայաստան» կուսակցությանը։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ չունի բացարձակ մեծամասնություն, եւ Սիսիանում իրավունքի ուժով նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չի կարող ընտրվել։

Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանում թերեւս ուժերը իրար հետ «լեզու չգտնեն»․ ավագանու մանդատներին հավակնող 5 ուժերից եւ ոչ մեկը չի միանալու մյուսին։ Այս տարվա հուլիսին  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։ Փաստորեն, չի բացառվում, որ Սիսիանում առաջիկա ամիսներին նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Նշենք, որ այս դեպքում, մինչեւ նոր ավագանի ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ «Ընտրական օրենսգրքի» 128-րդ հոդվածի՝  «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։

Ավելացնենք, որ այս պահի դրությամբ Սիսիանի ավագանու անդամի թեկնածու, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի 4-րդ հորիզոնականում գտնվող  համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, անկուսակցական Սիմոն Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31