Քիչ առաջ Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփեց սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը։
«Քիչ առաջ ամփոփեցինք Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները, ընդունեցինք 2 որոշում և կազմեցինք 1 արձանագրություն։ Ըստ այդմ՝ «Զորավոր համայնք» դաշինքը կստանա ավագանու անդամի 11 մանդատ, որից 4-ը ըստ օրենքի պետք է լինի կին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 մանդատ, որից 3-ը կրկին պետք է լինի կին և «Արժանապատիվ սերունդ» դաշինքը կստանա 2 մանդատ՝ համապատասխանաբար 1 կին և 1 տղամարդ հարաբերակցությամբ։ Ավագանու անդամները ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ը, ժամը 18։00-ն։ Հիշեցնեմ նաև, որ ՔՊ-ի վստահված անձանց դիմումների հիման վրա կատարվել է վերահաշվարկ։ Դիմումները եղել են թվով 6 ընտրատեղամասի վերահաշվարկի մասին, սակայն ըստ օրենքի վիճակահանությամբ պետք է ընտրվեր նաև 3 տեղամաս։ Վիճակահանության արդյունքում 2-ը համընկել է արդեն իսկ ընտրված տեղամասի հետ»,- հավելեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ