Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով, որում, մասնավորապես, նշված է.
«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,
2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը:
Կարդացեք նաև
Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա:
Վստահ եղեք, որ այս ճանապարհին մեր աջակցությունը չի հապաղի:
Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ