Աշոցքի Կրասար գյուղ ոտք դնելուն պես՝ տեղացիները սկսում են պատմել իրենց բացառիկ ճարտարապետություն ունեցող եռաթռիչք կամուրջի, ժողովրդական բժշկության գաղտնիքների՝ ծաղկառատ դաշտերում ու սարերում աճող բույսերի բուժիչ հատկությունների ու հրաշքներ գործող հանքային աղբյուրների մասին։
Գյուղի ամենատարեց տղամարդը՝ 77-ամյա Արարատ Կարապետյանը, հյուրերին դիմավորելիս՝ անմիջապես պատմում է․ «Մեր գյուղն ուզում էին անվանափոխել, դարձնել Շահենավան՝ ի պատիվ Գուսան Շահենի, բայց չհամաձայնեցին, շատ շուտվանից այդ ծրագիրը կար։ Այդպես էին որոշել մեր մեծերը, բայց չգիտեմ՝ ինչ արգելք եղավ, չընդունեցին։Գուսան Շահենն իմ հեռավոր ազգականն է, նա 1940-ական թվականներին է տեղափոխվել Երևան, ինքը գյուղում էր բնակվում՝ կոլխոզի հաշվապահն էր։ Նրա «Ղուկասյան» երգը հաստատ լսած կլինեք՝
Երբ գարուն կբացվի սարերիդ վրա,
Արևը կխնդա,ծաղկած Ղուկասյան,
Կարդացեք նաև
Հեռու երկրներից կռունկներ կգան՝
Քաղցր երգով երամ կապած,Ղուկասյան,
Սարերդ կանաչ են,գագաթները՝ձյուն,
Անմահական աղբյուրներդ կարկաչուն։
Հիմա որ շրջեք Աշոցքով, ձեր աչքով կտեսնեք Շահենի նկարագրածը։ Մեր ժողովրդի կեսը Խնուսից է, կեսը՝ Մուշից։ Խնուսը Շահենի գրվածքների մեջ էլ հիշատակված է»։
Գյուղի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանն էլ ոգևորված մեզ ուղեկցում է Մեծ Սեպասար ու Կրասար գյուղերի սահմանաբաժան կամրջի մոտ՝ հայտնելու ուրախալի լուրը, որ պատմամշակութային հուշարձանը վերանորոգվելու է․ այն վթարային է դարձել Խորհրդային տարիներին, երբ ջրագիծ են անցկացրել։
Վարչական ղեկավարը հպարտորեն ներկայացնում է, որ նման կամուրջ կա միայն Կարսում, սակայն վեց թռիչքով է, իսկ իրենց կամրջի մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը «Շիրակ» գրքում՝ տեղեկացնելով, որ այն կառուցվել է 1873 թվականին «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝ սև ու կարմիր քարերով, 50 ոտնաչափ երկարությամբ և 6 մետր լայնությամբ, ուղևորների համար կից սենյակով։
Գեղամ Գևորգյանը նշում է, որ տարածքը հանձնված է «Արփի լիճ» ազգային պարկին, և որ զբոսաշրջիկները չեն գալիս միայն կամուրջը տեսնելու կամ կուսական անտառների գեղեցկությունը վայելելու։
Դրախտավայր հիշեցնող այս տեղանքը հարուստ է բուժիչ, թթու ջրերով, որոնցից մեկն էլ Ջերմուկ անունը կրող հանքային տաք աղբյուրն է՝ Մեծ Սեպասար ու Կրասար գյուղերի միջև, այնտեղ, որտեղ խառնվում են Ախուրյան ու Աշոցք գետակները։ Տեղացիները չեն բացառում, որ Ջերմուկ անվանումը կապված է Մեծ Սեպասարի նախկին անվանումներից մեկի՝ Ջերմուկի հետ։ Շիրակի հյուսիսային գյուղերի բնակիչներն, ավանդույթի համաձայն, Վարդավառի տոնակատարությունն այստեղ են անցկացնում, որտեղ հաճախ ամուսնության առաջարկներ են հնչում։
«Ջերմուկ» հանքային աղբյուրից մի քանի մետր հեռավորության վրա «Ռոբերտի աղբյուր»-ն է, որը տեղացիներին հայտնի է որպես հոդացավեր բժշկող ջուր։
«Այս տարածքն արդեն «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ինն է, մինչ այդ Կրասարի վարչական տարածքում էր, սա կոչվում է «Ռոբերտի աղբյուր»։ Ռոբերտը Կրասար գյուղում է ծնվել, այնուհետ բնակվել Աշոցքում, երկար տարիներ՝ մինչև մահը, եղել է Աշոցք գյուղի դպրոցի տնօրենը։ Ինքն աղբյուրի շուրջբոլորը կարգի է բերել, մաքրել է, և այն կնքվել է իր անվամբ։ Այս ջուրն ունի առողջարար հատկություն։ Ժողովուրդը գալիս է, ոտքերը դնում ջրի մեջ ու ցեխով մասաժ անում։ Իհարկե, շատերը չգիտեն այս մասին, մենք՝ որպես տեղի բնակիչներ, լսել ենք, տեսել ենք, ներկայացրել ենք, դրսից մարդիկ հետաքրքրվել ու եկել են։
Սա թթու ջուր է, խմելու ենթակա չէ, բայց Աշոցքում ունենք ջրեր, որ խմելու են, դրանք ևս թթու են։ Այս տարածքում 50 մետրը մեկ թթու ջրեր են․ Ախուրյանի գետի ափամերձ տարածքում բոլորը թթու ջրեր են։ Կան ջրեր, որոնք նոր-նոր են դուրս գալիս գետնի տակից։
Մենք ստուգման չենք տարել ջրերը, բայց նմուշառումներ արել են, եկել են, վերցրել, գուցե բուժիչ հատկությունները հաստատվել են, ձայն չեն հանել, գուցե չեն հաստատվել, բայց, տարեց մարդիկ ասում են, որ բուժիչ են։
Մեր գյուղի օդաչուների՝ «Տարոն Ավիա»-ի տերերի լուսահոգի մայրը հոդացավեր է ունեցել, ամեն օր եկել է, ոտքերը դրել ջրի մեջ ու իրեն շատ լավ է զգացել, բուժվել է։
Աղբյուրը քանդել չի կարելի, մեծերն ասում են՝ եթե կարող ես սարքել, սարքի, եթե՝ չէ, աղբյուրի ակունքին ձեռ մի տուր․ եթե անցորդն ուզում է մի պուտ ջուր խմել, բայց տեսնում է՝ աղբյուրը քանդված, հաստատ կհայհոյի։ Նման դեպքեր անխոս եղել են, որ մեծերն այդպես են ասում։ Եթե ակունքը չեն քանդում, ջուրը չի խռովում, հավերժ՝ դարեդար հոսում է»,-ասում է Կրասարի վարչական ղեկավարը։
Աղբյուրներից բացի, կրասարցիների համար մոգական ուժ ունեն նաև իրենց ալպիական չքնաղ դաշտերի բույսերն ու ծաղիկները։ Այստեղ ժողովրդական բժշկության գաղտնիքներին լավ են տիրապետում, այս գյուղում հայ բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները՝ «Օգուտ բժշկության», «Ախտապատին» որպես ձեռքի գիրք են ծառայել։
Կրասարի ամենատարեց տղամարդը՝ Արարատ Կարապետյանը, հիշում է, որ գյուղում աթարի մոխիրով ցավեր էին բուժում։
«Աստված չանի, եթե մի տեղ ընկնեիր, ոտքդ, ծունկդ ցավ առներ, չոր մոխիրի վրա երեխաներին միզել կտային ու կկապեին ցավող տեղը։ Սուտկեն չլրացած՝ լրիվ կառողջանար։ Իմ հետ անձամբ պատահել է, ընկել էի, ոտքս չէի կարողանում ցած դնել, տղերքն եկան, թևերիս տակ ընկան, բերեցին տուն, այդ պրոցեսը կատարեցինք։ Իրիկունը կապեցինք, առավոտ ելա, կարծես հեչ չհիշեի, որ ոտքս ցավել է։
Մի անգամ ձեռքս եմ բուժել նույն ձևով, բեռնատարի ղեկին նստա, շարժիչը միացնելիս՝ ձեռքս ուժեղ ցավ առավ, դոխի ձագը բերեցին, մորթեցին, լավ ծեծեցին, միսը մանրեցին, կապեցին, սուտկեն չլրացած՝ ցավը թեթևացավ, բայց էնպիսի մի հոտ էր ընկել․․․ Դու մի ասա տաքությունից միսը հոտել էր, երկու սուտկա պահեցի, ասի՝ ջհանդամ չէ, թող բուժի։ Այդպես էլ բուժվա, եթե տիրություն չանես, կմնաս հաշմանդամ։
Սա շատ հնուց է մեզ հասել՝ պապերից։ Գառան մորթով ևս բուժում են արել․ մի տարիքով մարդ կար՝ Աղաս պապը, տրակտորը քաշելուց՝ շրջվել էր, սաղ ջանը կապտել էր, բարեբախտաբար կոտրվածք չուներ։ Գնացի տեսնելու, նա մեր տրակտորային բրիգադիրն էր, ոչխարը մորթել էին, տաք-տաք փաթաթել էին վրան, 1-2 սուտկա մնաց, բուժվեց, ելավ, կարծես ոչինչ չէր եղել։
Գյուղը մի հեքիմ ուներ՝ Ջազո պապը, հազար ողորմի իրեն, էնպես կոտրվածք էր բուժում, Հայաստանի բոլոր տարածքներից մարդկանց բերում էին իր մոտ․ ջարդած ոտք ու ձեռքը հիմիկվա բժիշկներից ավելի պրոֆեսիոնալ էր բուժում, տեղը տեղին կպցնում։ Հավկիթի դեղնուցով յախու էր կապում, մի քանի օր հետո հիվանդը չէր էլ հիշում կոտրվածքի մասին․ շորը փռում էր, հավկիթի դեղնուցը քսում էր վրան, փաթաթում էր ձեռքին․ հավկիթի դեղնուցը շուտ է ամրանում չէ՞, ոնց որ սոսինձ լինի, մի շաբաթ հետո կպնում էր ձեռքը»։
Մեր զրուցակիցը նաև նշում է, որ իրենց տարածքում բուժիչ բույսեր շատ կան։
«Օրինակ՝ մեր մոտ մի բույս է աճում, խլըճոտի (հազարատերևուկ) է կոչվում, բրոնխների համար է օգտագործվում․ եփում են, ջուրը խմում։ Մեր լուսահոգի հարևանն ամեն առավոտ մի բաժակ խմում էր թուրմը, էդպես բուժեց բրոնխները։
Դաղձի ու երիցուկի համար էլ չասեմ, մեր երիցուկը լնդեր ու ատամնացավեր է բուժում։ Երիցուկը շատ տարածված է մեզ մոտ։ Մեզ մոտ ժողովրդական բժշկությանը շատ են վստահել»,-ասում է Արարատ Կարապետյանը։
Թորոսգյուղի սիրո, հարսանեկան տաղերը, Բասեն գավառից ժառանգած կերակրատեսակները
Հողմաջուր գետի ափին գտնվող Թորոսգյուղը, որը կրում է հիմնադրի՝ 1828-30 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Հարսենքար գյուղից գաղթած Թորոսի անունը, որքան ժամանակակից, այնքան էլ ավանդապաշտ է։ Շիրակի այն քիչ տեղանքներից է, որի տներից շատերում անշեղորեն պահպանվել է Բասեն գավառի խոհանոցն՝ ավանդական ճաշատեսակներով։ Այստեղ հնչող երգերն էլ դժվար է գտնել պատմական աղբյուրներում․ մի պահ թվում է, թե շրջագայում ես Արևմտյան Հայաստանի Բասեն գավառով․ թորոսցիները կենցաղային զրույցներում անգամ վկայակոչում են բասենցիներին՝ իրենց ապուպապերին։
91-ամյա Վարսիկ Մանուկյանը, որը ծնվել է Թորոսգյուղում ու իր ողջ կյանքում բնակվել այստեղ, բասենցի կնոջ դասական կերպար է հիշեցնում։
Նա շարունակում է ապրել Բասենի ավանդույթներով՝ պահպանելով խոհանոցն ու երգերը։ 91-ամյա կինը իր թոռների համար հաճախակի է երգում նախնիներից ժառանգած սիրո, հարսանեկան տաղերը։ Տատիկը երկար տարիներ ղեկավարել է գյուղի ակումբը՝ սերունդներին փոխանցելով ազգային անգին նշխարները։
«Արտի վրա էն բարալիկ նավը,
Ես եմ սիրել տղոնց միջի լավը»,-
երգում է տատիկը ու պատմում՝ երեք տարի շարունակ սիրած տղա է ունեցել, որը ծառայել է Կարմիր՝ ուկրաինական բանակում։
Նրա հետ նամակագրության մեջ էր, ապագա սկեսուրն էլ մի լավ ճաշ հենց եփեր, իրեն տուն էր հրավիրում։
Տատիկը հիշում է, որ աղջիկներին ամուսնացնելիս՝ հին հայկական ավանդույթի համաձայն՝ գլուխլվանալիք էին անում։
«Մոտ հարազատներից մեկն աղջկան երեկոյան տանում էր իր տուն, շախով պարում էին մոտ 3-4 ժամ, ճաշկերույթ էին անում, որին մասնակցում էին միայն աղջիկները։ Հարսնացուն գիշերում էր էդ տանը։ Առավոտ նորից հավաքում էին աղջիկներին, մեծ պար էին բռնում, միանում էին գյուղի ջահելները, պարը խաղում էին այնքան ժամանակ, մինչև դհոլ-զուռնով գային՝ աղջկան հարազատի տնից հանելու։ Էդ ժամանակ հարսնացուին հանում-տանում էին հերանց տուն։ Առաջվա հարսանիքներին մի ոչխար էին մորթում, փախլավա քաշում, էնպես էր լինում՝ ճաշի ջերերը թափվում էին մարդկանց վրա»,-պատմում է տատին։
Նա հիշում է իր հարսանեկան երգը, երբ հայրական տնից դուրս էին հանում․
«Տանում են, նանե ջան, տանում են,
Տնիցը՝ մոր տնից հանում են,
Թող տանեն, բալա ջան, թող տանեն,
Քո տնից, քո տեղից թող հանեն։
Տանում են, նանե ջան, տանում են,
Տնիցը, տեղիցը հանում են»։
Տատիկը ներկայացնում է նաև Բասենի խոհանոցային գաղտնիքները, նշելով՝ քանի դեռ կենդանի է, պատրաստելու է ու հյուրասիրելու։
«Հում սերով խավիծ եմ եփում, սաղ թոռներս գալիս են ուտելու, հիմի էլ եմ եփում։ Հում սերը մի օր թողնում ենք, որ մնա, հետո մի կտոր ալյուր ենք լցնում։ Շատ եփելուց հետո հում սերն ալյուրով լավ խառնում ենք, ջուրն էլ լցնում ենք, աղը գցում ենք, կլինի հում սերով խավիծ։ Հաղթանակի տոնին՝ ամեն մայիսի 9-ին, հուշարձանի մոտ եկող բոլոր ջահել հարս ու աղջկա բերում եմ մեր տուն՝ հում սերով խավիծ ուտելու։ Ասում են գնանք Վարսոյի տուն՝ հում սերով խավիծ ուտելու։ Միշտ եփել եմ ու կեփեմ, քանի սաղ եմ»։
Նա նաև ծանոթացնում է «Սեր» կոչվող կերակրատեսակի պատրաստման գաղտնիքներին։
«Մի դույլ անարատ կովի կաթը եփում ենք, թնդիրը վառում ենք, կրակն՝ իջեցնում, բոցը մարում է, թնդիրը հովանում, պղնձից ամանը դնում ենք թնդիրի վրա ու կաթը վերևից կամաց լցնում։ Կամաց ենք լցնում, որ կաթը փրփրի ամանի մեջ։ Փրփուրը որ մարում է, ծակոտիներ են հայտնվում, դրանք սերի ծակոտիներն են։ Սերը դնում ենք դռան մոտ․ իրիկվա ուշ ժամին, երբ տեսնենք պղինձը պաղել է, սերը հանում ենք։
Էնպես պիտի հանենք, որ դալար լինի, կարողանանք ձեռքով հանել, երկու ձեռքով ենք զարկում, հանում, կտրում ենք, պղնձից առանձնացնում։ Հենց հանենք, թասի երեսին կդնենք, այնպես որ ծակոտիները սերի վրա լինեն։ Մարդ կա մեղր է լցնում արանքը, մարդ կա՝ պեսոկ, որ սերը քաղցր լինի։ Մինչև հիմա էլ սերը միայն ես եմ ուտում, ջահելները չեն ուտում, բայց դա ամենահամեղն է»։
Տատիկը ներկայացնում է նաև ի՛ր բաղադրատոմսը։
«Անարատ յուղը հալում ենք, լցնում ամանները, մնում է աղիշքը, որը նորից ենք եփում, որ միջի եղած յուղը կանգնի երեսին։ Այդ յուղը քաշում ենք, ալյուրի մեջ էլ աղ չենք գցում, կաթ ենք խառնում ու բաղարջ ենք անում։ Թնդրի բաղարջ է, թնդիրի շուրթին ենք զարկում»։
Վարսիկ տատիկը նաև պատմում է, որ Բասեն գավառից բերել են Ամանորին հացով տիկնիկներ թխելու ավանդույթը։ Հացի խմորից տիկնիկներ էր թխում՝ երեսները կլորացնում, ձեռքերին մատներ սարքում, քաղցրաջուր լցնում ու հանում, բաժանում թոռներին։
Իսկ Ամանորին հենց հաց էին թխում, առավոտ շուտ այդ հացից բաժին էին հանում կովերին, դա կոչվում է «կովի փայ»։ Սրանով շնորհակալություն են հայտնում անասունին, որ իրենց ողջ տարին կերակրել է և ակնկալում են, որ կենդանին կուշտ լինելով՝ Նոր Տարում էլ իրենց կկերակրի, առատ տարի ապահովի։
Աշոցքի՝ գերդաստանների անուններով աղբյուրները, «Ժամի աղբյուր»-ի «խաչով ձկներ»-ն ու ոսկի բերող մուկը
Աշոցք գետի ափին գտնվող նույնանուն բնակավայրը՝ Աշոցքը, որը հիմնադրվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած Մուշ ու Ալաշկերտ գավառի բնակիչների կողմից (այն սկզբում կոչվել է Ղզլղոչ, թարգմանաբար՝ կարմիր գառ, ապա՝ Ղուկասյան` բոլշևիկյան գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվամբ, իսկ 1990 թվականին վերանվանվել է Աշոցք), աչքի է ընկնում գերդաստանների անունները կրող աղբյուրներով, հավատալիքներով, սրբերի պաշտամունքով։
Աշոցքի տարածաշրջանի բնակավայրերում տները հոսող ջրերի ակունքին կառուցելն ու աղբյուրները գերդաստանի պապի անունով կնքելը ավանդույթ է եղել։
Աշոցքի՝ Ախուրյանի գետի ափին գտնվող հին թաղամասերից մեկում ականատես եղանք մի հուզիչ տեսարանի․ 74-ամյա Միշա Խաչատրյանը մեզ ցույց տվեց իր պապի՝ մինչև օրս հոսող սառնորակ աղբյուրը՝ «Ակոյի աղբյուր»-ը, որի շուրջբոլորի ծառերը բերվել էին Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից 1825 թվականին։ Պապը ծառի շյուղերը շալակել ու բերել է իր հայաթից՝ չմտածելով, որ դրանք գրեթե երկու դար կանգուն են մնալու։
Միշա Խաչատրյանը հիշում է՝ իր հայրը հաճախ էր զրուցում ջրի հետ, թե ինչ էր ասում, չգիտի, սակայն հոսող ջրի հետ խոսում էր այնպես, ինչպես կենդանի մարդու։
«Տները պարտադիր պիտի սարքեին աղբյուրների մոտ, ջուրը կենսական պահանջ է, ամեն գերդաստան իր աղբյուրն ունի․ իմ պապինը «Ակոյի աղբյուր»-ն է, Ատաշը եկել է Արևմտյան Հայաստանից, Ատաշենց աղբյուրն է սարքել, որը հիմա կա, Կիրեղենք եկել են, իրենց աղբյուրն են սարքել, «Կիրեղենց աղբյուր» է կոչվում․ յուրաքանչյուրն իր ազգի անունով է կոչել։ Մոտ 6-7 աղբյուրներ կան՝ բնական, առանց խողովակների»,-ասում է Միշա Խաչատրյանը։
Ջրին վերագրվող առասպելազրույցներ է պատմոււմ նաև Աշոցքի 87-ամյա բնակչուհի Ջուլիետա Պողոսյանը։ Նա խոսում է Սուրբ Գևորգ եկեղեցու կամ ժողովրդական լեզվով ասած՝ «ժամի աղբյուր»-ի, «Լույս» գերեզմանի «խաչով» ձկների ու Աշոցքի ոսկի բերող մկան մասին։
«Մեր «Լույս» գերեզմանի սուրբը զորավոր է․ ժողովուրդը նստած է եղել, մուկը՝ ոսկին բերանը, մեր եկեղեցուց դուրս է եկել, զարկել, սատկացրել են։ Մեր եկեղեցու տակը ոսկու հանք կա, բայց օձը վրան նստած է, ոչ մեկը ռիսկ չի անում մտնելու, Լեննագանի գողերը եկան, ռիսկ չարեցին մտնել, վախեցան, դիտահոր կա եկեղեցու մեջտեղը, ներսը, հենց էդտեղ է նստած օձը։
Մեր եկեղեցու ջրի մեջ զորավոր ձուկ կար, հացը կքցեին, ձուկը կվերցներ, կփախներ, ձկի կռնակին խաչ կար։ Վարպետները եկան եկեղեցու աղբյուրը սարքելու, ասին՝ պիտի բռնենք ձկներին, ուտենք, ասի՝ էդպես բան չանեք, այ բալա, զորավոր ձուկ է, հանկարծ չուտեք, չի կարելի։ Ականջ չարեցին ու չհավատացին, բռնին ձուկը կերան, գիշերը հեր ու տղա մեռան», -պատմում է տատիկը՝ վստահեցնելով, որ զրույցն անձամբ իր հետ է եղել, գյուղի տարեց մարդիկ էլ այս պատմությանն ականատես են եղել։
Տատիկը նաև հիշում է, որ իրենց հորթը դեռ չծնված՝ մատաղ էին խոստացել «Լույս» գերեզմանում գտնվող սրբին, քանի որ իր տղան հանկարծակի փայտացել էր։ Եվ երբ տղային տարել էին հիվանդանոց, այնտեղ հաշվապահ աշխատող իր հայրը նեղացել էր, թե գառ խոստանայիք, պրծնեիք, ինչի՞ տեր եք, որ հորթ եք խոստանում։ Սուրբը երազ է եկել հորը, վերև կանչել ու ասել․ «Մատներս տանեմ, աչքերդ կհանեմ, քո ի՞նչ գործն է, դու հակառակվում ես, գառ են խոստանում, թե հորթ, քո գործը չէ»։
Տիկին Ջուլիետան պատմում է, որ նման երազ տեսնելուց հետո բարի լույս դեռ չբացված՝ հայրը եկել իրենց տուն ու ասել է․ «Ջուլիետ ջան, ինչ խոստացել եք, դա էլ մատաղ արեք, «Լույս» գերեզմանը մինչև լույս աչքերս հանեց»։
Մեր զրուցակիցը նաև հիշում է, որ գյուղի ավանդույթներից էր Ամանորի գիշերն՝ առանց խոսելու ջուր տանելը, որպեսզի տունը «ղսմաթ» լիներ, իսկ աղջիկների բախտը բացվեր։ Տատիկի ասելով, ջուրը չի կարելի գիշերով խմել, քանի որ չար ոգիները ջրի վրա կանգնած են, պիտի խաչակքնվել, նոր խմել։
«Երբ գիշերով գնում էինք աղբյուրի մոտ ջուր բերելու, պիտի ասեինք՝ Հիսուս Քրիստոս, իսկ երազները միշտ պիտի պատմել ջրին։ Միշտ պատմել եմ, հիմա էլ եմ խոսում ջրի հետ»,- ասում է Ջուլիետա Պողոսյանը։
Տատիկը նաև խոհանոցային բաղդրատոմսեր է ներկայացնում, որոնք հատուկ են միայն Աշոցքին․ օրինակ՝ շուշանով ճաշը։ Նրա ներկայացմամբ, շուշանը լավ եփում են, ալյուրը յուղով խավիծի նման խարկում են ու վրան լցնում։ Այս ճաշը, ըստ մեր զրուցակցի, շատ առողջարար է։
Նաև ավելուկով բանջար են եփում՝ կաթ-բանջար, կծանով բանջար։
«Կծանը (ի նկատի ունի եղինջը) դնում ենք եփի, յուղը լավ խարկում ենք, սոխառած ենք անում, լցնում վրան», -ասում է Ջուլիետա Պողոսյանը։
Ըստ մեր զրուցակցի, հաց թխելիս՝ խաչ էին հանում խմորի վրա՝ ասելով․ «Թող երեխեքս ուրախությամբ ուտեն»։ Իսկ երբ ցորենը տանում էին արտ՝ ցանելու, ասում էին․ «Մեկը հազար լինի»։
«Էդ ժամանակ տրակտոր չկար, մեշոկն անցնում էին վզերը ու ցանում, ասում էինք՝ մեկը հազար լինի, ցանելուց նաև ասում էինք՝ սա ճնճղուկների փայը, սա մկների փայը, էս էլ՝ մերը։
Երբ կարկուտի հոտ էինք առնում, մի բուռ աղ էինք վերցնում, թնդիրի խաչերկաթով շաղ տալիս, որ կարկուտը հետ նստի, իսկ երաշտի ժամանակ ցախավել էինք տալիս երեխաների ձեռքը, որոնք երգում էին․
Նուրի, Նուրին եկել է,
Երկնքից ջուր կուզե, գետնից էլ՝ պտուղ։
Էդպես էինք ասում, որ անձրև գար, և գալիս էր, դա առաջներում, հիմա նման բան չկա, երեխեքը զարգացել են»,-ասում է տատիկը։
Նա նաև հիշում է օրորոցային երգերից մեկը, որի տակ քնեցնում էր իր երեխաներին․
«Նանա, նանա, բալա ջան,
Արևն է քեզ տաքցնողը,
Բարին է քեզ կաթ տվողը»։
Նյութը պատրաստեց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Նյութը պատրաստվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվ․ պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրով։