Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ասելիքը համաձայնեցված էր Փաշինյանի հետ». Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 01,2022 22:59

«Անկախություն» շարժման ղեկավար, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած մոտեցումներին՝ համադրելով սեպտեմբերի 13-14-ի ԱԺ-ում  նրա ելույթը,  հնչեցված հարց ու պատասխանների բովանդակությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում  ունեցած ելույթը,  վերջին ռազմական գործողությունները եւ զարգացումները:

Էդգար Ղազարյանի ձեւակերպմամբ, այժմ եւս գտնվում ենք վերին աստիճանի պատասխանատու եւ վտանգավոր ժամանակաշրջանում, ինչպես այն ժամանակ, երբ մարդիկ, լսելով Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ի նրա ելույթի այն հատվածը, որ  փաստաթուղթ կստորագրի, ինչի համար կարող է իրեն դավաճան համարեն, տասնյակ հազարներով փողոց դուրս եկան: Նա ընդգծեց, որ այդ վտանգն այժմ ավելի շոշափելի է, ինչը վարչապետը հաստատել է իր հարցազրույցում. «Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով դա կանխենք… Վաղը նախաստեսվում է Արարատ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը, եւ նրանք, ըստ Փաշինյանի, պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի վրա… Ի՞նչ է նշանակում խաղաղության պայմանագիր, ով է որոշել դրա վերնագիրը »:

Քաղաքական գործիչը անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչած որոշ գնահատականների, մասնավորապես նրան, որ ինչպես Առաջին նախագահն է նշել, Ղարաբաղի հարցն արդեն լուծված է: Էդգար Ղազարյանը նշեց, որ իր տպավորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ եթերում հնչեցրած ասելիքը համաձայնեցված էր Փաշինյանի հետ. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է, այդ ինչո՞վ է լուծվել Արցախի խնդիրը… Եթե լուծել է պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը, ապա նման հայտարարություն ստորագրվել էր նաեւ 1994 թվականին, երբ ինքը նախագահ էր: Եթե 1994 թ. հրադադարի հայտարարությունը չի լուծել Արցախի խնդիրը, 2020 թվի հայտարարությունը ինչպե՞ս է լուծել… Եթե 1994 թ․ Ադրբեջանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, ուրեմն հիմա ինչի եք խոսում Հայաստանի կապիտուլյացիայի մասին»:

Էդգար Ղազարյանն ընդգծում է՝ մատների վրա կարելի է հաշվել այն գործիչներին, մեկ էլ Ալիեւն է այդպես ասում, որոնք ասում են, թե իբր պատերազմը լուծել է Արցախի խնդիրը: Նա տարակուսանք է հայտնում՝ մի՞թե պատերազմը փոխել է հանրաքվեները, Արցախի պատմությունը, բազմաթիվ փաստաթղթեր, ինքնորոշման իրավունքը. «Պատերազմն ընդամենը մի բան է փոխել՝ Ալիեւը Փաշինյանի հետ հանցակցելով խախտել է նախապատերազմական շրջանի երեք հիմնարար սկզբունքները, որոնց վրա կառուցվում էր խաղաղ գործընթացը»:

Նա պնդում է, որ եթե Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ խափանել է նախապատերազմյան շրջանի ընդունված դրույթները, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվի, ու հայկական կողմը փոխանակ հարց բարձրացնի միջազգային հարթակներում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար, ոչինչ չի անում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է նաեւ Ալիեւի բանավոր պահանջները, որոնք նախատեսված չեն նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

Էդգար Ղազարյանի խոսքով, 2018-ին Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ զավթել է իշխանությունը, ու այն ժամանակ ասում էր, թե  Արցախի դե ֆակտո անկախությունը կվերածի դե յուրե անկախություն, 2021 թ․-ին էլ ասել է՝ ինձ տվեք իշխանություն, ես ձեզ կտանեմ խաղաղության. «Նա հասցրել է 2022թ, եւ այժմ ասում է, որ խաղաղություն գոյություն չունի, կա նոր պատերազմը, նոր գերիներ, նոր անհետ կորածներ, չկա որեւէ շանս, հիմա էլ խոսում է Հայաստանի կապիտուլյացիայի մասին: Իսկ նախագահ Տեր-Պետրոսյանն առաջարկում է մյուս նախագահներին, որ մասնակիցը դառնանք պետության վերջնական կապիտուլյացիայի: Մեզ ասում են՝ գնում ենք խաղաղության պայմանագրի, ում հետ՝ Ադրբեջանի՞: Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 21-ին  գտնվում էր  Բերձորում եւ զինվորական համազգեստով նոր հոխորտանքներ էր հնչեցնում Հայաստանի եւ հայերի հասցեին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Էդգար Ղազարյանի ասելիքը համաձայնեցված էր Ֆերդինանդ Ղազարյանի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31