Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«UPSHIFT»․ պատանիների երազած Հայաստանն ու նրանց ձեռքերով նորացվող Իջևանը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2022 20:16

Դիլիջանում երեկ ամփոփվել է «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրը, որը մեր երկրում իրականացվող համաշխարհային կարևորագույն ծրագրերից մեկն է։

Պաշտոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական Միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլինին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նշենք, որ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվող այս ծրագիրը Հայաստանում ներդրվել է երեք տարի առաջ` 2019 թվականին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Այն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ։

Առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում, այնուհետ Սպիտակում՝ դառնալով տեղի երիտասարդների ակտիվացման, համայնքի կյանքի մեջ ներգրավման, գաղափարների իրագործման յուրահատուկ միջոց։ Պատանիները մի կողմից ձեռք են բերում ծրագրեր գրելու հմտություններ, մյուս կողմից՝ հնարավորություն ստանում դրանք բիզնես գաղափարների վերածելու։ Այսինքն՝ փոքր տարիքից արդեն իսկ փորձում են իրենց գյուղերում, քաղաքներում կյանքն ավելի հետաքրքիր, բարեկեցիկ դարձնել, փոխել կյանքի որակը։

3 տարիների ընթացքում 12-18 տարեկան հայ պատանիներին հաջողվել է բազում գաղափարներ բիզնես ծրագրերի վերածել, օրինակ՝ էկոպայուսակներ ու գրիչներ արտադրել, գրադարան-սրճարան հիմնել, համայնքների խաղահրապարակները կարգի բերել։

«UPSHIFT Գավառ և Իջևան» ծրագրին, որի մեկնարկը տրվել էր  այս տարվա գարնանը, Իջևան խոշորացված համայնքից շուրջ 50 պատանիներ են մասնակցել՝ իրենց գաղափարները ներկայացրելով։ Դրանք տարբեր են՝ համայնքներում պուրակների հիմնումից մինչև շարժական աստղակայանի ստեղծում․ հիմնականում առնչվում են բնապահպանական ու նորագույն տեխնոլոգիաների ոլորտին։

Ժյուրիի կողմից մրցութային կարգով  ընտրվել ու ֆինանսավորվել են 5 ծրագրեր։

Երեկ ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեց ֆինանսավորում ստացած ծրագրերի ողջ ուղին՝ սկզբնավորումից մինչև արդյունքներ։

Ծրագրերից մեկը կարելի է անվանել զբոսաշրջային, ծրագիրը կոչվում է «Help in Map»։ Զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Իջևան քաղաքի բանուկ խաչմերուկներում ափշիֆտցի երիտասարդները տեղադրել են պաստառ-քարտեզներ, որպեսզի օգնեն այցելուներին հեշտությամբ գտնել քաղաքի կարևոր վայրերը։ Քարտեզների վրա էլ առկա են QR կոդեր, որոնք և հնարավորություն են տալիս որոշակի տեղեկություն ստանալ անհրաժեշտ վայրի կամ կառույցի մասին։

 

Ծրագրերից մեկն էլ կոչվում է «Youngest room»․ Սևաքար գյուղում հիմնել են «Երիտասարդական սենյակ», որը Սևքարի և հարակից բնակավայրերի 12-18 տարեկան թվով 210 դեռահասների և երիտասարդների համար ժամանցային-կրթական վայր է, միմյանց հետ շփման տարածք։

Մեկ այլ ծրագիր էլ իրականացվում է Այգեհովիտ գյուղում․ այն 13-30 տարեկան 2000 երիտասարդների մղում է առողջ ապրելակերպի։ «Ճկուն մարզիկը դիմացկուն մարտիկ է» համայնքային երիտասարդական ծրագրի շրջանակում ստեղծվել են թենիսի և վոլեյբոլի մարզադաշտեր։

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն, անչափ ոգևորված այս գաղափարների իրականություն դառնալով, իր ելույթում ասաց․

«Երիտասարդների զարգացումը, նրանց դիմակայունության բարձրացումը, նրանց օգնելը, որպեսզի ստեղծեն և առաջ մղեն իրենց գաղափարները, շատ կարևոր են մեզ համար։ Այս ծրագիրը կարևոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս երիտասարդներին մշակել, քննարկել իրենց գաղափարները, համոզիչ դարձնել, ավելին՝ այնպես անել, որ մյուսներն աջակցեն դրանք իրագործելու գործընթացին»։

Եվրամիության դեսպանը նշեց, որ ինքը մասնագիտությամբ ուսուցիչ է և իր կարծիքով՝ երեխաներին կրթելու նախկին մեթոդները` նրանց թվերով ծանրաբեռնելը, տվյալներով զինելը, անգիր անել տալն՝ առանց մտածողության զարգացման, այլևս ակտուալ չեն։ Դեսպանն ասաց, որ մեծ տեղ է հատկացնում ոչ ֆորմալ կրթությանը, քանի որ այն օգնում է զարգացնել գաղափարներ, նոր հորիզոններ բացահայտել, նոր հնարավորություններ ստեղծել։

«Կարծում եմ՝ այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս ուրախանալու, լավ ժամանակ անցկացնելու, ինչու, որովհետև հիմա այնպիսի բարդ ժամանակաշրջանում ենք մենք բոլորս ապրում, կարող է  կարծիք ստեղծվել, թե զվարճանալն ու ուրախանալը չի թույլատրվում։ Բայց ուզում եմ, որ Հայաստանը դիմակայուն լինի, Հայաստանը դեպի ապագան շարժվի, և կարծում եմ՝ այս գործում ձեր մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև դուք հենց այն սերունդ ենք, որը կարող եք նույնիսկ ձեր ծնողներին նոր դաս տալ»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն էլ, շնորհակալություն հայտնելով երիտասարդներին հատկապես այս դժվարին իրավիճակում իրենց նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար, ասաց․ «Ասեմ, թե  մենք՝ որպես  ՅՈՒՆԻՍԵՖ, ինչու ենք UPSHIFT ծրագրին աջակցություն ցուցաբերում։UPSHIFT-ը մտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի  Հայաստանում նպատակադրվածության մեջ՝ աշխատելու կրթության բոլոր ձևերի ուղղությամբ։ Երկար տարիներ կրթության նախարարության հետ համագործակցել ենք կրթության  բարեփոխումների ուղղությամբ՝ դպրոցներում կատարվող աշխատանքների բարեփոխման նպատակով և փորձում ենք այլ հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար, որպեսզի  դպրոցից, պաշտոնական կրթության համակարգից դուրս կարողանան նույնպես իրենք իրենց կրթել։ UPSHIFT-ի գաղափարն այնպես է,  որ դպրոցից դուրս կարող եք ինչ-որ բաներ սովորել, որոնք ձեզ կյանքում պետք լինեն»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի համաձայն՝ մինչև 2026 թվականը պիտի բացեն 25 երիտասարդական կենտրոն, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն նաև երկուսը՝ Իջևան և Մեղրի քաղաքներում։

«Ինչու է այս ծրագիրը մեզ համար կարևոր, որովհետև իրականացվում է մարզերում: Այսօր պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, լավ քաղաքացի դառնալու համար միայն գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ է  ինքնակազմակերպել, հմտությունները զարգացնել, միջավայրի փոփոխմամբ ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմամբ զբաղվել։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ սահմանին զոհվածների հիշատակը, որոնցից շատերը UPSHIFT ծրագրի մասնակիցների տարիքում էին ու մաքառում էին մեր անվտանգ ապրելու համար։

Նա իր ելույթում ասաց․ «Մեր միջոցառումը և առհասարակ  UPSHIFT-ը մեզ համար շատ ծանր ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Պատահական չէ, որ երբեմն մենք նաև թիրախավորվում ենք, մեզ քննադատում են, ասում են, որ ինչու եք անում նման միջոցառումներ այսպիսի պայմաններում։

Ասում են՝ երկիրը ելել, տեղից գնում է, դուք «UPSHIFT», երիտասարդներ կամ համայնքային կյանք, զարգացում․․․ Այո՛, մենք դրանից չենք ընկրկել և հավատում ենք, որ առավել քան հիմա, առավել քան այս օրերում պետք է համայնքներում, մարզերում իրականացվեն նմանատիպ ծրագրեր։ Մեր թիմով և գործընկերներով կարծում ենք՝ նման միջոցառումներով է, որ մենք պետք է քայլ առաջ գնանք։

Եվ սա մեզ համար առաջընթացի, զարգացման հիմնական հենասյուն էր, երբ երկու մասնակիցների ծնողներից  հեռախոսազանգ ստանալով՝ մեկ կարևորագույն փաստ արձանագրեցինք․ մայրը շնորհակալություն էր հայտնում, որ իր աղջիկը նորից սկսել է երազել, երազել իրավաբան դառնալու մասին, քանի որ վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մտածում էր, որ իր երազանքն այլևս իրականություն չի դառնա։

Նմանատիպ երազանքների և երազելու հնարավորության հիմնասյուն դառնում է UPSHIFT-ն ու UPSHIFT-ի նման ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք մարզերում՝  տարբեր գյուղական և քաղաքային համայնքներում, որի շրջանակներում հնարավորություն են ունենում նախևառաջ ձեռք բերել 21-րդ դարի համապատասխան և այս ժամանակահատվածում անհրաժեշտ կարողություններ,  և իրենց համայնքի համար թև և թիկունք դառնալ, բողոքող քաղաքացուց դառնալ նախաձեռնող, խնդիրներ բարձրացնող, բայց դրանց լուծման ուղիները ևս մատնանշող պատանիներ։

Իսկ այսօր UPSHIFT-ը դրա վառ վկայությունն է․ երիտասարդներ, պատանիներ, որոնք անգամ ամաչում էին մեծ խմբի առաջ իրենց անուն-ազգանունն ասել, այսօր հանրային ելույթներ են ունենում, գնում են բանակցության իրենց համայնքապետերի հետ։ Ավելին՝ պնդում են, որ մեզ պետք է տաք համայնքային տարածք, գումար չենք ուզում, գումարը կա, մենք ինքներս եք դա նախաձեռնում։ Ինչպես մեզ ասում են համայնքապետերը՝ ցանկացած խնդիր, որ բարձրաձայնում են պատանիները, չենք կարող չասել՝ չէ։

Մենք ներդրում ենք անում ապագայի մեջ, որ կերտողը մեր պատանիներն ու երիտասարդներն են»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Մեզ հետ զրույցում էլ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց, որ բազում մարտահրավերներից հետո հայ երիտասարդները սկսել էին վերջապես  երազել, նպատակ կապել հայրենիքի հետ, մեծ ուշադրություն դարձնել ուսմանը, բազմակողմանի զարգացմանը։

Սա մեծագույն ուրախություն է եղել տարիների ի վեր երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների համար։ Սակայն պատերազմը խեղաթյուրել է այս ամենը, ըստ նրա, Հայաստանում ապրող երիտասարդների մոտ այժմ նկատելի է հավատի ու հույսի անկում, չնայած դրան՝ նրանց մոտ նպատակասլացությունն ու հայրենասիրությունը շատ մեծ են։

«Իրենց նպատակն ապահով, պաշտպանված Հայաստան ունենալն է, և դրա հետ կապված շատերը նորարարական տեխնոլոգիաներում են տեսնում իրենց ապագան։ Տեսնում ենք հատուկ ուղղվածություն՝ հիմնականում ռազմամթերքի, դրոնների արտադրություն, ընդ որում՝ առանց սեռային բաժանումների։

Շատերը ձգտում են սահմանամերձ շրջաններում  կրթություն ապահովել,  ներգրավվել այդ ծրագրերում։Ես երբևէ չեմ հիշում նման ոգևորություն, հաճախ մանկավարժությունից խուսափում են, բայց այսօրվա  երիտասարդների մի մասը շատ հետաքրքրված է սահմանամերձ մարզերում կրթության որակի բարելավմանն ուղղված գործողություններում ներգրավվելու։

Մենք նաև տեսնում ենք առողջ ապրելակերպը շատ կարևորող երիտասարդների, որոնք դա վերածել են ոչ թե մոդայի տարրի, այլ դարձրել են կենսակերպ»։

Ըստ Արթուր Նաջարյանի, այսօրվա 12 տարեկան երիտասարդը գիտակցում է, որ իր երկրի զարգացումը կախված է հենց իրենից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31