Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չի առաջարկում Հայաստանը ոտքի կանգնեցնելու ծրագիր․ «Առերեսում»

Հոկտեմբեր 01,2022 22:00

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը կարեւորեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը․ «Այն կարող է լինել իրավիճակից դուրս գալու, ելքեր գտնելու որոշակի միջոց, գործիք։ Հիշենք, որ պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ օրհասական պահին՝ պատերազմի կամ սոցիալ-տնտեսական, քաղաքական ծանր ճգնաժամերի ժամանակ առկա է լինում նման երկխոսություն։ Շատ տիպիկ օրինակ էր վերջերս Իսրայելում, երբ իրավիճակը բարդացավ՝ գործող վարչապետը սկսեց անհապաղ խորհրդակցությունները նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Եվ շփման պարագայում ընդհանրապես չզգացվեց, թե նրանք քաղաքական հակառակորդներ են»։

Մինչդեռ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար համախմբման կարիք՝ կգնար գործնական քայլերի․ «Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»։ Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն անդրադառնալով հարցին , թե տեսնո՞ւմ է արդյոք ազդակներ իշխանությունից, որոնք կվկայեին, թե գիտակցում են համախմբման անհրաժեշտությունը՝ ասաց․ «Ընդդիմությունը, որ իշխանության եկավ 2018 թվականին՝ շարունակում է խաղալ ընդդիմություն։ Այն, մինչ այսօր հեղափոխական իմիջից դուրս չի եկել ու պայքարում է «ներքին թշնամու» դեմ, ինչպես եւ այն ժամանակ՝ 2018–ին։ Եվ փաստացի՝ մենք Հայաստանում ունենք 2 ընդդիմություն, չունենք իշխանություն»։ Հավելեց, թե մինչեւ այսօր բոլոր խնդիրները վերագրվում են նախահեղափոխական իշխանությանը․ «Այս երկու տիպի ընդդիմությունները մեկը մյուսին դիտում են որպես պրոբլեմ եւ թշնամի։ Եվ չունենք իշխանություն, որն ինչպես տանտեր՝ պետք է սկզբից մինչեւ վերջ տեսներ բոլոր հիմնախնդիրները եւ կարողանար մասնագիտորեն լուծել դրանք։ Զարմանալի չէ, որ այս իշխանությունները նաեւ կարիք չունեին փորձագետների ու մասնագիտական ռեսուրսի, քանի որ հեղափոխականները սովորաբար չեն ցուցաբերում մասնագիտական մոտեցում՝ նրանք ուժային միջոցներ են կիրառում։ Եվ ստացվում է այնպես, որ այս իշխանությունների՝ դեռեւս հեղափոխական մենթալիտետ ունեցող մարդկանց ուժը պատում է միայն նախկինների վրա, եւ Հայաստանից դուրս որեւէ խնդիր չեն կարող լուծել»։

Արդյոք հիմնավորվա՞ծ են սպասելիքները Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումներից, թե նրանք ելք են գտնելու ստեղծված իրավիճակից։ Մինչդեռ հենց հանդիպման մասնակիցներն են փաստում, թե ճգնաժամից երկիրը պետք է հանի իշխանությունը, եւ ոչ թե նախկին նախագահները, որոնք այսօր լծակներ չունեն։ Ընդգծելով, որ այս հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չկա՝ Գարիկ Քեռյանն ասաց․ «Գուցե այդ խորհրդակցության ժամանակ իսկապես հնչել են շատ օգտակար խորհուրդներ, որոնք կարելի էր ներկայացնել իշխանությանը»։ Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց, որ այս քննարկումներում ներգրավված են մարդիկ, որոնք նախկինում եղել են կատաղի հակառակորդներ․ «Եվ եթե նախկին հակառակորդներն ի վերջո դեն նետելով ամբիցիաները՝ հանուն պետության եւ ազգի շահերի հավաքվել են հոգեւոր կենտրոնում՝ խորհրդակցության, ինչո՞ւ նրանք չեն դիմել գործող վարչապետին, որը կգար ու կներկայացներ, թե ինչ իրավիճակ է եւ ինչ առաջարկներ կան»։

Լևոն Տեր-Պետրոսյանի ամփոփ ասելիքն է՝ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, հնարավոր է՝ 6 ամիս անց շատ ավելի ծանր վիճակում հայտնվենք, ցանկացած համաձայնագիր շատ ցավոտ է լինելու, հետևաբար՝ պետք է միասնաբար որոշենք, թե որն է ամենաքիչ ցավոտ լուծումը, և միասնաբար էլ պատասխանատվություն կրենք այդ որոշման համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը համաձայնելով, թե շատ ծանր վիճակում ենք, հնարավոր համարելով, որ անգամ այդ 6 ամիսը չունենք, առաջարկում է փորձել խուսափել ցավոտ լուծումներից։ Նրա առաջարկած լուծումներն են՝ մասնակի իշխանափոխություն անել, Իրանի և Ռուսաստանի միջոցով կարճ ժամանակում հզորացնել բանակն ու պատրաստվել նոր պատերազմի։ «Ինչ կարելի է անել՝ ես չգիտեմ, բայց ես կողմ եմ «անելու» առաջարկներին եւ ոչ թե զիջելու եւ տալու,– այս առնչությամբ ասաց Արթուր Աթանեսյանը։– Իմ կարծիքով, շատ իմաստուն մարդ է պարոն Տեր–Պետրոսյանը՝ որպես գիտնական ու մտածող։ Բայց իմաստությունից ավելի կարեւոր է այսօր գործելու կարողությունը։ Եվ սա ես տեսնում եմ բավականին շատ թերություններ ունեցող Քոչարյանի մեջ»։

Նոր պատերազմի պատրաստվելու առաջարկին արձագանքելով՝ Գարիկ Քեռյանն ասաց․ «Թեկուզ սիրողական մակարդակով՝ կարդալով ռազմական փորձագետների շատ հետազոտություններ, որտեղ ծանրութեթեւ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերը կամ ռազմական կարողությունները՝ մի բան շատ ակնհայտ է դառնում․ խոսել նոր պատերազմի մասին՝ նշանակում է խոսել Հայաստանի վերջնական կործանման մասին»։

«Շատերիս համար մեկ է, թե ով կառաջարկի Հայաստանը ոտքի կանգնեցնելու ծրագիր։ Մենք պատրաստ ենք դրան մասնակցել,– ասաց Արթուր Աթանեսյանը։ Բայց ոչ ոք չի առաջարկում։ Եվ այստեղ է, որ ինձ համար ընդդիմությունը եւ իշխանությունը շատ նման քաղաքական մշակույթի ներկայացուցիչներ են դարձել։ Նրանք երկուսն էլ պասիվ ու միմյանց նայելու հայելային պատկերներ են ստեղծել»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31