Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մամիկ» գրքում իրական կյանքն է, գյուղն ու գյուղացին

Հոկտեմբեր 01,2022 17:31

Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում կայացավ արձակագիր, մանկավարժ Նաիրա Աբրահամյանի «Մամիկ» գրքի շնորհանդեսը։

«Էդիթ պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը հայտնեց, որ գիրքը լույս է տեսել «Արդի արձակ» մատենաշարով։

 

«Հիմա գրելու, ստեղծագործելու ժամանակ է, ազգը, հայրենիքը ապրեցնելու ժամանակն է։ Նաիրա Աբրահամյանի արձակում անկեղծություն կա, որն ինձ հիացնում է։ Նա ճշմարիտ բառերով գեղանկարում է գյուղը` ամեն մի դետալ իր տեղում։ Նա գեղեցիկ լեզու է բերել, կարևորն էլ այն է, որ պահպանել է անաղարտ մայրենին։ Նաիրայի ստեղծած հերոսներին հնարավոր չէ չհավատալ»,-նշեց գրող, հրապարակախոս, ՀՀ ԶՈՒ գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

Իսկ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը դիպուկ նկարագրություններով ներկայացրեց Նաիրայի արձակը․ «Նա պարզությունը ներկայացնում է խորիմաստությամբ, հայ մարդուն` իր հոգսերով, ապրումներով։ Նաիրայի արձակը նաև հայելի է, որն օգնում է հուզվել, կատարսիսի հասնել»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։

Նաիրա Աբրահամյանի արձակում քնարական մասն ակնառու է։ «Գրականությանը մոտեցա չափածո ստեղծագործություններով։ Բայց քիչ տևեց ու անցա արձակին»,-նշել է հեղինակը, հավելելով, որ կարճ պատմվածքներ գրելը դժվար է, որովհետև բառերը շատ քիչ են լինում, ասելիքը՝ անհամեմատ մեծ։

Գրքում տեղ են գտել նաև արևմտահայերենով պատմվածքներ։ Նաիրան ասում է, որ լեզվական շերտերին անդրադառնալը ևս կարևոր է։ «Այսօր արևմտահայերենից խույս է տալիս երիտասարդ սերունդը։ Բայց արևմտահայերենը շատ հետաքրքիր ու հնչեղ քնարական մաս ունի, որն անհնար է չնկատել»,-ասաց Նաիրա Աբրահամյանը։

Անդրադառնալով գրքի վերնագրին, Նաիրա Աբրահամյանն ասաց․ «Երբ փոքր էինք, մի բարեկամ ունեինք, որոնք իրենց տատիկին Մամիկ էին ասում։ Այդպես շատ տպավորվել է իմ մեջ։ Նաև Մամիկ ասելով հիշում ու կարոտում եմ հորս․ նրա անունը Մամիկոն էր, մտերիմներն էին Մամիկ ասում․․․»,-ասաց մեր զրուցակիցը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31