Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյան։ Վերջինս աշխարհի լավագույն թատրոնների մշտական հյուրն է. նա ելույթներ է ունենում «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոս Անջելեսի, Վիեննայի, Ֆրանկֆուրտի, Փարիզի օպերային թատրոններում, Քովենթ Գարդենում և բազմաթիվ այլ հայտնի բեմերում՝ լավագույն նվագախմբերի նվագակցությամբ։ Կալեյան հայաստանյան այցից առաջ տեսաուղերձում նշել է, որ մեծ ուրախությամբ է սպասում երևանյան իր առաջին բեմելին։
Նրա երգացանկում են մի քանի տասնյակ օպերաների գլխավոր արիաներ։ Երաժշտասերներին հիացրել են նրա Հերցոգը և Ալֆրեդը Վերդիի «Ռիգոլետտո» և «Տրավիատա» օպերաներից, Ռուդոլֆը Պուչչինիի «Բոհեմ» օպերայից և այլն։ Մեր երաժշտասերները մեծ երաժշտի արվեստի հետ հաղորդակցվելու հնարավորություն կունենան «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։
Նույն համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենա համաշխարհային մեծության ևս մեկ արտիստ՝ ամերիկացի ջութակահար Գիլ Շահամը։
Ի դեպ, 2021 թվականին Յոզեֆ Կալեյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Դուբայի օպերային թատրոնում կատարել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ա՛յ վարդ» ռոմանսը։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ