Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ահաբեկչական պետություն է», «Դադարեցրե՛ք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա»․ այսպիսի գրությամբ պաստառներ՝ Բեռլինում․ «Ազգ»

Հոկտեմբեր 01,2022 10:25

Երեկ առավոտյան գերմանական հեռուստատեսությունն «ավետեց», որ այլընտրանքային Նոբելյանի է արժանացել ուկրաինուհի մարդու իրավունքների պաշտպան Օլեկսանդրա Մատվիյչուկը՝ ի թիվս այլ մրցանակակիրների։ Եվ այսպես ամեն օր մեդիան կրկնապատկում է ուկրաինացիների հանդեպ գերմանացիների համակրանքը, հրեշ Ռուսաստանի դեմ պայքարում ստեղծելով ուկրաինացու՝ գերհերոսի կերպար։

Դեղին-կապույտ դրոշներն այլեւս Գերմանիայում ավելի շատ են, քան իրենց՝ արդեն պատմությամբ պարտադրված՝ փողոցներում սակավ երեւացող եռագույն՝ սեւ-կարմիր-ոսկեգույնը, եւ կարող է թվալ, թե… Գերմանիայի մաս է արդեն Ուկրաինան։ Տարածքային զավթման մասին չէ խոսքն անշուշտ, թեպետ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան ուկրաինական սեւահող է կրել տոննաներով՝ որպես ռազմավարի մի մաս, փռել իր հողերի վրա եւ առավել բարեբեր դարձրել իր դաշտն ու արտ։

Մեծ ու փոքր քաղաքներում այժմ առավել շատ կլսես ռուսերեն եւ ուկրաիներեն, բայց աչքառու որեւէ բանավոր կամ գրավոր «փոխհրաձգություն» չկա փողոցներում, գովազդի, որմազդի վրա չենք նկատել ռուսների եւ ուկրաինացիների՝ իրար ոչնչացնող քարոզչության օրինակներ։

Այն, ինչ տեսանելի եղավ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, Բեռլինում Ադրբեջանի դեսպանության պարիսպների վրա, աննախադեպ վայրագության անզուսպ բովանդակությամբ, վերստին փաստեց, թե Գերմանիան ադրբեջանաթուրքական քարոզչության որոգայթում է, իսկ հստակ կեցվածքից խույս տալը, կներեք՝ նորից վերհիշել է տալիս 20-րդ դարասկզբի իր քաղաքականությունը՝ Բաղդադ հասնող գնացքի արյունոտ ուղին այժմ պատրաստ է նույնիսկ ընդլայնել։

2022 թվականի օգոստոսի 19-ից Բեռլինում Ադրբեջանի դեսպան նշանակված Նասիմի Մահամմադալի օղլու Աղաեւը գերազանցեց իր նախորդներին։ Անշուշտ խոսքն այն մասին չէ, որ պատանի Նասիմին հրապուրված է եղել Հեյդար Ալիեւով, եւ նրա լուսանկարների ալբոմում ընդգծված ներկայացված է այդ հանգամանքը՝ հայացքը վկա, այլ Ալիեւ ընտանիքին այն հավատարմությունը, որով աչքի ընկավ սույն դիվանագետը։ Ի պատասխան Բեռլինում հայ համայնքի կազմակերպած բողոքի հանրահավաքների, սեպտեմբերի 16-ին արդեն դեսպանատան պարիսպների վրա կարելի էր տեսնել սպիտակ մեծ պաստառներ՝ սեւ եւ կարմրաներկ գրություններով։ Գերմաներենից թարգմանաբար ներկայացնենք՝

«Հայաստանն ահաբեկչական պետություն է», «Դադարեցրե՛ք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա», «Հայաստանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պետք է պատրաստվի», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Հայաստանը հիմա 77 ադրբեջանցի զինվորի է սպանել»։

Սեպտեմբերի 23-ին կառավարության ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի այն հարցին, թե դա արդյոք դիվանագիտական պրակտիկա՞ է, որ Բեռլինում ադրբեջանական դեսպանությունն իր պարսպից ատելության խոսք եւ կեղծիք է տարածում, արտգործնախարարության խոսնակ Զասսեն հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իր կարծիքով, հարցի հասցեատերն ինքը չէ ի պաշտոնե։ Հարցին պատասխանելուց հրաժարվեց նաեւ Ներքին գործերի նախարարության խոսնակը՝ ուղղորդելով, թե հարցը կարելի է ուղղել Բեռլինի քաղաքային իշխանություններին։ Իսկ բուն՝ Հայաստան- Ադրբեջան հակամարտության հարցի վերաբերյալ շտապեց նկատել տալ, որ կարեւոր է անել ամեն բան, որը կնպաստի հրադադարի երկարաժամկետ հաստատմանը։

ՀՀ արտգործնախարարությունը գրավոր դիմե՞լ է, պահանջե՞լ է խմբագրել այս առանցքային փաստը, մեզ հայտնի չէ։

Գերմանական մի շարք լրատվականներ սեպտեմբերի 29-ին հաղորդեցին, որ երեք հայ է զոհվել Հայաստան-Ադրբեջան սահմանին, նորից հրադադարը խախտվել է։ «Դոյչլանդֆունկը» զոհերի մասին փաստը ներկայացնում է՝ հղում անելով ՀՀ ՊՆ-ին, իսկ այնուհետ անխախտ պահում գերմանական «չեզոքության կրկներգը»՝ «երկու կողմն էլ միմյանց են մեղադրում հրադադարը խախտելու համար»։ Առցանց «Ցայթը» երեք զոհի մասին տեղեկությունը հաղորդելով, լրատվությանն է կցում Նիկոլ Փաշինյանի նույն օրվա թվիթերյան գրառումը, որի բովանդակությանը ծանոթ է հայ հանրությունը՝ վարչապետը իրազեկում է «Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության վրա հարձակման մասին», կոչ անելով «դուրս բերել ադրբեջանական զորքերը, տեղակայել միջազգային դիտորդական առաքելություն»։ Լրատվության մեջ բացակայում է որեւէ մեկնաբանություն, կցվում է կաղապարային բառակույտը Հայաստան-Ադրբեջան վաղեմի թշնամության մասին, կռվախախնձոր ԼՂ-ի վերաբերյալ նույն՝ «հայերով բնակեցված տարածքը միջազգային իրավունքի տեսակետից ադրբեջանապատկան» շեշտադրումներով, իսկ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա հարձակումը ներկայացնում այսպես՝ «սակայն վերջերս հակամարտությունը դուրս էր եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց»։ Ե՞վ… ո՞ւր է հասել։ Աբսուրդ չէ՞ սա։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Լուսանկարները` Բեռլինում Ադրբեջանի դեսպանության, ինչպես նաեւ հայազգի իրավաբան Իլիաս Ույարի թվիթերյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31