Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գումարտակներում ընդգրկված հայերն ու հույները զուրկ են եղել զենքից

Հոկտեմբեր 01,2022 13:00

Հայոց ցեղասպանության պատմությանը քաջատեղյակ մարդկանց լավ հայտնի են «Բանվորական գումարտակները» (Amele Taburlari), որոնք օգտագործվել են ինքնապաշտպանության կարող հայ եւ հույն տղամարդկանցից ազատվելու նպատակով։ Սակայն համեմատաբար քիչ հայտնի է, որ պատահել են դեպքեր, երբ հայ կամ հույն տղամարդիկ ըմբոստացել են իրենց համար նվաստացուցիչ այդ դրության դեմ։ Հարկ է հիշեցնել, որ այս գումարտակներում ընդգրկված հայերն ու հույները զուրկ են եղել զենքից, նորմալ հանդերձանքից եւ օրգանիզմի համար անհրաժեշտ չափով սննդից։

Այսպես, օրինակ, ինչպես 1961թ. իր հուշերում հայտնում էր պոնտոսցի հույն զինվորական Դիմիտրիս Ցիրկինիդիսը. «Մեզ զենք չտվեցին։ Մեր միակ զինվորական հանդերձանքը եւ որպես անկողին, եւ որպես ներքնակ օգտագործվող ու պատառ-պատառ եղած մեծ զինվորական վերարկուն էր։ Հոկտեմբեր ամսվա վերջն էր, եւ այդ շրջանում սկսել էր ձյուն տեղալ։ Մեր ամբողջ ուտելիքը կազմում էին օրական երկու անգամ տրվող մի կտոր հացն ու ապուրը։ Ամեն օր մեզնից մի քանիսը մահանում էին ուժասպառությունից կամ ծեծի ենթարկվելու պատճառով։ Բազմիցս մեր տրեխներից կերակուր ենք պատրաստել ու կերել։ Նոյեմբեր ամսին տիֆ տարածվեց…»։

Ինչպես նշված է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի կողմից առաջին անգամ ստորեւ հրապարակվող սույն օսմանյան փաստաթղթում, Զմյուռնիա (Իզմիր) նահանգի Ուրլա գավառում նման բանվորական գումարտակներից մեկում ընդգրկված հայ տղամարդիկ սպանել են իրենց թուրք կապիտանին եւ մի քանի մահմեդական զինվորների։ Հեռագրում ընդգծվում է, թե հարկ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ դեպքի կապակցությամբ։ Հեռագիրը Օմսանյան պետության Ընդհանուր անվտանգության տնօրինությունից հղվել է Էրզրումի (Կարին), Ադանայի, Անկարայի, Բիթլիսի (Բաղեշ), Հալեպի, Սվասի (Սեբաստիա) եւ այլ վիլայեթներ (նահանգներ), ինչպես նաեւ՝ Ուրֆայի (Եդեսիա), Իզմիթի (Նիկոմեդիա), Ջանիկի, Կայսերիի (Կեսարիա) եւ ուրիշ սանջակներ (շրջաններ):

Թեեւ փաստաթղթում որեւէ տեղեկություն չկա, թե իրականում որն է եղել այս դեպքի դրդապատճառը, սակայն դժվար չէ գուշակել, որ հայ տղամարդկանց ըմբոստությունն ամենայն հավանականությամբ կապված է եղել բանվորական գումարտակներում անմարդկային պայմանների եւ թուրք հրամանատարների ու զինվորականների կողմից իրականացված բռնարարքների հետ։ Այսինքն, մեր համոզմամբ, սույն փաստաթուղթը պետք է դիտարկել Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի ինքնապաշտպանության համատեքստում։ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շնորհակալություն է հայտնում այս փաստաթուղթը հիմնադրամին փոխանցած թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուին։

Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ, Akunq.net

«Առավոտ» օրաթերթ
30.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31