Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան երկրորդ պատերազմով աշխարհի վերջի սկիզբն ազդարարվեց»

Հոկտեմբեր 01,2022 12:00

Բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը՝ «Սպասում» գրքի, գրականության եւ անտարբերության մասին։

– Ձեր նոր գրքում ապրումների, կարոտի, ցավի խտացումն է։ Ինչո՞ւ եք վերնագրել «Սպասում» եւ արժանապատիվ հայն այսօր ինչի՞ է սպասում ամենաշատը։

– Գիրքը յուրաքանչյուրիս հոգու խորքում ծվարած՝ ազատ ու անկախ Արցախի միջազգային ճանաչման, ամբողջական, խաղաղ եւ հզոր հայրենիք ունենալու սպասումն է։ «Սպասում» փոքրիկ ժողովածուն անքուն գիշերների, նվվացող ցավի, փոթորկված ապրումների խտացումն է՝ կյանքը փոքր-ինչ տանելի դարձնելու, մեր եղբայրների ու հայրերի գործը շարունակելու, ապրելու եւ պայքարելու իմ ընտրած ճանապարհը։

Պատերազմի արդյունքում գերության մեջ հայտնված մեր եղբայրների ու հայրերի վերադարձի հույսն ու սպասումն է։ Ես սպասում եմ նրանց դարձին սպասող յուրաքանչյուրի հետ։ Դասընկերոջս՝ Տիգրան Մանասյանին (նա նաեւ ամուսնուս եղբայրն է), նրա նման անհայտության դատապարտված հարյուրավորներին եմ սպասում։ Դժվար ժամանակներ ենք ապրում։ Բառը, տողը թեթեւություն են բերում ծանրացած հոգուդ։

– Դուք գրեթե միշտ հանդես եք գալիս գրականագիտական հոդվածներով։ Այսօր արդեն բանաստեղծություններ ու հուշագրություններ եք գրում։ Ո՞րն է բանաստեղծության երակը, խնդրեմ, ձեր բնորոշումը։

– Բանաստեղծության երակն, իմ կարծիքով, հարազատ ժողովրդիդ ճակատագիրն է՝ վերելքներով ու վայրէջքներով, խաղաղ եւ անհանգիստ պահերի ամբողջությունը։ Բանաստեղծության երակը մեր վիրավոր Արցախն է, որից հեռու շնչահեղձ ենք լինում։

– Որպես պատերազմի միջով անցած, հիմա էլ լուռ պատերազմի մեջ, ամեն օր պատերազմի դառնությունը ճաշակող հայ, ի՞նչ ենք անում, ի՞նչ են ուզում մեզանից։

– Ամենաանհավանական իրավիճակներում կա փրկության ելք՝ համախմբվելով, միմյանց զորավիգ, թեւ ու թիկունք դառնալով, անանձնական երջանկությանը հետամուտ լինելով, դիմացինի ցավին ապրումակցելով։ Արցախյան երրորդ պատերազմով աշխարհի վերջի սկիզբն ազդարարվեց… Մեզ ուզում են վերջնականապես արմատախիլ անել, ջնջել, ոչնչացնել։ Աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ ենք ապրում… Մենք խարխափում ենք համընդհանուր խավարում։ Ստի ու ճշմարիտի, ազնվության եւ անազնվության սահմանագծերը որոնում ու չենք գտնում։ Թվում է՝ անղեկ նավով հայտնվել ենք անծայրածիր օվկիանոսում։ Չգիտենք՝ երբ եւ ինչ ուժգնությամբ կսկսի փոթորիկը։ Պատերազմից հետո անորոշությունից ծնվեց մեկ այլ արատավոր երեւույթ՝ անտարբերությունը։ Այս չարիքը պիտի մեր միջից արմատախիլ անենք աստվածային սիրով, սրտացավությամբ եւ պայքարելու վճռականությամբ։

– Ներքին հակասություններ լինո՞ւմ են։ Արդյո՞ք դա կարելի է հաղթահարել գրականությամբ։

– Ներքին հակասություններ, բնականաբար, լինում են։ Այդ հակասությունների հաշտեցմամբ ենք հասնում ցանկալի արդյունքի։ Գրականությունն այդ ներքին հակասությունների հաշտեցման խոսափողը պետք է լինի։

– Գրականությունն ու մարդը…

– Գրականությունն ու մարդը տիեզերական շղթայի անբաժան օղակներ են։ Մարդկային կյանքն իր բազմահազար շերտերով եւ հակասություններով գրականության զարկերակն է, գրականությունն իր հերթին անորոշության դատապարտված մարդկության համար փրկօղակի դեր է կատարում։ Ինչպես ասում էր Րաֆֆին` «Մի լավ գիրքը կարող է փրկել մի ամբողջ ազգ»։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31