Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր կորուսյալ հայրենիքի խոշտանգված հիշատակները շարունակելու են սպասել իրենց օրինական տերերին»

Հոկտեմբեր 01,2022 12:30

Հարցազրույց արձակագիր Արտակ Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, օրերս հրատարակվեց ձեր «Հոգու եւ կարոտի ճամփաներով» էսսեների ժողովածուն, որի առաջաբանում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը նշում է. «Ժողովածուն գրող-հրապարակագրի հուզաշխարհի անկեղծ բացահայտումն է։ Բազմաթիվ արձակ, չափածո եւ թարգմանական գրքերի հեղինակն այս անգամ մեկ ամբողջության մեջ ներկայացնում է գեղարվեստական հրապարակագրության հետաքրքիր ժանրին՝ էսսեին վերաբերող տարիների իր ստեղծագործությունները, որոնք յուրահատուկ հիշատակարան-օրագրեր են հետաքրքիր բովանդակությամբ»։ Երկար տարիներ գիտական գործունեությանը զուգահեռ դուք զբաղվում եք նաեւ գրական գործունեությամբ։ (Արտակ Վարդանյանը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող ու բանասիրական գիտությունների թեկնածու է)։ Ինչո՞վ է առանձնանում ձեր այս նոր աշխատանքը եւ ո՞րերորդ գիրքն է։

– 17-րդն է. երեքը գիտական, մյուսները՝ հիմնականում գեղարվեստական-հրապարակագրական։
Վաղուց ծրագրել էի առանձին գրքով ներկայացնել իմ չորս տասնամյակի ստեղծագործական գործունեության ընթացքում հայաստանյան եւ սփյուռքահայ մամուլում հրապարակված ու անտիպ էսսեների՝ խոհագրությունների, ուղեգրությունների, հուշագրությունների ընտրանին։ Այս ժանրի ստեղծագործությունները ինձ շատ հոգեհարազատ են, քանի որ կապված են իմ կյանքում անմոռաց հետք թողած իրադարձությունների, մարդկանց, ուղեւորությունների հետ։ Երազանքս կատարվեց. վերջապես ընթերցողի սեղանին է այն ժողովածուի տեսքով։

– Դուք ժամանակին նախագահում էիք «Նախիջեւան» հայրենակցական միությունը։ Ձեր որոշ աշխատություններում, այդ թվում՝ էսսեներում, ինչ թեմա էլ որ շոշափվում է, ընդգծվում են Գողթն-Նախիջեւանի բնապատկերների, պատմական վայրերի, հուշարձանների եւ մարդկանց մասին հիշողությունները։

– Ծնունդով Ազնաբերդից եմ եւ այո, ինձնից մշտապես անբաժան են հայրենի եզերքի հարազատ պատկերները, դրանց կորստյան ցավն ու կարոտը, անմոռաց հիշողությունները, որոնք հաճախ են ստիպում գրիչ վերցնել եւ թղթին հանձնել մտորումներս, նոր սերնդին փոխանցել հայրենիքի հանդեպ սիրո, արմատների հանդեպ հարգանքի ու պաշտամունքի զգացումները։

– Ժողովածուում տեղ են գտել մեկ տասնյակից ավելի էսսեներ։ Հասկանալի է՝ բոլորն էլ հոգեհարազատ են ձեզ, բայց ունե՞ք այն մեկը՝ ամենահոգեհարազատը։

– Անշուշտ, բոլորն են հոգեհարազատ, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի էսսեները գրել եմ տարբեր ժամանակահատվածներում, բայց, ինչպես ասացիք, եթե ինձ համար ամենահոգեհարազատն առանձնացնեմ, դա կլինի «Վիշապասարը»՝ Նախիջեւանի հայտնի լեռան մասին խոհագրությունը։

– Ի դեպ, գրքի շապիկին նույնպես Վիշապասարն է, ի՞նչ է այն խորհրդանշում։

– Վիշապասարը կամ Օձասարը, պատմական անուններով՝ Աժդանական, Բոլու եւ այլն, Նախիջեւանի խորհրդանիշն է ու նախիջեւանցիների կարոտի, հայրենաբաղձության լեռը։ Այս լեռան շուրջ ամենահեռավոր ժամանակներից ի վեր հյուսվել են բազում ավանդազրույցներ եւ առասպելներ, որոնք կրելով որոշ փոփոխություններ, փոխանցվել են սերնդեսերունդ ու հասել մինչեւ մեր օրեր։

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավեռնիեն այս զարմանահրաշ լեռը համեմատել է ֆրանսիական Տեներիֆի, իսկ կաթոլիկ հոգեւորական Ավգուստինոս Բաջենցը՝ իսպանական Մոնսերատի հետ, ոմանք անգամ Հին կտակարանի Սինա լեռանն են նմանեցնում։ Վիշապասարի արեւմտյան լանջին, ուր ժամանակին եղել է քրիստոնեական սրբավայր Կուսանաց մատուռը, 1989թ. օգոստոսի 11-ին Արարատյան թագավորության (Ուրարտուի) ժամանակների կոթող եւ սեպագիր արձանագրություն է հայտնաբերել ռուս երկրաբան Վալերի Իգումնովը։ Այդ ժամանակ արդեն իսպառ հայաթափվել էր Նախիջեւանը եւ սկիզբ էր առել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրագործվող հայոց մշակութային հուշարձանների ոչնչացման նոր՝ համատարած փուլը…

Վերեւում նշեցիք, որ «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահն եմ եղել։ Դա 1996-98 թվականներին էր։ Կուզեի, որ նոր հրատարակված գիրքս հատկապես նախիջեւանցիներին հույս ու հավատ ներշնչի, որ սերնդեսերունդ փոխանցեն հայրենի եզերքի հանդեպ սերն ու կարոտը եւ միշտ հիշեն ու հավատան, որ անկախ սահմաններից, պատմական անարդարություններից, իրենցն է այս մեծ աշխարհի այն փոքրիկ եզերքը, որ Աստծո կողմից իրենց է շնորհվել որպես ծննդավայր եւ հայրենիք։ Եվ որքան էլ ժամանակը հոսի, մեր կորուսյալ հայրենիքի խոշտանգված հիշատակներն ու շիրիմները շարունակելու են սպասել իրենց օրինական տերերին։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31