Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Ավեստա»ի ամբողջական հայերեն թարգմանությունը

Սեպտեմբեր 30,2022 23:50

Բանաստեղծ և իրանական գրականության ճանաչված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի ջանքերով և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ Հայաստանում լույս է տեսել իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ Զրադաշտականության, սուրբ գրքի հայերեն թարգմանությունը։ Հայաստանում մինչ այժմ հրատարակվել էր հատվածներ այս յուրահատուկ գրքից և սա առաջին ամբողջական թարգմանությունն է, որը կատարվել է պարսկերեն լեզվից։ Ավեստան ունի 2500 տարվա պատմություն, ստեղծվել է բանավոր կերպով, հետո գրի է առնվել զենդերենով (հին իրանական լեզու), ոչնչացվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ապա ավանդապատումների հիման վրա կազմվել է պահլավերենով։ Ավեստան պարսկերենի է թարգմանվել իրանցի նշանավոր իրանագետ-թարգմանիչներ՝ Ջալիլ Դուսթխահի (ծն․ 1933 թ․), Էբրահիմ Փուր Դավուդի (1885-1968 թ․) և Ջեմս Դարմսթեթեր (James Darmesteter, 1849-1894 թ․)ի միջոցով, որոնք և հիմք են ծառայել հայերեն այս թարգմանության համար։

Ավեստայի մասին ուսումնասիրություններ և մասնակի թարգմանություններ ունեն նաև հայ հեղինակներ՝ Արմանուշ Կոզմոյանը, Հովիկ Ներսիսյանը (1921-2009 թ․) և Ռուբեն Նիկողոսյանը, որոնց մասին երախտիքի խոսք է գրել Ավեստայի թարգմանիչը։ Հայերեն այս հատորի խմբագիրն է բանաստեղծ-թարգմանիչ և գրականագետ Նաիրա Համբարձումյանը, նկարիչն է Արմեն Խոջոյանը։ Գիրքը բաղկացած է 792 մեծադիր էջից՝ պինդ սուպեր կազմով և հրատարակչի հերթական որակյալ նվերն է հայ ընթերցողին։

Զրադաշտականության հետևորդները հիմա Իրանում փոքրամասնություն են․ նրանց իրավունքները երաշխավորված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ, ունեն սրբավայր, դպրոց և մեկ պատգամավոր Իրանի Իսլամական Խորհրդարանում։

 

Գրքի թարգմանիչն իր նախաբանում գրել է, որ պատանի տարիքից Իրանում ներշնչվել է Ավեստայի հիմնասյուներով, այն է՝ «Բարի միտք, Բարի խոսք, Բարի արարք»։ Ձեռք է բերել Ավեստան և հանքափորի նման սկսել է շերտ առ շերտ պեղել «հանքանյութը», խորամուխ է եղել ավեստայական անծանոթ բառերի ու նախադասությունների իմաստներում, իր առջև բացվել է հեքիաթային մի աշխարհ՝ աստված-աստվածուհիներ, կիսաաստվածներ, թագավորներ, իրական և առասպելական հերոսներ, անհավանական սխրագործություններ, դևեր, չարքեր, վհուկներ, չարի ու բարու անվերջանալի ճակատամարտեր, փառաբանություններ ու ներբողներ, զոհաբերություններ, օրենքներ ու պատիժներ, և տասնյակ ու հարյուրավոր մեկնելի ու անմեկնելի հարցեր ու առեղծվածներ։ Այդ ամենի բացահայտումը մեծ ոգևորություն է առաջացրել Էդուարդ Հախվերդյանի մոտ և նա որոշել է Ավեստայի հայերեն թարգմանությունը ներկայացնել հայ ընթերցողին «լիահույս լինելով, որ այն նաև մի հարթակ կդառնա հայ առասպելաբանների հետազոտությունների և ուսումնասիրությունների համար, հատկապես, երբ այն շատ առումներով առնչվում է տարածաշրջանի երկրների և հայ վաղնջական առասպելաբանությանը»։

Թարգմանությունը չափածո է և թարգմանիչն ակնարկելով Ավեստայի ոճին, այն կարծիքին է, որ «Այն հեռու է մեր իմացած իրանական պոեզիայի հմայքից և թարգմանության ժամանակ փորձ չի արվել այն բնագրից առավել գեղեցկացնել, քանզի առանց պոետական պաճուճանքների, Ավեստան ինքնին իր բովանդակությամբ, իր իրական և առասպելական հզոր դրվագներով, որպես կոթողային մի երկ, բոլոր առումներով չափազանց հմայիչ է և հարստացնում է համայն մարդկության մշակութային ժառանգությունը»։

Գիրքը բաղկացած է յոթ «տետր»-ից՝ Գահան, Յասնե, Յաշթեր, Վիսփերեդ, Խորդե Ավեստա և Վենդիդադ։ Ունի նախաբան, ներածական և օգտագործված աղբյուրների ցանկ։ Նախաբանը և ներածությունը հատվածներ է Ռուբեն Նիկողոսյանի «Պահլավական ուսումնասիրություններ» մենագրությունից (ԵՊՀ հրատ․, 2018 թ․): Գահանը Ավեստայի հնագույն մասն է, Զրադաշտի հնգական երգերը։ Յասնեն ունի 72 մաս՝ «հաթ»․ օրհնություն է՝ աղաչանք, գովաբանություն, երկրպագություն, պաշտամունք։ Յաշթ-հաշտերը զրադաշտական աստվածներին նվիրված հիմներ ու աղոթքներ են։ Վիսփերեդը աղոթքներ և ժամերգության ու կրոնական տաղեր են։ Խորդե՝ Կրտսեր Ավեստան, յաշթի և յասնեի հավաքածո է։ Վենդիդադը քաղաքական պատվիրանների հավաքածու է, աշխարհիկ արդարադատություն և կանոններ են։

Հատված Վենդիդադի երկրորդ մասից, որը Նոյան տապանի մեկ ուրիշ տարբերակն է․

«Եվ ուրեմն դու՝ ով Ջամ, կառուցիր այն «Վեր»-ը,

չորս կտրվածքից, յուրաքանչյուրը մեկ ձիարշավարանի երկարությամբ

և տար այնտեղ հոտերը ու նախիրները, մարդկանց և շները,

և թռչունների սերմերը, և այրող կարմիր կրակը։

Եվ ուրեմն կառուցիր այն «Վեր»-ը,

չորս կտրվածքից, յուրաքանչյուրը մեկ ձիարշավարանի երկարությամբ,

մարդկանց բնակվելու համար,

չորս կտրվածքից յուրաքանչյուրը մեկ ձիարշավարանի երկարությամբ՝

ախոռ կովերի և ոչխարների համար։

․․․Եվ այնտեղ ջուրը պիտի հոսի

մեկ «Հասեր»-ի երկարությամբ ջրատարներում։

․․․Եվ այնտեղ հավքերի համար պետք է մշտապես կանաչ մարգագետին լինի՝

մշտապես ուտելի և անսպառ։

․․․Եվ այնտեղ տները պետք է բարձրահարկ լինեն,

և ամեն հարկը պետք է ունենա զովասուն վերնատուն։

․․․Եվ այնտեղ տար այս հողագնդի լավագույն և մեծագույն,

և ամենաբարի սերմերը՝ իգական ու արական սերմերը։

․․․Եվ այնտեղ տար այս հողագնդի լավագույն և մեծագույն,

և ամենաբարի սերմերը՝ զանազան չորքոտանիների։

․․․Եվ այնտեղ տար այս հողագնդի բուսականության

բոլոր ամենաբարձր և ամենահոտավետ սերմերը։

․․․Եվ այնտեղ տար այս հողագնդի ամենաուտելի

և ամենաբուրավետ բոլոր ուտեստների սերմերը։

․․․ Եվ նրանց համար չոչնչացող զույգեր դարձրու,

մարդկանց համար, որ մնալու են այդ գետնախորշ քարանձավում։

Չլինի հանկարծ, որ այնտեղ ելք գտնի՝ մեջքով սապատավորը,

կրծքով սապատավորը, թուլամորթը, տկարամիտը,

հանցագործը, խաբեբան, խեղանդամը, նախանձը, անատամը,

բորոտավորը, որ պետք է մյուսներից առանձնացած լինի,

և ոչ էլ Ահրիմանից որևէ նշան ունեցողը»։

Իսկ Յաշթեր տետրում Անահիտ դիցուհու մասին կարդում ենք․

«Էրդվիսուրա Անահիթան մշտապես երիտասարդ,

հմայիչ աղջկա իրանով, բարեբեր, վեհաշուք,

գոտեպինդ, սլացիկ, ազատական, ազնվացեղ և վեհանձն,

հայտնվում է՝ բազմածալ, թանկագին ոսկյա հագուստով։

Իրապես վեհանձն Էրդվիսուրա Անահիթան

հենց այն կերպ ինչպես իր ձևն է՝ բերեսեմը ձեռքին,

ականջներից կախած քառանկյուն ոսկյա ականջօղեր,

իսկ նազելի պարանոցին վզնոց կախած՝ երևում է։

Նա գոտի է կապել, որպեսզի ստինքները

առավել գեղեցիկ ցուցադրի և լինի առավել սրտառուչ։

Էրդվիսուրա Անահիթայի գլխավերևում

հարյուր աստղերով զարդարված թագ է դրված։

Ութանկյուն ոսկյա թագը որպես անիվ

զարդարված է ժապավեններով։

Շքեղ պատրաստված մի թագ, որից մի կոր է ստեղծվել»։

Անվանի բանաստեղծ-թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը 2004-2006 թվականներին թարգմանել է նաև Իսլամ կրոնի «Սուրբ Ղուրանը», որը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը։ Նա գրական ասպարեզ է մտել 1992 թվականին իր «4-ը ապրիլի» բանաստեղծությունների ժողովածուով և իրանցի հռչակավոր գրող Սադեղ Հեդայաթի «Քոռ բու» վիպակի հայերեն թարգմանությամբ։ Եվս վեց բանաստեղծական գրքույկների հեղինակ է և իրանական պոեզիայի ճանաչված դեմքերից ավելի քան քսանի գործերի թարգմանիչ։ Հայ ընթերցողը Էդուարդի միջոցով 16 առանձին գրքույկով ծանոթացել է Իրանի արդի պոեզիայի կին նշանավոր ներկայացուցիչ՝ եղերաբախտ բանաստեղծուհի Ֆորուղ ֆարրոխզադի գործերին, Իրանի պոեզիայի գագաթներից՝ Ահմադ Շամլուի և Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններին, Մոլավիի, Ռաշիդիի, Ամինփուրի, Լանգյարուդիի և Գյարմարուիի բանաստեղծություններին և հայ պարսկագիր գրող-բանաստեղծ Վահե Արմենի որոշ գործերին։

Էդուարդ Հախվերդյանը Հայաստանում ու Իրանում արժանացել է մի շարք մրցանակների, ՀԳՄ Կանթեղ մրցանակի «Տարվա լավագույն թարգմանիչ» անվանակարգի դափնեկիր է, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Գրողների Միության՝ ոսկե մեդալակիր։

 

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ոչ թե”Հատված Վենդիդադի երկրորդ մասից, որը Նոյան տապանի մեկ ուրիշ տարբերակն է” Այլ Նոյան տապանի պատմությունը փոխառնված է հետևյալ աղբյուրից։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930